Մեծ սաղավարտի եզրափակիչ մրցաշարի առաջին փուլն ավարտված է. Արոնյանը 2-րդն է

Սան Պաուլոյում ավարտվեց «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի առաջին փուլը: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը 5 տուրից հետո վաստակած 7 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Հիշացնենք, որ առաջին տուրում Լևոնը պարտության մատնեց ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին, իսկ հաջորդ 4 պարտիաներում ոչ-ոքի խաղաց Վիշվանաթհան Անանդի (Հնդկաստան), Ֆրանսիսկո Վալեխո Պոնսի (Իսպանիա), Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) և Ֆաբիանո Կարուանայի (Իտալիա) հետ:

Վերջինս 11 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կարլսենը 6 միավորով 3-րդն է, իսկ աշխարհի գործող չեմպիոն Վիշավանաթհան Անանդը 5 միավորով 4-րդն է: Կարյակինն ու Վալեխոն 3-ական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը:

Լևոն Արոնյանն այս մրցաշարը սկսեց 2820.8 վարկանիշային միավորով և առաջին փուլի ավարտին ունի 2823.2 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը 5.2 միավոր է կորցրել ու այժմ իր ակտիվում ունի 2837.8 միավոր: Ամենամեծ առաջընթացն ունեցել է Ֆաբիանո Կարուանան, ով մրցաշարը սկսեց 2769.8 միավորով և հիմա ունի 2785.7 միավոր:

Եզրափակիչ մրցաշարի 2-րդ փուլը կմեկնարկի հոկտեմբերի 8-ին իսպանական Բիլբաո քաղաքում: Ստորև կարող եք ծանոթանալ մրցաշարային աղյուսակին:

Տ Անուն Երկիր Վրկ. մ. Մ.
1 Ֆաբիանո Կարուանա ItalyԻտալիա 2785.7 11
2 Լևոն Արոնյան ArmeniaՀայաստան 2823.2 7
3 Մագնուս Կարլսեն NorwayՆորվեգիա 2837.8 6
4 Վիշվանաթհան Անանդ IndiaՀնդկաստան 2780.2 5
5 Սերգեյ Կարյակին RussiaՌուսաստան 2770.2 3
6 Ֆրանսիսկո Վալեխո Պոնս SpainԻսպանիա 2699.8 3

Մարզական գործընկեր SportArmenia.com