Վրաստանում ընտրություններն ընթանում են բարձր ակտիվությամբ

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ընթանում են բարձր ակտիվությամբ: Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը Վրաստանից, մի շարք ընտրատարածքներում անգամ հերթեր են գոյանում:

Արդեն քվեարկել է երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը ընտրատեղամաս է եկել կնոջ և վեցամյա որդու հետ:

Ընտրատեղամաս է այցելել նաև «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին, որը բոյկոտել է ընտրությունները և չի քվեարկել, թեև ուներ դրա իրավունքը: Հիշեցնենք, որ Իվանիշվիլիի անունը բացակայում է ընտրացուցակներում: [Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է 2011թ. հոկտեմբերին` Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանագրի համաձայն: Ըստ Վրաստանի արդարդատության նախարարության՝ դա պայմանավորված է Իվանիշվիլիի 2010թ. Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու հանգամանքով:]

Քիչ առաջ քվեարկել է նաև Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը և հայտարարել է, որ ինքը քվեարկել է այն ուժի օգտին, որը պաշտպանելու է Վրաստանի ազատությունը: Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը, իր հերթին, հայտարարել է, որ «իսկական մրցակցային ընտրություններ են ընթանում, և արդյունքներն անկանխատեսելի են»:

Երեկոյան Իվանիշվիլիի կողմնակիցները հավաքվելու են Թբիլիսիի Հանրապետության հրապարակում, որտեղ ժամը 20:00-ին հայտնի են դառնալու exit poll-ի արդյունքները: Exit poll-ն իրականացնում են հինգ կազմակերպություններ` Հանրային, «Ռուսթավի 2», «Մաեստրո», «Իմեդի» հեռուստաընկերությունները և մեկ հասարակական կազմակերպություն: