Հայաստանի փոխարժեքի շուկայում կտրուկ տատանումները, այն է՝ դրամի նկատմամբ արտարժույթի արժևորումը, մասնագետներն անվանում են խուճապի հետևանք: Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում, համաձայն Կենտրոնական բանկի տվյալների, դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 7%-ով, եվրոյի նկատմամբ` 5%-ով, սակայն շուկայում պատկերն այլ է:
Բանկերում դրամի արժեզրկումը հասնում է մինչև 10%, դոլարի վաճառքն իրականացվում է սահմանափակ քանակությամբ, իսկ որոշ փոխանակման կետեր ընդհանարապես դադարել են դոլար վաճառել:
Դրամի արժեզրկումը հաջորդեց սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած նոր ագրեսիային, որի հետևանքով Արցախի Հանրապետությունը` որպես քաղաքական և տնտեսական միավոր, կազմալուծվեց: Այն վերջանականորեն կտրվեց Հայաստանի տնտեսական և ֆինանսական համակարգից:
Վերջին երկու տարում հետևողականորեն ամրապնդվող դրամի դիրքերի թուլացումը համընկավ Արցախից Հայաստան զանգվածային տեղահանության հետ, որը սկսվեց սեպտեմբերի 24-ին: Շատերը փոխարժեքի շուկայում տատանումները սկսեցին բացատրել արցախցիների հոսքով, որի արդյունքում հասկանալի պատճառներով Հայաստան է մտել մեծ քանակությամբ դրամ՝ ստեղծելով զգալի պահանջարկ արտարժույթի նկատմամբ:
«Մոդեքս» խորհրդատվական ընկերության ուսումնասիրության համաձայն, ներբանկային շուկայում դոլարի նկատմամբ պահանջարկը սեպտեմբերի 25-29-ի աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել է 7 անգամ: «Դոլարի նկատմամբ պահանջարկը գերազանցել է առաջարկը շուրջ 92,6 մլն դոլարով, համեմատության համար, այս տարվա ընթացքում դոլարի պահանջարկի և առաջարկի շաբաթական տարբերության միջնարժեքը (median) եղել է 13,4 մլն դոլար», – հայտնում են ընկերությունից:
Խուճապը չի անցնում, ինչի մասին է վկայում դոլարի պահանջարկի շարունակական աճը: Տնտեսագետ Հայկազ Ֆանյանի խոսքով՝ հոկտեմբերի 3-ին Հայաստանի ներբանկային շուկայում դոլարի պահանջարկը կազմել է 56,3 մլն դոլար: Սա այն դեպքում, երբ 2023-ի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 18-ը դոլարի պահանջարկի օրական միջնարժեքը եղել է 30,9 մլն դոլար:
«Այսինքն «սովորականի» համեմատ պահանջարկն աճել է 81,9%-ով, իսկ spread-ը համապատասխանաբար եղել է 3,01 դրամ, իսկ հոկտեմբերի 3-ին հասել է 11,77 դրամ», – ֆեյսբուքյան իր էջում գրում է տնտեսագետ Ֆանյանը` անդրադառնալով փոխարժեքի շուկայում առկա անկայունությանը, որը նրա կարծիքով՝ ևս խուճապի հետևանք է:
Ի դեպ spread-ի մեծությունը` փոխարժեքի առք ու վաճառքի տարբերությունը, ուղիղ համեմատական է անորոշությունների ծավալին: «Արտարժույթի առքի և վաճառքի մարժայի մասով նշենք, որ սովորաբար վերջինիս մեծացումն արտահայտում է շուկայի մասնակիցների մոտ անորոշության աճը: ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկումը, և չարաշահումների բացահայտման դեպքում այն կմիջամտի՝ ապահովելով ազատ մրցակցությունը շուկայում», – ՍիվիլՆեթին հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Առայժմ դժվար է քիչ թե շատ հստակ կանխատեսումներ անել ՀՀ-ից կապիտալի փախուստի կամ վերջին 1,5 տարում Ռուսաստանից Հայաստան հոսած ակտիվների «հայրենադարձության» մասին` Մոսկվա-Երևան հարաբերությունների վատթարացման սպասումներով պայմանավորված:
Մասնագետները նշում են խուճապ առաջացնող երկու հիմնական պատճառ` Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և աշխարհաքաղաքական վեկտորի հնարավոր փոփոխության սպասումները, որոնք չեն հերքվում կամ որևէ կերպ խարսխվում կառավարության կամ Կենտրոնական բանկի գործողություններով:
Նշելով, որ դրամի արժեզրկումը տնտեսությունից եկող ազդակների արդյունք չէ, Ֆինանսների նախկին փոխնախարար, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը փոխարժեքի շուկայում տատանումները բացատրում է աշխարհաքաղաքական գործընթացներով, որոնք խորացրել են անորոշությունները:
«Հատկապես, Ազգային ժողովի կողմից այսօր Հռոմի ստատուտի վավերացումը արտարժույթի խոշոր սպառողների և, առհասարակ, ազգաբնակչության մոտ առաջացրել է բացասական սպասումներ՝ կապված ապագա անորոշությունների հետ», – հոկտեմբերի 3-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անանյանը։
Բացասական սպասումները, նրա խոսքով, հանգեցրել են խուճապային վարքագծի, որը չեն շտապել զսպել ո՛չ բանկերը, ո՛չ էլ Կենտրոնական բանկը:
«Բանկային համակարգի կողմից «անհրաժեշտ» քանակության արտարժութային պահանջարկի չբավարարումը հանգեցրել է էլեմենտար խուճապի։ Թերևս տարօրինակ է ՀՀ կենտրոնական բանկի անգործությունը (որը կարծես հույսը դրել է շուկայի ինքնակարգավորման կարողության վրա)», – նշում է Անանյանն ու լուծում առաջարկում` ակնարկելով խուճապը մարելու համար արտարժույթի «ինտերվենցիայի» անհրաժեշտության մասին:
«Որոշակի քանակությամբ արտարժութային ներարկումը, թերևս, շատ արագ կկարգավորեր իրավիճակը», – վստահ է նա։
Առայժմ ԿԲ-ից պաշտոնապես չեն հայտնում արտարժույթի շուկայում «ինտերվենցիայի» հնարավորության մասին, սակայն որոշ ԶԼՄ-ներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդում են արտարժույթի մոտալուտ ներարկման մասին` նպատակ հետապնդելով հանգստացնել «արժութային կրքերը»: