Եվրամիությունը կարող է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները, ներառյալ ֆինանսական աջակցությունը, և անհատական պատժամիջոցներ կիրառել, եթե իրավիճակը վատթարանա Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական վերահսկողությունից հետո: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական ծառայության պատրաստած փաստաթղթին, որը, համաձայն հրապարակման, ուրվագծում է Ադրբեջանի նկատմամբ ԵՄ հետագա հնարավոր արձագանքը, բայց զգույշ տոնայնությամբ:
Համաձայն հրապարակման՝ ԵՄ-ն կարող է վերանայել քաղաքական ներգրավվածությունը, ֆինանսական աջակցությունը և ոլորտային համագործակցությունը՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը: Սակայն Ադրբեջանի էներգետիկ հատվածի մասին նշում չկա։
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը և Միության 27 երկրների բազմաթիվ առաջնորդներ դատապարտել են Ադրբեջանի գործողություններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Սակայն, ինչպես նշում է Reuters-ը, դիվանագետներն ասում են, որ ԵՄ երկրների միջև տարաձայնություններ կան ավելի կոշտ դիվանագիտական կամ քաղաքական քայլեր ձեռնարկելու շուրջ:
Պատճառն ադրբեջանական նավթի և գազի վրա ավելի շատ ապավինելու ԵՄ-ի քայլերն են:
«Մարդու իրավունքների լուրջ խախտումներ թույլ տալու դեպքում կարող են նախատեսվել սահմանափակող միջոցներ նման խախտումների համար պատասխանատու անձանց նկատմամբ»,- նշում է թերթը։
ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ որոշումները հիմնականում պահանջում են անդամ երկրների միաձայն որոշումը:
«Երկրներից մեկի դիվանագետը, որը կողմ է Ադրբեջանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշմանը, անանուն մնալու պայմանով ասել է, որ փաստաթուղթը «արտացոլում է անդամ երկրների տարբեր դիրքորոշումների հավասարակշռությունը. մենք ավելին ենք ուզում, իսկ մյուսներն ընդհանրապես ոչինչ չեն ուզում»», – գրում է Reuters-ը:
Համաձայն աղբյուրի՝ Ֆրանսիան, Գերմանիան և Նիդեռլանդներն այն երկրների թվում են, որոնք կողմ են Բաքվի նկատմամբ անհամաձայնության կոշտ ազդանշաններին, մինչդեռ մյուսները, ինչպիսիք են Ավստրիան և Հունգարիան, գտնվում են հակառակ բևեռում։
Մեկ այլ դիվանագետ էլ նշել է, որ ԵՄ-ն կարող է ավելին չանել, քան Ադրբեջանին դատապարտելը, և փոխարենը կենտրոնանալ Հայաստանին տնտեսապես և, հնարավոր է, ռազմական աջակցություն ցուցաբերելու վրա: