Ղարաբաղում ցանկացած առաքելություն հնարավոր է միայն Ադրբեջանի համաձայնությամբ. Պեսկովը՝ Փաուերին

Պեսկով

Ռուսաստանը դե ֆակտո ներգրավված է Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման գործում՝ ի տարբերություն ԱՄՆ-ի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Վաշինգտոնը միայն հայտարարություններ է անում։

Պեսկովն ասել է, որ Մոսկվան դեռ որևէ կոնկրետություն չի տեսնում Ղարաբաղում դիտորդական առաքելություն ստեղծելու ԱՄՆ գաղափարի մեջ։ Ղարաբաղում ցանկացած առաքելություն հնարավոր է միայն Ադրբեջանի ղեկավարության համաձայնությամբ, ընդգծել է նա։

Պեսկովը նշել է, որ Մոսկվան շարունակում է կապեր պահպանել Բաքվի և Երևանի հետ։ Ռուս խաղաղապահները մտադիր են շարունակել նպաստել ղարաբաղյան կարգավորմանը իրենց գործող մանդատի համաձայն, նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ միջազգային հանրությունը պետք է ՄԱԿ-ի առաքելություն տեղակայի Լեռնային Ղարաբաղում։ Դիվանագետի խոսքով՝ դա անհրաժեշտ է տարածաշրջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը վերահսկելու և գնահատելու համար։

Հայաստան ժամանած ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) տնօրեն Սամանթա Փաուերը ևս հայտարարել է Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայության անհրաժեշտության մասին: «Բոլոր կողմերը պետք է թույլ տան, որ միջազգային հումանիտար գնահատում և հումանիտար ներկայություն լինի, որ տեսնեն՝ Ադրբեջանը կատարում է իր հանձնառությունները և կարողանան հաշվետվություն ներկայացնեն միջազգային հանրությանը», – հայտարարել է Փաուերը:

Մեկնաբանել