«Ժառանգությունը» չի մասնակցի Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը. Ր. Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցությունը դեմ է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին Հգլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ԱԺ ներկայացրած միջնորդությանը և չի մասնակցի քվեարկությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Վարդան Օսկանյանը պետք է պատասխան տա որոշ հարցերի՝ այդ թվում նաև մարտի 1-ի դեպքերի համար, սակայն նրան անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը նախընտրական է, քաղաքական և անհիմն»,- ասել է «Ժառանգության» ղեկավարը` հավելելով, որ կա՛մ պետք է բոլորը զրկվեն անձեռնմխելիությունից, կա՛մ ոչ մեկը:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, գլխավոր դատախազը թող պատասխան տան իրենց չարաշահումների համար և հետո պատասխան պահանջեն Վարդան Օսկանյանից:

«Եթե իր արարքով զրկել է մեր բյուջեն մուտքից՝ թող հատուցի այդ մեղքը վարչական գործով»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ԱԺ նախագահը թող պատասխան տա վերջին ընտրություններին հարյուր միլիոնավոր դոլարների համար, թող պատասխան տան, թե ով բաժանեց, որ կուսակցություններից, որ պաշտոնյաները, որ շտաբի պետերը հարյուրավոր գյուղապետերի փողի տոպրակներ բաժանեցին, թող պարզեն այդ խայծի տոպրակներն ով հրահանգեց բաժանել:

«Իմ համեստ կարծիքն այն է, որ Օսկանյանը սխալ է արել և թող հատուցի, բայց մինչև հասնելը Օսկանյանի հարցին, թող մյուսները պատասխանեն և ընտրություններից առաջ նրան քավության նոխազ չդարձնեն»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահը` նշելով, որ Վարդան Օսկանյանը, իր կարծիքով, շատ լավ դիվանագետ է, շատ շնորհալի է և արժանի չէ այս միջնորդությանը: