Ճապոնիայում ձևավորվել է աշխարհում մեծությամբ երկրորդ պողպատաձուլական ընկերությունը

Ճապոնական մետալուրգիական խոշորագույն՝ Nippon Steel և Sumitomo Metal Industries ընկերությունները երեկ պաշտոնապես հայտարարել են միաձուլման մասին։ Այսպիսով ձևավորվել է ոլորտում մեծությամբ երկրորդ կորպորացիան՝ Nippon Steel & Sumitomo Metal Corp-ը։ Այն իր հզորությամբ կզիջի միայն ArcelorMittal-ին (գլխամասը Լյուքսեմբուրգում է):

Միաձուլման արդյունքում ձևավորված նոր կորպորացիայի տարեկան թողունակությունը կկազմի 46,1 մլն տ: Ընկերության աշխատակիցների թիվը 81 հազ. է, իրացման համախառն ծավալը՝ տարեկան 5,5 տրլն յեն ($70,5 մլրդ):

Nippon Steel & Sumitomo Metal Corp-ը գերիշխող դիրք կունենա ճապոնական շուկայում: Կորպորացիան գործնական սերտ կապեր ունի ավտոարդյունաբերական հսկաներ Toyota-ի, Nissan-ի, Honda-ի, ինչպես նաև երկրի առաջատար առևտրային տների հետ։

Գլոբալ շուկայում նոր ընկերությունը հարկադրված է դիմակայել չինական և հարավկորեական մրցակցությանը: Ասիայում շարունակում է վաճառքներն ակտիվորեն ընդլայնել աշխարհում մեծությամբ երրորդ պողպատաձուլական ընկերությունը՝ Baoshan Iron & Steel-ը: Ճապոնացիների հավանական մրցակիցների թվում է նաև հարավկորեական Posco-ն, որը մեծությամբ չորրորդն է ոլորտում:

Ճապոնական կորպորացիան մտադիր է մրցակել այս ընկերությունների հետ՝ խաղադրույք կատարելով որակի վրա և թողարկելով պողպատի բարդ համաձուլվածքներ: Ընկերությունը մտադիր է արտադրության տարեկան ծավալները հասցնել 60-70 մլն տ-ի:

Մեկնաբանել