Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, Եվլախում Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումից հետո, երբ Ստեփանակերտում տասնյակ հազարավոր մարդիկ դրսում վառարանների վրա սնունդ էին պատրաստում, Մարտակերտը, Մարտունին ու բազմաթիվ գյուղեր կտրված էին Ստեփանակերտից կամ գտնվում էին անլուր շրջափակման մեջ, երբ դեռ մի քանի ժամ առաջ Ստեփանակերտի թաղամասերում լսվում էին կրակոցներ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ ուղերձում հայտարարեց․
«Հիմա՝ այս պահին, մեր գնահատականն այն է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա»։
Հաջորդ առավոտյան, անգամ քննադատության մեծ տարափից հետո, կառավարության նիստում նա երկրորդեց․ «որ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի բնակիչները՝ մեր հայրենակիցները, կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ»։ Հումանիտար իրավիճակը այդ պահին ևս ոչնչով չէր լավացել։ Այս տողերը գրելու պահին իրավիճակն Արցախում աղետալի է։
Այս ընթացքում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրեց Հայաստանի պահանջները միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժերի տեղակայում, զինծառայողների հեռացում բնակավայրերից, գազի ու հոսանքի մատակարարում, Ադրբեջանի դատապարտում և այլն։
Թեև բոլորն անկասկած կարևոր ու անհրաժեշտ պահանջներ են, դրանք չեն ենթադրում իրավունքների ապահովում, ինչի համար որևէ, գոնե մշակութային ինքնավարության անհրաժեշտություն կա, որպեսզի Արցախի բնակիչները՝ Արցախում մնալու դեպքում, չհամարվեն Ադրբեջանի սովորական քաղաքացիներ, ինչպես պնդում է Ադրբեջանը։ Միգուցե որոշ իրավունքներ ապահովվեն ՄԱԿ-ի խաղապահ ուժերի տեղակայմամբ։ Սակայն դրան, կարծես, դեռ շատ կա, եթե ընդհանրապես հնարավոր է դա։
Եթե Հայաստանը գնում է այս ճանապարհով՝ արցախցիները չեն տեղահանվում, բայց և չունեն որևէ ինքնավարություն, ապա առաջ են գալիս մի շարք կենսական ու կենցաղային հարցեր, որոնց պատասխանելու դեպքում է միայն հնարավոր երկարաժամկետ կտրվածքով հաստատել կամ հերքել այն պնդումը, թե «մեր հայրենակիցները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ»։
Այդ հարցերը (ստորև) պետք է ուղղել իշխող քաղաքական թիմին, իսկ եթե պատասխանեն, թե դա Ստեփանակերտ-Բաքու երկխոսության թեմա է, ապա լրագրողները կարող են հետևյալ հարցերն ուղղել․
ա) Եթե դրանց պատասխանները հստակեցվելու են այդ երկխոսության արդյունքում միայն, ինչո՞ւ եք հիմա անհայտ ապագայի մասին վստահություն տալիս մարդկանց (երևի՝ «ապագա կա՛ ապագա»)։
բ) Ինչո՞ւ պետք է արտաքին ու միջազգային դերակատարները պատժելու Ադրբեջանին կամ ճնշելու Բաքվի նոր անելիքները, եթե կուսակցապետը կարծում է, որ սպառնալիք չկա։
գ) Հայաստանը լոբբինգից բացի պոզիտիվ այլ պարտավորություն ունի՞ ՀՀ անձնագիր ունեցող քաղաքացիների առաջ։
Ահա նաև հարցերի այն ոչ սպառիչ շարքը, որոնց պատասխանը պահանջվում է իշխող ուժից՝ արցախցիների անվտանգությունը Ադրբեջանի վերահսկողության տակ պատկերացնելու շրջանակում․
– Ադրբեջանի անձնագիր ստացած տղամարդիկ ծառայելո՞ւ են արդյոք այդ երկրի բանակում (ու միջանցքի համար կռվելու ՀՀ-ի դեմ)։
– Հայերը կարողանալո՞ւ են արդյոք ընտրել սեփական տեղական ներկայացուցիչներ:
– Արցախցիները կարողանալո՞ւ են արդյոք գնալ պատմական ու կրոնական նշանակության վայրեր ու մատուցել հայկական պատարագ:
– Ազատ ու անպատիժ սովորելո՞ւ և խոսելո՞ւ են հայերեն:
– Իրավունք ունենալո՞ւ են օգտվել հայկական մեդիայից:
-Կարողանալու ե՞ն պահպանել իրենց ՀՀ քաղաքացիությունը:
-Ադրբեջանցի ոստիկանները, քննիչներն ու դատավորներն արդա՞ր են վարվելու նրանց հետ:
-Արցախցիները կարողանալո՞ւ են վերադառնալ Հադրութ, Թալիշ ու ԼՂԻՄ-ի այլ վայրերում իրենց տներ:
-Նրանք կարողանա՞ն առանց հետապնդման կիրառել իրենց բնակավայրերի հայկական տեղանունները:
-Հայերն ունենալու ե՞ն հողային սեփականության իրավունք:
-Արցախցիները կկարողանա՞ն ստանալ ֆինանսական օգնություն Հայաստանից կամ Սփյուռքից:
-Կթույլատրվի՞ արդյոք հարազատների այցելությունը Արցախ:
-Հայերին կթույլատրվի՞ արդյոք հիշատակել Ցեղասպանության տարելիցը:
Հարցերի պատասխաններն ակնհայտ են։ Անգամ Ադրբեջանի քաղաքացիները չունեն իրենց մասով այս հարցերից բխող իրավունքերը, իսկ մշակութայինների մասին խոսել 30 տարի համակարգային հայատյացություն տարածող պետության մեջ, որտեղ զինվորները պաշտոնի բարձրացում են ստանում հային գլխատելով, անիմաստ է։
Ու վերջին հարցը․
-Արցախի հայերն ունե՞ն արժանապատիվ տարհանման իրավունք։
Նարեկ Սուքիասյան, ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս