Հայոց խոսող գորգերը և՛ «կադաստրի վկայական» են, և՛ «ՄԱԿ–ի բանաձև»

Դարբնություն, գինեգործություն, գորգագործություն։ Այս և մի քանի այլ արհեստներ սկզբնավորվել են Հայկական լեռնաշխարհում, դարերի ընթացքում Հայաստանում հասել արվեստի մակարդակի։ Այս պնդման մեջ ազգային սնապարծության որևէ տարր չկա։

Հատկապես հյուսվածքային արվեստի գլուխգործոց գորգի մասին թե՛ հայ և թե՛ հատկապես այլազգի գիտնականների, հետազոտողների փաստարկներն այնքան առատ են ու հավաստի, որ կասկածի տեղ չեն թողնում։ Բավական է ասել միայն, որ մինչ օրս հայտնաբերված ամենահին Պազիրիկ գորգը, որը գրեթե անվնաս գտնվել է Ալթայի սառույցների տակից, մասնագետների համոզիչ պնդմամբ՝ ստեղծվել է Վանի շրջակայքում։

Հայկական գորգերի ամենամեծ հավաքածուի սեփականատեր Ջեյմս Թուֆենկյանը գորգեր ձեռք բերելիս չի առաջնորդվել «որքան հին՝ այնքան արժեքավոր» սկզբունքով։

«Ես իմ առջև խնդիր չէի դրել հավաքելու հայկական ամենահին, հազվագյուտ ու պատմականորեն ամենանշանակալի գորգերը: Սրանով զբաղվում են մեծ թանգարանները: Ընդհակառակը, ես ցանկանում էի հավաքել, պահպանել և աշխարհին ցույց տալ հայկական տնայնագործ գորգերի ամենագեղեցիկ, հմայիչ ու խորհրդավոր նմուշները: Ես հիացած եմ արվեստի այս պատկերավոր նմուշներով․․․»։ Սա մեջբերում է ամերիկահայ հավաքորդի խոսքից։

Եվ ահա, Թուֆենկյանի հավաքածուի երեսուն ամենագեղեցիկ, հմայիչ ու խորհրդավոր գորգեր ցուցադրվում են և դեռ մեկ ամբողջ տարի ցուցադրվելու են Հայաստանի պատմության թանգարանում։ Սեպտեմբերի երկուսին բացված ցուցահանդեսը աննախադեպ է այն փաստով, որ առաջին անգամ Հայաստանի պատմության թանգարանում որևէ մասնավոր հավաքածու է ցուցադրվում։

«Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյան հավաքածուից» վերտառությամբ ցուցահանդեսի գորգերը հայոց մի քանի ազգագավառների՝ Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի և իհարկե Արցախի գորգագործական արվեստի ինքնատիպ կոթողներ են։ Դրանք ինչպես հայոց լեռնաշխարհի տարբեր մասերում գորգագործության բազմազանությունն են ի հայտ բերում, այնպես էլ նույնականանում են կրկնակի հանգույցի տեխնիկայով, թեմատիկ միասնականությամբ ու զարդամոտիվային համակարգով։

Ցուցադրության համադրող, «ԱՀԱ կոլեկտիվ» կազմակերպության հիմնադիր Նայիրի Խաչատուրեանի գնահատմամբ՝ այս ցուցահանդեսը «տունդարձ» է, հնագույն ծագում ունեցող հայկական գորգարվեստի բնիկ էությունը վերահաստատող իրադարձություն։

Թե՛ Նայիրին, որի հայեցակարգով էլ ձևավորվել է ցուցադրությունը, թե՛ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ու փոխտնօրեն Նժդեհ Երանյանը և թե՛ գորգի փորձագետ և արձանագրությունների վերծանող Լիլիա Ավանեսյանն արել են ամեն ինչ, որպեսզի թանգարան այցելողը ոչ միայն հիանա ցուցադրությամբ, այլև գիտելիքի, տեղեկության որոշակի պաշար տանի իր հետ։

Այդ նպատակով ցուցադրվող հավաքածուն համադրվել է Հայաստանի պատմության թանգարանի ազգագրագետների կողմից դաշտային աշխատանքների ժամանակ արված՝ XX դարասկզբի արխիվային լուսանկարների և լուսանկարիչ Դիմիտրի Երմակովի արհեստանոցում ստեղծված դիմանկարների հետ: Հայաստանում և Արցախում արված ժամանակակից լուսանկարները, ինչպես նաև «Թուֆենկյան գորգեր» ընկերության մասին ֆիլմը, որոնք ընդգրկվել են ցուցադրության մեջ, օգնում են ավելի լավ հասկանալ հայկական գորգագործության ավանդույթները:

Թանգարանի հինգ սրահներում գործող ցուցահանդեսին առանձին հմայք են հաղորդում նաև ուղեկցող տեքստերը։ Բայց առավել ազդեցիկ է հանգամանքը, որ գորգերն իրենք են խոսում։ Անհավակնոտ, առանց ճոռոմաբանության՝ նրանք պարզ և անկեղծ զրուցում են այցելուի հետ։

‒ Ինձ «Խնձորեսկ» են անվանել՝ ի պատիվ Սյունիքի մարզի լեռներում գտնվող կախարդական քարանձավային գյուղի, որը եղել է գորգագործության կարևոր կենտրոններից մեկը: Կենտրոնում` հավերժության խորհրդանիշ կեռխաչի շուրջ, գեղազարդված եմ պահապան օձերից բաղկացած երեք խոշոր կապտաթույր վահանակներով: Բուսածաղկային և երկրաչափական ձևեր ունեցող գորգադաշտումս և այն երիզող գոտիներում խայտում են մարդակերպ ու կենդանակերպ հմայիչ պատկերներ: Ես սերում եմ միջնադարյան վիշապագորգերի ազնվական ընտանիքից:

‒ Ինձ գործել են Սևանի ավազանի մերձակայքում գտնվող Կարմիրի շրջանում, որի արդյունքում էլ կոչվել եմ «Սևան»: Հոյակերտ կենտրոնական մոտիվը լրացված է կենաց ծառի խորհրդանշանով: Կենտրոնական խորհրդանշանի վառ կապույտ գույնը գերիշխում է այն եզերող մուգ կարմիր և ավելի բաց մյուս երանգների մեջ: Բազմաթիվ բուսածաղկային և երկրաչափական նախշերի մեջ թաքնված է երկու մարդկային կերպարանք: Ի՞նչ եք կարծում՝ ո՞ւմ եմ պատկերել:

‒ Ես պատկանում եմ «Լոռի» գորգերի ընտանիքին, եկել եմ Հայաստանի հյուսիսում գտնվող լեռնային մարզից․․․ Կրկնվող կեռազարդի շարքը Լոռու շրջանում գործված գորգերի ավանդական և ճանաչելի զարդանախշերից է: Բուսածաղկային և թռչնակերպ ոճավորումներ ունեցող տիեզերական պարտեզն է գեղազարդում իմ մակերեսը: Նկատո՞ւմ եք ծածուկ ներհյուսված Տ-աձև նախշը: Այն Հայկական լեռնաշխարհում տիեզերքի հնագույն գաղափարագրերից է, որը հայերեն այբուբենում մուտք է գործում «Տէր» նշանակությամբ։

– Մենք Արցախում՝ հայերի հայրենի բնակավայրում և հայկական գորգագործության դարավոր բնօրրանում գործված գորգեր ենք․․․ Մենք նրբահյուս գործվածքներ ենք. ունենք նույն խտությունը (քառակուսի դեցիմետրի վրա 900-1600 հանգույց), ինչ վաղ հայկական շրջանի գորգերը, հատկապես՝ դասական վիշապագորգերը․․․․ Մենք ներկված ենք ամբողջ աշխարհում հռչակ վայելող Արարատյան որդան կարմիրով: Մեր տիպաբանական հատկանիշները բազմազան են. մեզնից երկուսը գեղազարդված են նշանախշերով և փնջածաղկի վերացական ոճավորումներով, որոնք առանձնանում են Հադրութի շրջանին բնորոշ գույներով և գործվածքով: Մյուս երկուսս` ոճավորված կենտրոնական վահանակներով հայկական վիշապագորգերի ընտանիքի ժառանգներ ենք՝ ներկայացնելով Սյունիքից այստեղ հասած «Խնձորեսկ» տիպը և Արցախյան մելիքությունների խորհրդանշան համարվող արծվագորգը:

Բոլոր այս գորգերը խոսում են նույն լեզվով։ Խոսքը հայերեն տեքստերի մասին չէ, այլ այն երբեմն թաքնագրված, երբեմն բացահայտ տեղեկությունների, որ կրում են գորգերը։ Դրանք բոլորը նույն ժողովրդի առասպելաբանական պատկերացումների, միստիկ ընկալումների և միևնույն նստակյաց կենցաղավարության արգասիք են։ Դեռևս հեթանոսական շրջանից եկող հավատալիքները, փոխակերպվելով քրիստոնեկան խորհրդանիշների, դարեր շարունակ կրկնվում են ինչպես գորգի մակերեսին, այնպես էլ բազմաթիվ այլ տեղերում։ Վիշապագորգերի կենտորնում պատկերված արևի սկավառակը նույն հայկական շուրջպարերի, հատկապես Բերդ պարի կլոր հատակագիծն է, նույնն է Վերվերի պարաշարքերի և թռչնապատկեր գորգերի իմաստաբանությունը, նույնն է հարազատի մահվան առիթով գործված ու որևէ սրբավայրի նվիրված գորգի տիպաբանությունը, ինչ Գորանի սգո պարերինն է։

Հայ գեղջկուհին բուրդը հաճախ մանում էր և գորգ գործում իր բալիկի համար օրորոցային երգելու ընթացքում։ Միայն ճախարակի ռիթմը չէ, որ զգացվում է հայկական օրորոցայինում, այլև երգի մեղեդին է դրոշմված գորգի եռանկյունաչափական պատկերների, բուսածաղկային նախշերի հերթագայության մեջ։

Ավելորդ է խոսել հայկական գորգի ու խաչքարի, առավել ևս գորգի ու հայ մանրանկարչության տիպաբանական նմանության մասին։

Հայաստանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսը մեկ անգամ ևս փաստում է, որ անկախ հանգամանքից, թե Հայաստանի որ վայրում է ստեղծվել գորգը՝ Լոռիում, Սյունիքում, Արցախում, Վասպուրականում, թե Կարինում, միևնույն ժողովրդի ստեղծագործ մտքի արգասիք է։

Բոլորն, ինչպես արդեն նշված է ցուցադրության տեքստում, խոսում են տարբեր բարբառներով, բայց նույն լեզվով։ Սա և՛ «կադաստրի վկայական» է, և՛ «հոգու դավթար», և՛ «ՄԱԿ–ի բանաձև»։ Մենք այս ամենը գիտենք, իսկ ուրիշներին դա ապացուցելու համար հետևողականություն է հարկավոր, համառություն և ուժ:

*Հոդվածը գրվել է սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ հարձակումից և Արցախից հայաթափումից առաջ

Մեկնաբանել