Խաղաղապահների հետ աշխատանքներ են տարվում հավաքելու մարտադաշտում մնացած մարմինները․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի ղեկավարության և միջազգային այլ գործընկերների հետ։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Contact.az կայքը, Հաջիևն ասել է, որ Ադրբեջանն աջակցում է ԿԽՄԿ Ժնևի գրասենյակից Ղարաբաղում առաքելության անձնակազմի մեծացմանը: «Մենք նաև աջակցում ենք Բաքվի գրասենյակից Խանքենդիի [Ստեփանակերտ – խմբ․] մասնաճյուղ լրացուցիչ անձնակազմ ուղարկելուն»,- ասել է նա։
Հաջիևն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է բուժօգնություն ցուցաբերել վիրավոր հայ զինվորներին և աջակցել նրանց տարհանմանը։
ԿԽՄԿ-ի հետ հանդիպմանը ադրբեջանական կողմը հայտարարել է, որ ստեղծված են և կստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները ԿԽՄԿ-ի միջոցով Լաչինի և Աղդամի ճանապարհներով Ղարաբաղ դեղերի, սննդի և այլ ապրանքների առաքման համար։
«Ադրբեջանական կողմը պատրաստ է բժշկական օգնություն ցուցաբերել վիրավոր հայ զինվորականներին կամ օգնել նրանց ԿԽՄԿ-ի միջոցով։ Ըստ պահանջի՝ ԿԽՄԿ բժշկական մեքենաների շարժը պահպանվում է վիրավոր զինվորականներին հավաքելու համար։ Այդ նպատակով մենք պատրաստ ենք նաև շտապ բժշկական մեքենաներ տրամադրել և բուժօգնություն ցուցաբերել»,- ասել է նա։