Աշխատանք, անվճար կրթություն և ծառայություններ՝ արցախցիների համար

Արցախից բռնի տեղահանվածները վեցերորդ օրն է՝ շարունակում են ժամանել Սյունիք։ Տեղահանվել է 90 հազարից ավել մարդ։ Մյուսները սպասում են իրենց հերթին։ Այս օրերին Հայաստանում գործող բազմաթիվ բիզնեսներ, բուժհաստատություններ և կրթական կենտրոններ բռնի տեղահանվածներին առաջարկում են աշխատանք և անվճար ծառայություններ։ Սիվիլնեթը առանձնացրել է հայտարարություններից մի քանիսը։ Այս ցուցակն անընդհատ համալրվում է։

Կրթական ծրագրեր

Արցախահայերին անվճար կրթական ծրագիր է առաջարկում Armenian Code Academy-ն։ Կենտրոնը տրամադրում է 5 ուղղություններով 50 կրթաթոշակ ընդունելությունն անցած դիմորդների համար՝ Introduction to JavaScript, Introduction to Python, Introduction to Data Science and Machine Learning, UX/UI Design, Graphic Design։ Կենտրոնը կոչ է արել բոլոր ՏՏ նախաձեռնություններին միանալ նախաձեռնությանը։

Վեբ ծրագրավորման անվճար դասընթացներ է առաջարկում նաև Logic Centre ուսումնական կենտրոնը։

Whiz Code Academy-ն հրավիրում է արցախցի դպրոցականներին Whiz Code ակադեմիայում ռոբոտաշինություն, նկարչություն սովորելու, ընթերցանությամբ զբաղվելու և հետաքրքիր ժամանց անցկացնելու անվճար դասընթացների։

Ֆինանսաբանկային ոլորտի կրթական ծրագրերում անվճար հիմունքով սովորելու հնարավորություն է տալիս ID Bank-ը։

Նախաձեռնությանը միացել են նախակրթական կենտրոններից մի քանիսը՝ ԿԻԴՈ զարգացման կենտրոնը Գյումրիում, ՏունՏունիկ մանկապարտեզը նկարչության անվճար դասերով։ Անվճար ընդունելություն է կազմակերպում Ամենագետներ նախակրթարանը։ Ավագ դպրոցում անվճար սովորելու հնարավորություն է առաջարկում Օհանյան կրթահամալիրը, Մարզամշակութային կենտրոնի խմբակներում՝ Բյուրեղավանի մշակութային տունը։

Տարատեսակ աջակցություն են տրամադրում բարձրագույն կրթական հաստատությունները։ 2024-2025 ուստարվա դիմորդների նախապատրաստական դասընթացները անվճար կկազմակերպի Հյուսիսային համալսարանը։

Եվրասիա միջազգային համալսարանն էլ անվճար կրթության առնվազն քսան տեղ է հատկացնում բռնի տեղահանվածների համար։

Տուրիզմի ոլորտով հետաքրքրվողներին ուսուցում և թրեյնինգներ կապահովի Anriva Tour-ը։

Մասնակիցները կկարողանան անցնել աշխատանքի։ Միաժամանակ ուսուցում և աշխատանքի հնարավորություն է առաջարկում նաև Sunny City արևային էներգիայի ծառայությունը։ Փորձը պարտադիր չէ։

Աշխատատեղեր

Alpha Farm դեղատների ցանցը վերապատրաստում կիրականացնի դեղագործ/դեղագետների համար՝ վերապատրաստման առաջին օրվանից աշխատանքի անցնելու հնարավորությամբ։

Դեղագիտության/դեղագործության ոլորտում աշխատանք են առաջարկում նաև Արֆարմացիա դեղատունը և PharmaTech դեղագործական ընկերությունը։

Իտեքս տեքստիլ ընկերությունը կստեղծի լրացուցիչ 150 աշխատատեղ։ Կապահովվեն անվճար դասընթացներ, տրանսպորտ և սնունդ։

Evolution agency մարքեթինգային կազմակերպությունը կբացի 100 թափուր աշխատատեղ։

Acba Bank-ը թափուր աշխատատեղերի՝ հավասար գիտելիքներով և հմտություններով թեկնածուներից կընտրի Արցախից տեղահանվածներին։

Կավագործի, նկարչի, մաքրուհու, խորհրդատու-վաճառողի և հերթապահ հսկիչի աշխատանք է առաջարկում Mane Tiles հուշանվերների խանութը։

Թափուր աշխատատեղեր են առաջարկում Էկոպրոֆ շինանյութի արտադրությամբ զբաղվող ընկերությունը, «Լիարժեք կյանք» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպությունը, Կայզեր սուպերմարկետների ցանցը, Մանթաշյան գործարարների միությունը, GSS Solar արևային համակարգերի ընկերությունը, Երևան Մոլը, Hookah place կոկտեյլ բարը, Զովք սուպերմարկետը։

Սպասուհու, մաքրուհու, մատուցողի աշխատանք է առաջարկում Best Western Congress հյուրանոցը:

