Վիկ Դարչինյան. անհավատալի է, որ այդ երեխային գցել էին իմ դեմ

Թեթևագույն քաշային կարգում հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը, ով երեկ գիշեր պարտության մատնեց պուերտորիկացի Օրլանդո Դել Վալեին և նվաճեց NABF տարբերակով չեմպիոնական գոտին, հայտարարել է, որ ցանկանում է ավելի ուժեղ բռնցքամարտիկների հետ մենամարտել:

«Անհավատալի է, որ նրանք այդ երեխային գցել էին իմ դեմ: Ես ապշած եմ: Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, որ մարդիկ մտածում էին, թե նա կարող է ինձ պարտության մատնել: Ես հաղթեցի բոլոր ռաունդները: Մարտից առաջ հայտարարել էի, որ չեմ պատրաստվում նոկաուտի ենթարկել նրան, այլ պետք է հաղթեմ բոլոր ռաունդները: Այդ տղան շատ թույլ էր: Ես 8 չեմպիոնական տիտղոս ունեմ, բայց մենամարտում էի ինչ-որ երեխայի հետ, ու մարդիկ նրան ֆավորիտ էին համարում, անհավատալի է:

Տվեք ինձ Աբներ Մարեսին, հետո աշխարհի ցանկացած չեմպիոնի: Բոլորը գիտեն` ինչու եմ ցանկանում մենամարտել Մարեսի հետ: Կռվել եմ ուզում, քանի որ նրանք ժամանակին կողոպտել են ինձ: Ցանկանում եմ նորից կռվել նրա հետ»,- աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի խոսքերն է մեջբերում Boxingscene-ը:

Մեկնաբանել