Արցախցիների առաջին խումբը հասավ Կոռնիձոր

Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանեց Սյունիք, հայտնում է տեղում աշխատող՝ ՍիվիլՆեթի լրագրող Արմինե Սիմոնյանը։ Մոտ 40 հոգանոց խումբը հաշվառում է անցնում հումանիտար կայանում։ Իրականացվում է կարիքի գնահատում։ Նրանք պատմում են, որ անցակետով են անցել, ստուգում չի իրականացվել։

Սիվիլնեթի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ մոտ 250 հոգանոց աշխատանքային խումբ է ձևավորվել, որում ընդգրկված են նաև կամավորներ:

Մարզի ղեկավարը, անդրադառնալով ՍիվիլՆեթի հարցին, թե ինչ պատրաստվածություն ունի մարզը, եթե անհրաժեշտ լինի մեծ թվով վիրավորներ տեղափոխել Սյունիք, Ղուկասյանը պատասխանեց․ «Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են: Այս պահին Երևանից ժամանած մոտ 45 շտապ օգնության մեքենաներ կան Սյունիքում, բժշկական կենտրոնները ևս պատրաստ են: Կոռնիձորի հումանիտար կայանում մենք տեղադրել ենք մոտ երկու տասնյակ համակարգիչներ, որպեզի մարդկանց առաջնահերթ հաշվառում տեղի ունենա: Հղի կանանց, հաշմանդամություն ունեցող մարդկանց կտեղավորեն հյուրանոցներում, իսկ մյուսներին՝ Գորիս, Տեղ, Տաթև համայնքներում: Մոտ տասը հազար մարդու կեցության հարցը այս պահին մարզում պատրաստ են լուծել»։

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ սեպտեմբերի 24-ին իրականացվում է այն ընտանիքների տեղափոխում ՀՀ, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։

Արմինե Սիմոնյան, Կոռնիձոր