Բյուրեղավանի արտադրամասում արտադրության մենեջերի, փականագործի, վարպետի օգնականի հաստիքում տեղահանվածներին կտրամադրի վերականգնողական և օժանդակող սարքերի, սարքավորումների արտադրությամբ զբաղվող ՔայլՏեք ընկերությունը։

Կրթական ոլորտում աշխատանք է առաջարկում Teach for Armenia-ն։

Թափուր հաստիքների բազա է հավաքել Armenian Businessmen Association։

Գործընթացը հեշտացնելու համար Staff.am-ը ստեղծել է միասնական աշխատանքային հարթակ։

Հոգեբանական ծառայություններ

Կրթական հաստատությունների օգնությունն անվճար կրթական ծրագրերով չի սահմանափակվում։ ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը հոգեբանական մի քանի կենտրոնների հետ հաամգործակցությամբ անվճար հոգեբանական ծառայություններ կմատուցի չափահասների և երեխաների համար։

Հոգեբանական անվճար աշխատանք կիրականացնի նաև Կանա զարգացման կենտրոնը։

Առողջապահական ոլորտի այլ ծառայություններ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ տեղահանվածների բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ այդ թվում հիվանդանոցային, իրականացվում է պետական պատվերի շրջանակում։

Անվճար բուժում են առաջարկում նաև մի շարք մասնավոր կենտրոններ։ Ստեփանավանում գործող Իլոյան կլինիկան տեղեկացնում է, որ կլինիկայում մատուցվող ծառայությունների շրջանակներում Արցախից տեղահանված բնակչության համար կկատարվի անվճար խորհրդատվություն, բուժզննում, բուժում։

Հոգեբանի, լոգոպեդի, ֆիզիոթերապիստի կամ բուժիչ մերսման մասնագետի կարիք ունեցող երեխաներին անվճար վերականգնողական թերապիաներ է առաջարկում Բարի Տնակ հասարակական կազմակերպությունը։

Մեդինէս բժշկական կենտրոնի վիրահատություններից գոյացած հասույթի մի մասը տրամադրվելու է արցախցի ընտանիքներին։

Հրատապ վիրահատություն կարիք ունեցող, ՄՈՒԿ ախտորոշմամբ երեխաներին բժծկական հետազոտություն, անվասայլակներ, հատուկ քայլակներ և աջակցման այլ միջոցներ է տրամադրում Էխո հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունը։

Մի շարք ոլորտներում անվճար ծառայություն կմատուցի Բեսթ Լայֆ հայ-ճապոնական բժշկական կենտրոնի Դավթաշենի մասնաճյուղը։

Իր հերթին Առողջապահության նախարարությունը գույքագրում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողների կրթական, զբաղվածության կարիքները։ Առաջնային կարիքների հաշվառման հարթակ է ստեղծել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Խորհրդատվություն

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հոկտեմբերի 2-ից կմատուցի իրավաբանական անվճար ծառայություններ (բանավոր խորհրդատվություններ, անհրաժեշտ իրավական փաստաթղթերի կազմում)։

Անշարժ գույքի վերաբերյալ խորհրդատվական և իրավական անվճար ծառայություններ է մատուցելու Arman Real Estate-ը։

Անվճար փաստաբանական օգնություն կտրամադրի նաև Art of Law փաստաբանական կենտրոնը։

Հայաքվե նախաձեռնության շտաբը գործարկել է տեղեկատվական կենտրոն՝ կեցության, իրավաբանական և այլ հարցերով ուղղորդելու համար։

Ինտերնետ և հեռախոսակապ

Անվճար ինտերնետ և հեռախոսակապ են տրամադրում Team Telecom Armenia-ն և Ucom-ը։

Հատուկ սակագնային պլան է առաջարկում Viva-MTS-ը։

EcoCars Armenia-ն անվճար լիցքավորում կտրամադրի Գորիս-Սիսիան-Վայք-Արարատ-Երևան երթուղու վրա գտնվող մեր բոլոր լիցքավորման կայաններում։

Սնունդ, հիգիենայի պարագաներ, հագուստ

Սննդի, հագուստի, հիգիենայի պարագաների և առաջին անհրաժեշտության այլ պարագաների հավաքագրմամբ զբաղվում են Armenian Food Bank-ը, Ethos UA, All for Armenia նախաձեռնությունը, Armenian Progressive Youth հասարակական կազմակերպությունը, Transparent Armenia բարեգործական հիմնադրամը, Բաբոն Տեր ա հասարակական նախաձեռնությունը։

Կարաս ազգային սննդի ցանցը սնունդ կդրամատրի օրական 1000 արցախահայի:

Տրանսպորտ

Transimpex Express ընկերությունը բեռների անվճար փոխադրումներ կիրականացի Գորիսից դեպի Երևան և այլ մարզեր։

Գորիս-Երևան-Գյումրի-Վանաձոր ուղղություններով անվճար երթևեկություն կապահովի ggShuttle։

Սա անվճար ծառայություններ և աշխատատեղեր առաջարկող կազմակերպությունների և նախաձեռնությունների միայն մի մասն է։ Նման հայտարարություններ են արել նաև մի շարք անհատներ։

Մեկնաբանել