Կարմիր Շուկա․ քույրս դպրոցից տուն էր գալիս, երբ հրետակոծությունը սկսվեց

Սիրանուշ Ադամյան, Կարմիր Շուկա

Սպետեմբերի 19-ին առավոտյան գյուղ էի եկել` Կարմիր Շուկա` երկար դադարից հետո մերոնց տեսնելու: Եթե առաջ ամեն շաբաթ էի գալիս, երբ տրանսպորտ կար, հիմա միայն պիտի բախտդ բերի, որ գնացող մեքենա լինի՝ միանաս։

Ժամը 1-ից ուժեղ պայթյուների ձայներ լսեցինք։ Արագ իջանք նկուղ: Հրետանու ձայներ էին։ Հենց ընդհատվում էին այդ ձայները, սկսվում էր կրակահերթ: Մեր գյուղի դիրքն էին ուզում վերցնել՝ «Շեխերի պոստ» են ասում:

Քույրս դպրոցից տուն էր գալիս, երբ սկսվեց։ Մի պատի տակ կանգնում է, հետո վազում տուն: Ասում է՝ երեխաները բոլորը նոր էին տուն գնում, մարդիկ վախեցած տարբեր կողմեր էին վազում:

Հարձակումից մի քիչ հետո էլեկտրաէներգիան ու կապը կտրվեց գյուղում: Մեկ-մեկ դուրս էի գալիս նկուղից, որ գոնե մի քանի կադր ֆիքսեմ ու պայթյունների ձայները ձայնագրեմ: Մեր տնից բոլոր դիրքերը երևում են։ Անզեն աչքով տեսնում ես՝ ինչ է կատարվում, ուր են խփում, ինչով են խփում: Գյուղի դիրքին շատ էին խփում: Գրեթե բոլորը գյուղի ապաստարանում էին, մենք՝ տան նկուղում:

Ժամը 5-ից հետո մի քիչ հանգստացավ վիճակը։ Ես ու քույրս մի րոպեով դուրս եկանք նկուղից։ Փորձում էինք հարմարություն ստեղծել, որ գիշերը մնանք այնտեղ։ Հազիվ էինք դուրս եկել նկուղից, Գրադով խփեցին։ Մոտի ձորն ընկավ հրթիռը։ Քարացել էի։ Մաման դեպի մեզ եկավ, որ ծածկի մեզ։ Տանիքին ասկոլկաներ էին ընկել։ Արագ նկուղ իջանք։ Մի քանի անգամ էլ իրար հետևից Գրադի արկեր թափվեցին գյուղի վրա: Մինչև գիշերվա 3-ը անդադար խփում էին պոստերին։ Երեքից հետո հանգիստ էր։ Մեկ-մեկ կրակում էին, բայց ծանր հրետանու ձայներ չկային:

Ողջ գիշեր չեմ քնել։ Առավոտյան 7-ի կողմերը նորից սկսեցին խփել: Գյուղապետին ռացիայով տեղյակ պահեցին, որ տարհանեն բնակիչներին: Այդ պահին արագ մի քանի բան վերցրինք, մի մեքենայով մեր թաղի բնակիչներով շարժվեցինք Խերխան, որտեղ համեմատաբար ապահով էր: Մարդիկ լացելով դուրս էին գալիս։ Ահավոր տեսարան էր:

Ռուս խաղաղապահների անցակետի մոտ մեքենաների երկար հերթ էր։ Ռուսներն ասացին` սպասեք, կուղեկցենք։ Չսպասեցինք, առաջ գնացինք, որովհետև իրար հետևից կանգնած այդքան մեքենա ապահով չէր: Մեր գնալուց հետո ռուսների անցակետի տարածքին խփեցին։ Որոշ մեքենաների բեկորներ կպան: Գյուղին շատ էին խփում նաև մարդկանց դուրս գալու պահին։ Մեր գնալուց հետո էլ չեն դադարել հարվածները։

Գնացինք ուրիշ գյուղ։ Էլի մարդիկ կային մեր գյուղից։ Այնտեղ էլ էին ձայները լսվում։ Տանիքի վրայով հրթիռներ էին անցնում։ Բայց ասում էին՝ ապահով տեղ է, այստեղ բան չի ընկնի հաստատ:

5-ից հետո լուր հասավ մեզ, որ հրադադար է, ու մեր գյուղի դիրքն էլ չեն կարողացել վերցնել։ Տղերքը հերոսաբար կռվել են գյուղի համար։ Այնքան են խփել այդ դիրքին, բայց զոհ-վիրավոր չի եղել, գյուղ էլ չեն մտել ադրբեջանցիները: Մեր թաղից չորս ընտանիք, այդ թվում՝ մենք, վերադարձանք գյուղ։ Այդ օրը մնացինք գյուղում: Հետո իմացանք, որ մեր թաղի ընտանիքներից բացի ուրիշ ընտանիք չկա գյուղում։ Տղամարդիկ կային, ջահել տղաներ, բայց ոչ մի կին ու երեխա չկար:

Սեպտեմբերի 21-ին մեզ ասացին, որ մենք էլ դուրս գանք, ապահով չէ։ Ադրբեջանցիներն անտառներով կարող էին գյուղ մտնել կամ էլի փորձեին դիրքը վերցնել։ Որոշ իրեր վերցրինք, երեկոյան 9-ից հետո թաղի ընտանիքներով կազմակերպված դուրս եկանք գյուղից, բայց գյուղում դեռ կան ջահել տղաներ, տղամարդիկ:

Եկել ենք Մարտունու շրջանի ուրիշ գյուղ՝ բարեկամի մոտ։ Իրենց տանն ենք դեռ, մինչև հասկանանք՝ ինչ կլինի։ Դեպի Ստեփանակերտ ճանապարհ չկա։ Սարուշենով ճանապահրը փակ է, Ննգիի ճանապարհը փակ է։ Մարդիկ կային, որ փորձել են Ննգիով Ստեփանակերտ հասնել, չեն թողել: Չգիտենք՝ ինչ կլինի մեր շրջանի մարդկանց հետ, սպասողական վիճակ է:

Այդ երկու օրն իսկական մղձավանջ էր։ Դրան գումարվել էր այն, որ կապ չկար, շատ ուշ էր մեզ լուր հասնում, ավելի էինք լարվում: Հրադադարի մասին լուրը մեզ հասավ ժամը 5-ից հետո՝ չնայած դեռ 1-ից էր հրադադարը: Գյուղում թաղից թաղ իրար գոռոգոռալով կանչում էին տղամարդիկ, իրենց իմացածը մի ձև հայտնում: Հիմա՝ որտեղ ժամանակավոր ապաստանել ենք, երբեմն կապ լինում է, գոնե, իմանում ենք ինչ է կատարվում:

Մեր գյուղին շատ են խփել, բայց, փառք Աստծո, խաղաղ բնակիչ չի զոհվել։