Շփումները պաշտոնական Երևանի հետ շարունակվում են, և մենք հույս ունենք՝ մեր ուղարկած ազդանշանները տեղ կհասնեն և կընկալվեն․ այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներակայացուցիչ Մարիա Զախարովան մամուլի ասուլիսին։
«Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, հարաբերությունների սրման նախաձեռնող երբևէ չի եղել, արել է առավելագույնը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար, և այդպես էլ շարունակվելու է։ Ինչ վերաբերում է Երևանի արձագանքին, ապա նույնիսկ խուլ լինելու դեպքում կարելի է հասկանալ, թե ինչ է կատարվում այնտեղ»,- ասել է Զախարովան։
Նա հույս է հայտնել, որ երկու կողմերի համագործակցության շրջանակում բոլոր պայմանավորվածությունները կշարունակեն իրագործվել։
«Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Երկու կողմերը հայտարարել են, որ սրանով են առաջնորդվելու իրենց գործողություններում։ Ռուսաստանը շահագրգռված է Կովկասում կայուն իրավիճակով բոլոր խնդիրների միայն դիվանագիտական լուծմամբ։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը մեր դաշնակիցներն են։ Հայաստանի հետ մեզ կապում են անվտանգային պարտավորություններ ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակում, իսկ Բաքվի հետ հաջողությամբ իրականցվում է ռուս-ադրբեջանական դաշնակցային փոխգործողության հռչակագիրը։ Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման թեման երեք կողմերի ուշադրության կենտրոնում է։ Մենք համոզված ենք, որ այս ձևաչափով կգտնվի բոլորի համար ընդունելի ճանապարհ, և կերաշխավորվի երկրներից յուրաքանչյուրի ինքնիշխանությունը ու իրավազորությունը»,- ասել է Զախարովան։
Զախարովան ասել է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը համոզում են Հայաստանի իշխանությանը դուրս գալ ՀԱՊԿ-ից, դրդում էին ՆԱՏՕ-ի հետ համագործակցության և կնքել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ հաշվի չառնելով Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցը։