Մոսկվան հարգել է հայկական պետականությունը և «մեզ հետ կամ առանց մեզ» ընտրության առաջ չի կանգնեցրել

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի վերջին ուղերձին, որում նա մեղադրանքներ էր հնչեցրել Ռուսաստանի հասցեին։ Հայտարարությունը՝ թարգմանաբար ստորև։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-ի՝ անկախության մասին ուղերձը պարունակում է Ռուսաստանի հասցեին անընդունելի կշտամբանք և բացի մերժումից, այլ բան չի կարող հարուցել։

Ակնհայտ է ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում ձախողումների համար պատասխանատվությունից խուսափելու և այն Մոսկվայի վրա բարդելու փորձը։

Նիկոլ Փաշինյանի վերջին դատողությունները գալիս են հաստատելու մեր՝ ավելի վաղ արած եզրակացություններն այն մասին, որ Արևմուտքի կողմից հրահրված և պաշտոնական Երևանի կողմից խրախուսվող գործընթացները, որոնք ապակառուցողական են սեփական երկրի և մեր դաշնակցային հարաբերությունների համար, կրում են ոչ թե դրվագային, այլ համակարգային բնույթ։

Կառավարության ղեկավարը, ըստ էության, խոստովանել է, որ ամբողջ այս ընթացքում հանրապետությունը գիտակցաբար պատրաստել են Ռուսաստանից շրջադարձ անելուն։ Սեփական քայլերը, որոնք միտված են դեպի Արևմուտք շրջել Հայաստանի զարգացման վեկտորը, ոչ համոզիչ կերպով արդարացվում են Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի կողմից իբր թույլ տրված սխալներով։

Ընդ որում, մոռացության է մատնվում փաստը, որ մեր պետություններն ունեն շատ բաներում համընկնող շահեր անվտանգության ու զարգացման հարցերում, իսկ ԱՄՆ և ՆԱՏՕ-ի այլ անդամները նպատակադրվել են ոչ միայն ռազմավարական հարված հասցնել Ռուսաստանին, այլև ապակայունացնել մեր ընդհանուր եվրասիական տարածքը։

Ռուսաստանը մշտապես հավատարիմ է եղել իր դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք հանրապետությունը չի դրել ընտրության առաջ՝ «մեզ հետ կամ առանց մեզ»։ Մոսկվան ցուցաբերել է և շարունակում է ցուցաբերել եղբայրական Հայաստանին զանգվածային աջակցություն անվտանգության, տնտեսության ու մշակույթի ոլորտներում։

2020 թվականի աշնանը հենց Ռուսաստանի Դաշնության ու անձամբ Վլադիմիր Պուտինի ջանքերով թույլ չի տրվել Հայաստանի ամբողջական պարտությունը։ Եթե Փաշինյանը համաձայներ գնալ զինադադարի մի քանի շաբաթ ավելի շուտ, պարտությունը պակաս ծանր կլիներ։ Վերջապես, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների նվիրված գործունեությունը, երբեմն՝ սեփական կյանքի գնով, ուղիղ ապացույցն է այն բանի, որ Ռուսաստանը հավատարիմ է իր դժվարին առաքելության իրագործմանը՝ հանուն հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև խաղաղության, ինչի մասին Ն․Վ․ Փաշինյանը նախընտրել է լռել։

Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ռիթմիկ աշխատանքին դեպի Արևմուտք վազքն ու ճոճքը գերադասած Հայաստանի ղեկավարության ոչ հետևողական դիրքորոշման հետևքանով է կանգ առել 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների փաթեթի իրագործումը։

Կորսվել է թանկարժեք ժամանակ, որի ընթացքում կարելի էր էականորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագրի համաձայնեցման, սահմանազատման և տարածաշրջանայաին հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ, ինչը կդառնար Հայաստանի համար անվտանգության ապահովման լրացուցիչ գործոն։ Ուշագրավ է, որ պրահյան ու բրյուսելյան հանդիպումներում՝ ԵՄ հովանու ներքո, Հայաստանի վարչապետը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի հիշատակել Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության մասին։

Փաշինյանի թիմի նման անպատասխանատու մոտեցումը հարուցել է նաև հայ հասարակության մի մասի հասկանալի դժգոհությունը, ինչն արտացոլվել է ժողովրդական բողոքի ցույցերում։ Բնականաբար, պնդումները, թե դրանք հրահրվել են Ռուսաստանի կողմից, ոչ մի աղերս չունեն իրականության հետ։

Հայաստանի կառավարության ղեկավարը պետք է որ քաջ տեղյակ լինի, որ Մոսկվան նման բաներով չի զբաղվում՝ ի տարբերություն Արևմուտքի, որը բավական թրծված է «գունավոր հեղափոխությունների» կազմակերպման գործում, բայց տարօրինակ զուգադիպությամբ նախընտրել է չնկատել Երևանում ցուցարարների դեմ հետապնդումների բազմաթիվ փաստերը։

Միևնույն ժամանակ, ինչպես լավ հայտնի է, ԱՄՆ-ի դեսպանը սերտ կապ է պահպանում կառավարության հետ։ Տվյալ ֆոնին ակնհայտորեն իշխանությունների սադրանքով հայկական լրատվամիջոցներում ծավալվել է իսկական հակառուսական խրախճանք։

Համոզված ենք, որ երևանյան ղեկավարությունը գործում է հսկայական սխալ՝ գիտակցաբար փորձելով փլուզել Հայաստանի և Ռուսաստանի բազմաշերտ և բազմադարյա կապերը և երկիրը դարձնելով Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդը։ Համոզված ենք, որ դա գիտակցում է հայ հասարակության ճնշող մեծամասնությունը»։

Մեկնաբանել