Աղվան Հովսեփյանն ընթերցեց Վարդան Օսկանյանի դեմ մեղադրանքը

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Վարդան Մինասի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդագիրը: Իր խոսքում Աղվան Հովսեփյանը նշեց, որ այս միջնորդագրի համար դատախազությունը բավարար ապացույցներ է ձեռք բերել:

Միջնորդագրում ասված է. «Հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներն օրինականացնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից 2012թ. մայիսի 25-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել փաստելու, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Սինասի Օսկանյանը յուրացրել է բարեգործական նպատակներով իր միջոցով հիմնադրամին տրամադրելու նպատակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, այնուհետև տարաբնույթ գործողություններ կատարել հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ միջոցներն օրինականացնելու ուղղությամբ, դրանով իսկ կատարելով ծանր հանցագործություններ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Այսպես, դեռևս 2010 թվականի ամռանը Վարդան Օսկանյանի նախաձեռնությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, մասնագիտությամբ տնտեսագետ Տիգրան Կարապետյանը ձեռնամուխ է եղել ԱՄՆ-ում գրանցված «Հանթսման Ինտերնեյշնլ» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» կորպորացիաների կողմից Երևան քաղաքի Արցախի 49 հասցեում գտնվող երկաթբետոնե կառուցվածքների՝ 1991 թվականին լուծարված գործարանի բազային հիմքերի վրա պանելային արտադրություն կազմակերպելու նպատակով Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության՝ մեկ միլիարդ Դ153,965 մլն կանոնադրական կապիտալով 100% բաժնեմասի առուվաճաոքի գործարքի նախապատրաստմանը:

Արդյունքում՝ 2010թ. հոկտեմբերի 5-ին, Երևան քաղաքում Տիգրան Կարապետյանի և վերոհիշյալ կորպորացիաների լիազոր ներկայացուցիչ՝ ԱՄՆ քաղաքացի Մայքլ Իդեսի միջև կնքվել է բաժնեմասի փոխանցման երկու պայմանագիր, որի համաձայն` «Հանթսման Ինտերնեյշնլ» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» կորպորացիաներին պատկանող բաժնեմասերի ողջ փաթեթը 960 ՀՀ դրամ խորհրդանշական գնով վաճառվել է ֆիզիկական անձ Տիգրան Կարապետյանին՝ պայմանագրերի «12.11» բաժնում ամրագրված պայմանով ու գնորդի ստանձնած պարտավորությամբ, առ այն, որ գործարքի ավարտից հետո ընկերությունների ակտիվների և բաժնեմասերի օգտագործման կամ օտարման դեպքում տվյալ գործարքից կամ վաճառքից ստացված հասույթն ու այլ եկամուտները (առանց հարկերի և հիմնավորված ծախսերի) պետք է ուղղվեն բացառապես «Հանթսման Ինտերնեյշնլ» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» կորպորացիաների հավանությանն արժանացած բարեգործական նպատակներին՝ նրանց բացահայտ հիշատակումով՝ որպես տվյալ գումարի նվիրատու կամ հովանավոր, ինչպես նաև $577, 897 հազ. և Դ11,494 հազ. ընդհանուր չավով փոխառությունների մարումը նույնպես պետք է ուղղվի բացառապես բարեգործական նպատակներով՝ նույն կորպորացիաների կողմից հանձնարարված անձին:

Այնուհետև՝ 2010թ. դեկտեմբերի 29-ին, բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր է կնքվել ՀՀ քաղաքացիներ Տիգրան Կարապետյանի և Սամվել Բեգլարյանի միջև, ըստ որի` «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊԸ-ի միակ մասնակից Տիգրան Կարապետյանին ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով պատկանող 100% բաժնեմասի գինը կողմերի համաձայնությամբ կազմել է Դ530 մլն, որը գնորդ Սամվել Բեգլարյանը նույն օրը փոխանցել է Տիգրան Կարապետյանի անձնական հաշվեհամարին:

Հաջորդ օրը՝ 2010թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 18.08-ին, Տիգրան Կարապետյանն ամերիկյան կողմի ներկայացուցիչ Տրոյ Քելլերին հասցեագրված էլեկտրոնային նամակով (պատճենը՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանին) հայտնել է կայացած գործարքին առնչվող մանրամասները, նշելով, որ առքուվաճաոքի արդյունքում բաժնեմասերի համար իր կողմից ստացված գինը կազմում է 530 միլիոն ՀՀ դրամ, ինչը համարժեք է 1 միլիոն 457 հազար 44 ԱՄՆ դոլարին (փոխարժեքը՝ 1 ԱՄՆ դոլարը՝ 363.75 ՀՀ դրամ), ինչի կապակցությամբ խնդրել է «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերություններին ցուցում տալ այն իրավական անձի վերաբերյալ, որին պետք է փոխանցվի բաժնեմասերի վաճառքից ստացված գումարը: Ընդ որում, նշված էլեկտրոնային նամակում ամբողջությամբ շարադրվել է բաժնեմասերի փոխանցման առթիվ «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» ու «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերությունների և Տիգրան Կարապետյանի միջև 2010թ. հոկտեմբերի 5-ին կնքված պայմանագրի «12.11» բաժնի վերոհիշյալ դրույթը, ըստ որի` Տիգրան Կարապետյանը Տրոյ Քելլերին հավաստիացրել է, որ բաժնեմասերի վաճառքից ստացված գումարի փոխանցումն ուղեկցվելու է անհրաժեշտ փաստաթղթով, որում նշվելու է, որ «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» ու «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերությունները նվիրատուներ են՝ ինչպես պահանջվում է բաժնեմասերի փոխանցման պայմանագրերի «12.11» բաժնում:

2011թ. հունվարի 10-ին, Տրոյ Քելլերը Տիգրան Կարապետյանին հասցեագրված էլեկտրոնային նամակով (պատճենը՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանին) «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերությունների անունից խնդրել է «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊԸ բաժնեմասերի վաճառքից ստացված հասույթը փոխանցել «Սիվիլիթաս» հիմնադրամին՝ դրա հիմնադիր և խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանի միջոցով:

Այնուհետև Տիգրան Կարապետյանն իր անձնական հաշվեհամարին փոխանցված 530 միլիոն դրամ գումարից 10 միլիոն ՀՀ դրամը, Վարդան Օսկանյանի հետ փոխադարձ համաձայնությամբ, պահել է իրեն՝ որպես վարձատրություն՝ գործարքին նպաստելու համար, իսկ 520 միլիոն ՀՀ դրամը փոխանակել է 1 միլիոն 427 հազար ԱՄՆ դոլարի և 2011թ. հունվարի 13-ին վճարման մեկ հանձնարարագրով փոխանցել «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում Վարդան Օսկանյանի անձնական հաշվեհամարին՝ որպես փոխանցման նպատակ նշելով բաժնեմասերի վաճառքի 2010թ.-ի հոկտեմբերի 5-ի պայմանագիրն ու Տրոյ Քելլերի՝ 2011թ.-ի հունվարի 10-ի վերոհիշյալ հանձնարարագիրը:

Սակայն, Վարդան Օսկանյանն այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամին ամբողջությամբ փոխանցելու փոխարեն պահել է իր անձնական հաշվեհամարին՝ հետագա երկարատև ժամանակահատվածում այն տնօրինել նվիրատուի կամքից ու նախապես հայտարարված պայմաններից ու նպատակներից չբխող եղանակով ու կարգով, այդ թվում՝ շուրջ 181 հազար ԱՄՆ դոլար գումարը ծախսել է անձնական նպատակներով:

Համապատասխանաբար, ամերիկյան կողմի նվիրաբերած Դ530 մլն գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հաշվեկշռում չի հաշվառվել, ինչպես նաև չի արտացոլվել հիմնադրամի 2011 թվականի գործունեության մասին ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացված ֆինանսական հաշվետվությունում, որն, ըստ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի, պետք է տեղեկություններ պարունակի ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված ֆինանսական միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի մասին:

Հատկանշական է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելիս Վարդան Օսկանյանը, 2012թ. մարտի 20-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնելով 2011 թվականի մարտի 1-ից մինչև 2012 թվականի մարտի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանում իր անձնական գույքի և եկամուտների մասին հայտարարագիր, «դրամական միջոցների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ» բաժնում նշել է մեկ միլիոն հարյուր հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարի առկայության մասին (որևէ այլ դրամական միջոց կամ եկամուտ հայտարարագրում չի նշվել), մինչդեռ 2012թ. հունիսի 13-ին, երբ արդեն հարուցված էր և քննվում էր սույն քրեական գործը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովին ներկայացրած` պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց վերաբերյալ իր հայտարարագրում նշել է 2012թ. մայիսի 31-ի դրությամբ եկամուտների կամ դրամական միջոցների բացակայության մասին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում Է: Գործով ձեռք են բերվել վերը շարադրված հանգամանքները լուսաբանող բազմաթիվ փաստական տվյալներ, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնք, գործող օրենսդրության պահանջների համաձայն, դեռևս հրապարակման ենթակա չեն:

Վարդան Օսկանյանը ներկայումս հրաժարվում է ցուցմունքներ տալ քրեական վարույթն իրականացնող մարմնին և իր պարզաբանումները ներկայացնել գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցների առնչությամբ:

Քրեական գործում առկա են մի շարք վկաների ցուցմունքները, «Սիվիլիթաս» հիմնադրամի 2010 և 2011 թվականների գործունեության մասին ֆինանսական հաշվետվությունները, հիմնադրամի հաշվապահական հաշվառումը 2008թ. հունիսի 11-ից վարող «Պարադիգմա Արմենիա» ՓԲԸ խորհրդատվական-հետազոտական ընկերության ներկայացրած պաշտոնական տեղեկատվությունն ու պարզաբանումները, գործով կատարված դատաապրանքագիտական և դատահաշվապահական համալիր փորձաքննության 01.08.2012թ.-ի թիվ 12-1907 եզրակացությունը, բաժնեմասի վաճառքից ստացված հասույթի տնօրինման կարգն ու պայմաններն ամրագրող պայմանագրերի, համաձայնագրերի ու համապատասխան էլեկտրոնային նամակների պատճեններն ու դրանց թարգմանությունները, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվությունը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից և ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովից ստացված փաստաթղթային հիմքերը և գործին կցված բազմաթիվ այլ փաստաթուղթ-ապացույցները:

Այսպիսով, ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Վարդան Օսկանյանին սույն քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ` առաջադրելով մեղադրանք առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ յուրացնելու և յուրացման արդյունքում ստացված եկամուտներն օրինականացնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 66-րդ հոդվածով՝ միջնորդում եմ համաձայնություն տալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Սինասի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու»:

Այս պահին պատգամավորները ելույթներ են ունենում, Աղվան Հովսեփյանը պատասխանում է հնչեցված հարցերին:

Մեկնաբանել