Լեդի Գագան ֆենոմենալ ջազ երգչուհի է. Թոնի Բենեթ

Փոփ երգչուհի Լեդի Գագան մտադիր է ջազ ալբոմ ձայնագրել ամերիկյան էստրադայի վետերան Թոնի Բենեթի հետ համատեղ: Արտիստներն արդեն ունեն համագործակցության փորձ: Բենեթի խոսքով՝ Գագան ֆենոմենալ ջազ է կատարում:

«Նա ինձ զանգահարեց և ասաց, որ ցանկանում է համատեղ ալբոմ ձայնագրել: Ես ասացի՝ պայմանավորվեցի՛նք», – ասել է 86-ամյա Բենեթը:

Լեդի Գագան և Թոնի Բենեթը ծանոթացել են 2011-ին՝ Բենեթի Duets II ալբոմի The Lady Is Tramp երգի ձայնագրության ժամանակ:

Նոր ալբոմի երգերի հեղինակի անունը Բենեթը չի բացահայտել, սակայն ասել է, որ նա «մեծ կոմպոզիտոր է, որը գնահատված չէ, շատ հայտնի է, բայց ոչ այնքան, որքան Գերշվինը»:

«Նա ստեղծել է կոմպոզիցիաներ, որոնք մեծ հիթեր կդառնան. զիլ ալբոմ ենք անելու», – ասել է երգիչը և նշել, որ քչերը գիտեն Գագային որպես ֆենոմենալ ջազ երգչուհի:

«Նա իսկական ստեղծագործող է, որն անընդհատ փոխվում է և ունի բազմաթիվ նոր գաղափարներ: Ես նրան Պիկասո եմ անվանում», – հավելել է Թոնի Բենեթը:

Մեկնաբանել