Էրդողանը չի ասել, թե Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի գործողությունների մասին

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Հայաստանյան լրատվամիջոցները, հղում անելով TRT русский տելեգրամյան ալիքին, սեպտեմբերի 21-ին գրել են, թե իբր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողության մասին»։

«Նա ասել է, թե հայկական կողմը բազմիցս անտեսել է նախազգուշացումները»,- գրել են լրատվամիջոցները։

Այս հայտարարությունը տարածել են aysor.am, tert.am, panorama.am, armlur.am և այլ լրատվամիջոցներ։

Էրդողանը, որ ներկայում գտնվում է Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին։ Սակայն լրատվամիջոցներում տարածված միտքը Էրդողանը չի ասել։

Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ վերջին գործողությունները կապ չունեն Փաշինյանի և Հայաստանի հետ։

«Այս վերջին իրադարձությունը (Ադրբեջանի գործողությունները Ղարաբաղում) կապված չէ Փաշինյանի հետ։ Այն նաև հայկական պետության հետ կապ չունի, այն առնչվում է Ղարաբաղում հայկական ստորաբաժանումներին»,- ասել է Էրդողանը։

Այնուհետև Էրդողանը շարունակել է. «Նախագահական ընտրություններ անցկացնելու նրանց փորձը էապես անհանգստացրել է և՛ Փաշինյանին, և՛ Ադրբեջանին։ Ադրբեջանն այս իրադարձությունը դիտեց որպես շարունակական գործընթաց հրահրելու փորձ։ Բացի այդ, մեր [ադրբեջանցի] եղբայրներին և քույրերին նահատակելու փորձը իրավիճակը հասցրեց բոլորովին այլ մակարդակի»։

«Զգուշացումներ հնչեցվել էին, բայց չնայած դրանց՝նրանք չուղղեցին իրենց քայլերը»,- ասել է Էրդողանը՝ հավելելով. «Ընդհակառակը, նրանք շարունակեցին գործընթացը։ Արդյունքում Ադրբեջանը գործի է անցել»:

Թուրքական որևէ լրատվամիջոցում, այդ թվում TRT-ի այլ լեզուներով նույն հարցազրույցի մասին հրապարակումներում (TRT Africa) Էրդողանի նման հայտարարության մասին որևէ հիշատակում չկա։

Ավելին՝ թուրքական Anadolu գործակալությունը, որի թղթակիցները ներկա են գտնվել Նյու Յորքում Էրդողանի հետ հանդիպմանը, ևս չի գրել Էրդողանի նման հայտարարություն մասին։

Այսպիսով, Էրդողանը չի հայտարարել, թե Փաշինյանը տեղեկացված է եղել Ադրբեջանի գործողությունների մասին։