Ֆրանսիան Հայաստանին ռազմատեխնիկա կտրամադրի իր պաշտպանությունն ապահովելու համար. Կոլոննա

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հոկտեմբերի 3-ին կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խոսել են նաև պաշտպանության և անվտանգության հարցերի մասին: «Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։

«Կցանկանայի հանրայնորեն ասել` Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ՀՀ հետ ապագա պայմանագրի կնքման համար, որ հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին, որ Հայաստանը կարողանա իր պաշտպանությունը ապահովել: Առայժմ չեմ կարող ավելի մանրամասնել»,- ասել է նախարարը:

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծել է որ իր այս այցը Հայաստան հերթական մի ձև է` ցույց տալու, որ Ֆրանսիան զգոն է լինելու ցանկացած սպառնալիքի, ցանկացած մտքի դեմ, որը նկրտում է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ:

«Ֆրանսիան շատ զգոն կլինի բարեկամ երկրի` ՀՀ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների նկատմամբ: Մենք խոսել ենք ՀՀ վարչապետի հետ. ուղիղ մեկ տարի առաջ Ֆրանսիայի նախագահը Պրահայում հանդիպում ունեցավ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, դրա արդյունքը կարելի է ասել հիմքն է, որ ծառայեց մեր հետագա ջանքերին, եզրակացություններից մեկը փոխադարձ տարածքային ամբողջականության ընդունումն էր Ալմաթիի հայտարարության հիման վրա: Կարծում եմ` սա կարևոր առաջընթաց է, որը պետք է պահպանել և առաջ գնալ: Մենք ձեր կողքին ենք` բոլոր նրանցով, որ կիսում են զգացողությունը, որ այս պարտավորությունը պետք է հարգվի»,- ասաց նա:

Կատրին Կոլոննան նաև հայտնել է, որ գրավոր դիմել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին` ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը ընդլայնելու, նրա մանդատը հզորացնելու խնդրով, որ այն կարողանա էլ ավելի օգտակար լինել ՀՀ-ին:

«Առաջարկել եմ ներառել Հայաստանը «Խաղաղության եվրոպական մեխանիզմի» մեջ, ինչը իրականացվում է Մոլդովայի համար: Մեր նպատակն է, որ ԵՄ-ն և նրա անդամները սկսեն նույնպիսի հստակ ազդակներ ցույց տալ, ինչպես Ֆրանսիան է ցույց տալիս ՀՀ տարածքային ամբողջականության հետ կապված: Ցանկացած գործողություն, որ կսպառնա ՀՀ տարածքային ամբողջականությանը, շատ հստակ և կոշտ արձագանքի կարժանանա, հուսով եմ` կարող ենք հույս դնել նաև այլ գործընկերների վրա, մասնավորապես խոսքս ԱՄՆ մասին է»,- ասել է նա:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ափսոսանք է հայտնել, որ եղանակային վատ պայմանների պատճառով չի կարողացել այցելել Սյունիքի մարզ՝ հատկապես Գորիս, քանի որ Սյունիքը առաջին է եղել, որ մոբիլիզացվել է բռնի տեղահանվածներին ընդունելու համար, այն մարդկանց ովքեր ստիպված են եղել լքել իրենց հողերը։

Մեկնաբանել