Ո՞ր ուժերն են դիմել վերահաշվարկի համար

Անի Ղումաշյան, #CivilNetCheck

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի պնդումը, թե «Քաղաքացիական պայմանագիրը» ուզում է վերահաշվարկների միջոցով մանդատ խլել, ճիշտ չէ, ԸԸՀ մեկ դիմում է ներկայացվել «Ազգային առաջընթաց կուսակցության» կողմից

Երևանի ավագանու ընտրություններից լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկի դիմում է ներկայացրել։

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերի 18-ին ուղիղ եթերում հայտարարեց, թե ՔՊ-ն ուզում է վերահաշվարկ անել ու «1 մանդատը խլել ժողովրդից»:

«Իմ տեղեկություններով՝ ՔՊ-ն բոլոր տեղամասային ընտրատարածքներում վերահաշվարկ է իրականացնելու և 100-200 ձայնի համար, որով պարտվել են, ուզում են վերահաշվարկի միջոցով կեղծել և վերանայել ընտրության արդյունքները»,- հայտարարել էր Թևանյանը։

Նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել այլ անձինք ևս։

Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագրից» հակադարձեցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ վերահաշվարկի դիմում չի ներկայացրել։

Ո՞ր ուժերն են դիմել վերահաշվարկի համար

#CivilNetCheck-ին ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը հայտնեց, որ ընթացակարգի համաձայն՝ վերահաշվարկ իրականացնելու համար կուսակցությունները կարող էին դիմումներ ներկայացնել մինչև սեպտեմբերի 19-ը՝ ժամը11։00-ը։

Այդ ընթացքում վերահաշվարկի մեկ դիմում ներկայացվել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունից՝ 8/1 ընտրատեղամասում արդյունքները վերահաշվարկելու պահանջով։

«Մայր Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչը ևս դիմել է թիվ 10/26 տեղամասի արդյունքները վերահաշվարկելու պահանջով։

«Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (ԸԸՀ), սակայն, չի մուտքագրել դիմումը, քանի որ այն նախատեսված ժամկետից ուշ է ներկայացվել։ Այնուամենայնիվ, ԸԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ 10/26 իրականացնելու է վերահաշվարկ»- ասաց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարը։

Վերահաշվարկը սահմանված է օրենքով

Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1.1 կետը սահմանում է, որ քվեարկությունից հետո երկրորդ օրը՝ ժամը 11:00-ին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով իրականացված վիճակահանությամբ պատահականության սկզբունքով ընտրում է իրենց սպասարկման տարածքում գտնվող երեք ընտրական տեղամաս, որտեղ գրանցված քվեարկության արդյունքները պետք է վերահաշվարկվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողﬕց։

ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վիճակահանությամբ ընտրել են երեքական տեղամասեր, որոնցում վերահաշվարկ պետք է իրականացնեն։

Բացի այդ, ԸՕ 50-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները սեփական նախաձեռնությամբ կարող են վերահաշվարկել այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց արձանագրությունների ուսումնասիրմամբ (այդ թվում՝ անճշտությունների ուսումնասիրմամբ) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ծագել են արդյունքների սխալ ամփոփման վերաբերյալ կասկածներ։

«Ըստ այդմ, սեփական նախաձեռնությամբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վերահաշվարկներ կիրականացնեն՝

թիվ 1 ընտրատարածքում՝ 1,

թիվ 2 ընտրատարածքում՝ 3,

թիվ 3 ընտրատարածքում՝ 3,

թիվ 4 ընտրատարածքում՝ 8,

թիվ 6 ընտրատարածքում՝ 2,

թիվ 7 ընտրատարածքում՝ 3,

թիվ 8 ընտրատարածքում՝ 10,

թիվ 9 ընտրատարածքում՝ 3

թիվ 10 ընտրատարածքում՝ 6 տեղամասերում