Երևանում ընդդիմությունը գնում է նոր ընտրությունների, «Դոգը» նախապայմաններ է առաջ քաշում

Երևանի ավագանու ընտրություններում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ղեկավարած «Ազգային առաջընթաց»-ը պատրաստվում է Երևանի ավագանու առաջին նիստին չմասնակցել, քվորում չապահովել, որը կբերի նոր ընտրությունների։ Այդ մասին Մարությանը հաղորդել է սեպտեմբերի 28-ի երեկոյան ֆեյսբուքյան տեսաուղերձում։ Երեկ քվորում չապահովելու միջոցով ավագանու նոր ընտրությունների մասին էր հայտարարել նաև «Մայր Հայաստան» դաշինքը։

«Կոնսենսուսի բացակայության պարագայում՝ նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացումը կմնա միակ լուծումը ստեղծված իրավիճակում»,- հայտարարել է դաշինքը։

«Ազգային առաջընթաց»-ն ունի 14 մանդատ, «Մայր Հայաստան»-ը՝ 12: «Քաղաքացիական պայմանագիր»-ը ընտրություններում չկարողացավ հավաքել անհրաժեշտ մանդատների 51 տոկոսը, ՔՊ-ն ունի 24 մանդատ։

Ավագանիում ներկայացվածության շեմը անցել է նաև Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը՝ 8 մանդատով և Վարդան Ղուկասյանի (Դոգ) «Հանրային ձայն»-ը՝ 7 մանդատով։

Փաստացի, Երևանի ավագանիում 65 մանդատից ՔՊ-ն ունի միայն 24-ը։ Սա հնարավորություն չի տալիս ՔՊ-ին ձևավորել մեծամասնություն։ Դատելով հռետորաբանությունից և մի շարք այլ հանգամանքներից՝ ՔՊ-ի հետ հնարավոր համագործակցություն, կոալիցիա կարող է ապահովել Արամ Սարգսյանի «Հանրապետություն»-ը՝ իր 8 մանդատներով։ Բայց նույնիսկ այս դեպքում, ՔՊ-ն և «Հանրապետություն»-ը միասին չեն կարող ստանալ մանդատների 51 տոկոսը իրենց 32 մանդատներով, քանի որ մյուս 3 ուժերը՝ «Ազգային առաջընթաց»-ը, «Մայր Հայաստան»-ն ու «Հանրային ձայն»-ը, կունենան 33 մանդատ։

Հայկ Մարությանը տեսանյութում բացատրեց՝ ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է հենց 33 ձայն։ Խնդիրն այն է, որ Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայն»-ի 7 մանդատներից առնվազն 2-ի հետ կապված խնդիրներ կան. ցուցակի առաջին համարը Արտակ Գալստյանն է, որը կալանավորված է խոշոր չափերով շորթման համար և նրա կողմից ավագանու նիստին գալ, քվեարկելը անիրատեսական է։

«Հանրային ձայն»-ի երկրորդ համարն էլ Տիգրան Ուրիխանյանն է, որը ևս հանրային քրեական հետապնդման է ենթարկվում առնվազն մեկ գործի շրջանակում։ Ուրիխանյանը Հայաստանում չէ։ Սա նշանակում է, որ «Հանրային ձայն»-ի 7 մանդատներից երկուսը չեն կարող ընտրել ընդդիմադիր քաղաքապետ։

Մարությանի խոսքով՝ ՔՊ-ին Երևանում իշխանությունից զրկելու մյուս տարբերակն այն է, որ ավագանու առաջին նիստում քվորում չապահովվի և լինեն նոր ընտրություններ։ «Մենք գնում ենք Երևանի ավագանու նոր ընտրությունների։ Դա անելու համար պետք է, որ մենք ներկա չգտնվենք հոկտեմբերի 10-ի ավագանու նիստին ու մենք հայտարարում ենք, որ ներկա չենք գտնվելու, որ քվորում չապահովվի։

«Մայր Հայաստան»-ը նույնպես հայտարարել է, որ չեն գալու նիստին ու գնում են նոր ընտրությունների։ Այստեղ միայն մնում է «Հանրային ձայն» կուսակցությունը, այդ կուսակցությունը եթե նույնիսկ մի հոգով ներկա է գտնվում նիստին, ապա նիստը կկայանա ու կընտրվի իշխանական թեկնածուն։ Եթե «Հանրային ձայն»-ը չգնա, նիստը չի կայանա ու իշխանությունը չի վերարտադրվի»,- հայտարարեց Հայկ Մարությանը։ Նա նաև խորհուրդ տվեց ոչ թե հետևել, թե ինչ են ասում կամ մտածում քաղաքական ուժերը, այլ հետևել, թե ինչ են անում։

Երեկ երեկոյան Մարությանի ու «Մայր Հայաստան»-ի առաջարկին արձագանքեց Վարդան Ղուկասյանը։ Նա նիստը բոյկոտելու, քվորում չապահովելու ու նոր ընտրությունների գնալու համար սակայն նախապայմաններ է առաջ քաշում։ Ղուկասյանն ասում է, որ կհամաձայնի բոյկոտել նիստը, եթե իր հետ ստորագրվի փաստաթուղթ ու ամեն երրորդ թաղապետ նշանակելու հնարավորությունը հանձնվի իր ուժին։ Ավելի վաղ էլ Ղուկասյանը համաձայնել էր ընտրել Մարությանին քաղաքապետ, եթե իրեն հանձնվեին քաղաքապետարանի վերահսկողական մարմինները։ Այդ պահին, սակայն, պարզ էր, որ «Հանրային ձայն»-ի ցուցակի առաջին ու երկրորդ համարների մասնակցությունը Մարությանին ընտրելու հարցում խիստ մշուշոտ է, մանավանդ որ թե՛ Արտակ Գալստյանը, թե՛ Տիգրան Ուրիխանյանը ինքնաբացարկ չեն ներկայացրել ԿԸՀ։

Երևանի ավագանու անդրանիկ նիստը գումարվելու է հոկտեմբերի 10-ին։

Մեկնաբանել