Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի (կանոնադրություն) վավերացումը ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա, ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այս մասին սեպտեմբերի 28-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

«Հայ գործընկերներին է ի սկզբանե հասցվել է Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացման անընդունելիության մասին դիրքորոշումը այն պայմաններում, երբ այդ կառույցի կողմից Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության «ձերբակալման օրդերներ» են տրվել։ Քննարկվել է երկկողմ համաձայնագիր կնքելու Երևանի նախաձեռնությունը, Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող էր գոհացնել երկու կողմերին: Ցավոք, այն հաշվի չի առնվել, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում են կայացրել հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման։ Դա ամենաբացասական հետեւանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար», – նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

Հայաստանը Ռուսաստանին ամիսներ առաջարկել է երկկողմ համաձայնագիր ստորագրել Հռոմի ստատուտի վերաբերյալ. Եղիշե Կիրակոսյան

Հայտարարությունում նաև ընգծվում է, թե ռուսական կողմի գնահատմամբ, այն թեզը, թե ՄՔԴ-ին միանալն իբր ոչ մի կերպ չի անդրադառնա ռուս-հայկական կապերի վրա, «չի համապատասխանում իրականությանը», և որ ստատուտի վավերացումից հետո դժվար կլինի պատկերացնել ՌԴ ղեկավարության այցերը Հայաստանի Հանրապետություն «հատկապես, երբ իշխող կուսակցության պատգամավորները կոչ են անում ձերբակալել Վլադիմիր Պուտինին»։

«Մոսկվայում ակնկալում են, որ ՀՀ Ազգային ժողովում կգտնվեն սթափ մտածող ուժեր, որոնք «չեն դակի» հայ-ռուսական հարաբերությունների համար ակնհայտ թունավոր որոշումը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։