Գլխավոր Լրահոս

Ո՞ւմ վրա են պարետ նշանակում, թուրքի ոստիկա՞նը պիտի Սաքոյին ենթարկվի․ Սարգիս Գալստյանի ազգականը հերքում է լուրերը

Ո՞ւմ վրա են պարետ նշանակում, թուրքի ոստիկա՞նը պիտի Սաքոյին ենթարկվի․ Սարգիս Գալստյանի ազգականը հերքում է լուրերը

Հոկտեմբերի 3-ին լրագրող Թաթուլ Հակոբյանը իր Ֆեյբուքի էջով հայտնեց, որ Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Սրա մասին նաև հայտնեց ադրբեջանական «Աղդամ TV» ֆեյբուքյան էջը։ 

Սարգիս Գալստյանի հորեղբոր որդի Դավիթ Գալստյանը, որը Արցախի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավարն է, հերքեց, որ Սարգիս Գալստյանը պարետ է նշանակվել Ստեփանակերտում․ «Ո՞ւմ վրա են պարետ նշանակում։ Թուրքի ոստիկա՞նը պիտի Սաքոյին ենթարկվի։ Խելքից մոտի՞կ բան է։ Մեկը մի բան է ասել, ամբողջ համացանցը ողողել են։ Երևի ինձ են թիրախավորել։ Արցախում էլի մարդիկ են մնացել, ինչո՞ւ նրանց անունը չեն տալիս»։ 

Նա խիստ քննադատության ենթարկեց լրագրող Թաթուլ Հակոբյանին նման լուր տարածելու համար։ Դավիթ Գալստյանը նաև ասաց, որ վերջին անգամ, երբ տեսել է Սարգսին, նա ասել էր, որ լեզու գիտի ու մինչև վերջին հայը դուրս չգա, ինքն էլ չի դուրս գալու։ Այսինքն՝ Սարգիս Գալստյանը Արցախում մնացել էր մարդկանց օգնելու նպատակով։ 

Հարցին, թե արդյո՞ք Սամվել Շահրամանյանը Սարգիս Գալստյանին նշանակել է նախագահի աշխատակազմի ղեկավար, պատգամավորը պատասխանեց՝ դե, իհարկե, հրամանագիրը հրապարակվել է․ «Միակ պաշտոնյան է, որ կարողանում է էդ 10-20 մարդկանց հոգսերով զբաղվել, հետները շփվել»։

Արայիկ Հարությունյանին և Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը խիստ քննադատող Դավիթ Գալստյանը հարց է տալիս՝ ինչո՞ւ մնացածի անունը չեն տալիս, թուրքերի հետ շատերն են շփվել։ Պատգամավորը նաև ավելացրեց, որ Սարգիս Գալստյանը 2020 թվականին Արայիկ Հարությունյանի նախընտրական շտաբում էր աշխատում, բայց հորեղբորը իր անվան հետ են կապում։    

Հարցին, թե ինչո՞ւ ադրբեջանցիները Սարգիս Գալստյանին չեն բռնում, պատգամավորը պատասխանեց․ «Իմա՞ստը բռնելու, ինչո՞ւ մնացածին չեն բռնում»։ 

ՍիվիլՆեթի ունեցած տեղեկություններով, Գալստյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, մասնագիտությամբ թուրքագետ է, տիրապետում է թուրքերենի։ Մինչ վերջերս եղել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի եվ սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը։ 

Սարգիս Գալստյանը երկար տարիներ նաև համակարգել է Ստեփանակերտի «Արփեն» ծննդաբեր մայրերի կենտրոնի աշծատանքները՝ հիմնադրված Քարոլայն և Ջորջ Նաջարյանների կողմից: 

Հայկ Ղազարյան

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում