Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Այն ներկայացվում է ստորև։
«Նախագահ Միշելի հովանու ներքո՝ նրա դիվանագիտական խորհրդականներ Սայմոն Մորդյուն և Մագդալենա Գրոնոն, հյուրընկալել են Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի Կանցլեր Շոլցի դիվանագիտական խորհրդականներ Էմանուել Բոննը և Յենս Պլոետները, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Նախագահ Միշելը միացել է հանդիպման մասնակիցներին՝ մտքերի կարճ փոխանակումների համար:
Եվրոպական միությունը մասնակիցներին հրավիրել է՝ նպատակ ունենալով կարծիքներ փոխանակել տեղում առկա իրավիճակի և տեղի բնակչության հրատապ կարիքների լուծմանն ուղղված տարբեր ջանքերի վերաբերյալ:
Եվրոպական միությունն ուշադրությամբ հետևում է այս բոլոր զարգացումներին և ներգրավված է եղել ամենաբարձր մակարդակում՝ օգնելու մեղմել ռազմական գործողությունների ազդեցությունը խաղաղ բնակչության վրա: Այս համատեքստում Եվրոպական միությունը վերահաստատել է անցյալ շաբաթ Ադրբեջանի կողմից կատարված ռազմական գործողության վերաբերյալ իր դիրքորոշումը։
Հիքմեթ Հաջիևը ներկայացրել է Ադրբեջանի ծրագրերը՝ տեղի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու և անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։
Եվրոպական միությունն ընդգծել է միջազգային մարդասիրական, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության դերակատարների համար թափանցիկության և հասանելիության ապահովման անհրաժեշտությունն, ինչպես նաև կարևորել է Ղարաբաղի հայերի՝ Ադրբեջանում ապագայի առնչությամբ Բաքվի տեսլականի վերաբերյալ առավել մանրամասներ հաղորդելու անհրաժեշտությունը: Եվրոպական միությունն աջակցություն է ցուցաբերում Ղարաբաղի հայերին։
Հանդիպումը նաև թույլ տվեց մասնակիցների միջև ակտիվ փոխանակումներ անցկացնել 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդների հնարավոր հանդիպման կարևորության վերաբերյալ:
Մասնակիցներն ի գիտություն են ընդունել Հայաստանի և Ադրբեջանի համատեղ շահագրգռվածությունը՝ օգտվել Գրանադայում հնարավոր հանդիպումից՝ շարունակելու կարգավորմանն ուղղված իրենց ջանքերը։
Այս առումով Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը բանակցություններ են վարել առաջիկա հնարավոր հանդիպման շրջանակներում Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացն՝ հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ, ինչպիսիք են՝ սահմանազատումը, անվտանգությունը, կապուղիները, մարդասիրական հարցերը և խաղաղության պայմանագրին առնչվող հարցերի առավել լայն շրջանակն առաջ մղելու ուղղությամբ։
Կոնկրետ գործողություններ և վճռական փոխզիջումային լուծումներ են անհրաժեշտ նորմալացման գործընթացի բոլոր ուղղություններով:
ԵՄ-ն հավատացած է, որ Գրանադայում ակնկալվող հնարավոր հանդիպումը և՛ Երևանի, և՛ Բաքվի կողմից կօգտագործվի՝ հրապարակային կերպով վերահաստատելու իրենց հավատարմությունը միմյանց տարածքային ամբողջականությանը ու ինքնիշխանությանը՝ համաձայն նախկինում Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների: