Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հարավային Կովկասում անհնար է անտեսել ՌԴ շահերը, սակայն, նրա խոսքով, «երևանյան որոշ առաջնորդներ նման հույսեր են տածում»:
«Այնտեղ շատերը կան, ովքեր ցանկանում են կորցնել Ռուսաստանը և նոր ընկերներ ձեռք բերել»,- հայտարարել է Լավրովը` պատասխանելով ՏԱՍՍ գործակալության հարցին, թե արդյոք կարո՞ղ է այնպես ստացվել, որ Հայաստանը կորցնի Ռուսաստանին։
«Պատմականորեն, աշխարհագրորեն, աշխարհաքաղաքական առումով անհնար է կորցնել Ռուսաստանին՝ Անդրկովկասում նրա շահերն ամբողջությամբ անտեսելու իմաստով։ Բայց երևանյան որոշ առաջնորդներ նման հույսեր են կապում։ Նրանք ուղղակիորեն խոսում են այդ մասին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը` հավելելով, որ նման միտք հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում:
«Նա (ՀՀ վարչապետը) խոսեց «տապալված» դաշինքների փոխհատուցման անհրաժեշտության մասին, որոնց հետ Հայաստանը հույս էր կապում իր անվտանգությունն ապահովելու հարցում և հայտնել գործընկերների շրջանական ընդլայնելու մասին, որոնք անվտանգություն կապահովեն», – ասել է Լավրովը` զգուշացնելով հետևանքների մասին, որոնք վրա են հասնում ԱՄՆ-ին ապավինող երկրներին:
«Եթե նրանք ապավինում են Միացյալ Նահանգներին (դա ուղղակիորեն բխում է Հայաստանի ղեկավարության շատ ներկայացուցիչների արտահայտություններից), ապա, հավանաբար, լավ կլիներ, որ նայեին նորագույն պատմությանը, թե ինչպես են Միացյալ Նահանգները վարվել նրանց հետ, որոնց ձգտում էին իրենց թևի տակ առնել՝ առաջ մղելով իրենց աշխարհաքաղաքական շահերը ամերիկյան ափերից հեռու գտնվող տարածաշրջաններում։ Այս բոլոր մարդկանց ճակատագիրը նախանձելի չէ», – ասել է Լավրովը։