Ֆրանսիան չափազանց զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ․ Մակրոն

Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ․ այսպիսի հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական TF1 և France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը թարգմանաբար ներկայացրել է զրույցի՝ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին վերաբերող կարևորագույն կետերը։

«Ներկա պահին Ֆրանսիան չափազանց զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, քանի որ այն այժմ վտանգված է»,- ասել է Մակրոնը ավելացնելով, որ «այսօր ունենք Ռուսաստան, որը մեղսակից է Ադրբեջանին, Թուրքիա, որը միշտ աջակցել է ադրբեջանական գործողություններին և սանձազերծ մի տերություն, որը սպառնում է Հայաստանի սահմաններին»։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ «Ֆրանսիայի աջակցությունը հայերին ի սկզբանե եղել է անվերապահ, ամբողջական, մշտական»:

Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման մասին Մակրոնն ասել է․ «Վերջին օրերին ականատես ենք եղել Լեռնային Ղարաբաղում անընդունելի հանցագործությունների և պատերազմական գործողությունների», «այդ հողի վրա ապրող հայազգի բնակչության իրավունքներն ամբողջությամբ խախտվել են»։

Նա խոսել է քաղաքական աջակցության մասին, որպեսզի «միայն բանակցային ճանապարհով տևական խաղաղության պայմաններում Լեռնային Ղարաբաղում հարգվեն փոքրամասնությունների իրավունքները»։

Մեկնաբանել