Գյունտեր Գրասը իր բանաստեղծությունների նոր ժողովածուում քննադատում է Իսրայելի իշխանություններին

Գերմանացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1999) Գյունտեր Գրասը իր բանաստեղծությունների նոր՝ «Իրադարձություններ, որոնց մասին շուտ են մոռանում» ժողովածուում շարունակում է քննադատել Իսրայելի իշխանություններին, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իր բանաստեղծություններում Գրասը որպես հերոս ընտրել է «ատոմային լրտես» Մորդեխայա Վանունուն: Բանաստեղծը Վանունուն, որը հայտնի է դարձել ամբողջ աշխարհին Իսրայելի միջուկային ծրագրի մասին տեղեկությունը բացահայտելու համար, ինչից հետո դատապարտվել է 18 տարի ազատազրկման «դավաճանության և լրտեսության» մեղադրանքով, անվանում է «մեր օրերի հերոս» և «հիացմունքի առարկա»: Գրասը բանաստեղծությունների նոր հրատարակության մեջ «ատոմային տերություն Իսրայել» բառակապակցությունը փոխարինում է «Իսրայել ատոմային տերության ներկա կառավարություն» արտահայտությամբ: Բանաստեղծը կոչ է անում բացահայտել պետության ռազմական գաղտնիքները, որոնք մասսայական ոչնչացման զենք են արտադրում:

Ժողովածուում ընդգրկված է նաև այն բանաստեղծությունը, որը կես տարի առաջ Իսրայելում մեծ զայրույթ էր առաջացրել, ինչի արդյունքում Գրասը Իսրայելում ճանաչվել է պերսոնա նոն գրատա: Այսպես՝ բանաստեղծության մեջ Գրասը քննադատում է Իսրայելի քաղաքականությունը Իրանի նկատմամբ, Իսրայելին վտանգավոր համարում ամբողջ աշխարհի համար: Բանաստեղծությունը մեծ սկանդալ բարձրացրեց. ոչ միայն Գերմանիայի, այլև ողջ աշխարհի հասարակությունը զարմացած էր բանաստեղծության հակաիսրայելական տողերից: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս առիթով հայտարարել է. «Իսրայելի համեմատությունը Իրանի հետ, որը հերքում է Հոլոքոստը և սպառնում է ոչնչացնել հրեական պետությունը, շատ քիչ բան է խոսում Իսրայելի մասին, բայց շատ բան ասում է հենց գրողի մասին»:

Գյունտեր Գրասի «Իրադարձություններ, որոնց մասին շուտ են մոռանում» ժողովածուն խանութներում կհայտնվի այս հանգստյան օրերին:

Մեկնաբանել