ԿԲ-ն արտարժութային շուկայում կիրականացնի ներարկումներ

Հայաստանի կենտրոնական բանկը արտարժութային շուկայում կիրականացնի ներարկումներ՝ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով:

ԿԲ-ի մամուլի ծառայությունը հայտնում է արտարժութային շուկայում գործառնությունների մասին, որն ըստ էության արտարժույթի ներարկում է ենթադրում:

«ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում, համաձայն Կենտրոնական բանկի տվյալների, դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 7%-ով, եվրոյի նկատմամբ` 5%-ով, սակայն շուկայում պատկերն այլ է:

Բանկերում դրամի արժեզրկումը հասնում է մինչև 10%-ի, դոլարի վաճառքն իրականացվում է սահմանափակ քանակությամբ, իսկ փոխանակման որոշ կետեր ընդհանարապես դադարել են դոլար վաճառել:

Մասնագետների կարծիքով՝ դրամի արժեզրկումը չունի տնտեսագիտական հիմնավորում, այն բացասական սպասումներով սնուցվող խուճապի հետևանք է:

ԿԲ-ի հայտարարությունից հետո շուկայում նկատվում է դրամի դիրքերի որոշակի ամրապնդում:

Մեկնաբանել