Յուրա Մովսիսյանն 9-րդ գոլը խփեց. Կրասնոդարը ոչ-ոքի խաղաց

Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս ոչ-ոքի (2:2) խաղաց «Կրիլյա Սովետովի» հետ և վաստակած 12 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում:

Հանդիպման 25-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով ընթացիկ առաջնությունում իր 9-րդ գոլը խփեց ու շարունակում է վստահորեն գլխավորել Պրեմիեր լիգայի ռմբարկուների ցանկը:

Առաջին խաղակեսում տանտերերին հաջողվեց 2 գոլ խփել ու առաջ անցնել հաշվի մեջ, Լուիս Կաբալերոն դարձավ դուբլի հեղինակ` աչքի ընկնելով 32-րդ և 35-րդ րոպեներին:

Ընդմիջումից հետո Սլավոլյուբ Մուսլինը Կոմանի փոխարեն խաղադաշտ մտցրեց Վանդերսոնին, ով էլ 54-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: Այդուհետ կրասնոդարցիները բացահայտ առավելությու ունեին, սակայն չկարողացան խփել հաղթական գոլն ու բավարարվեցին 1 միավորով: