«Խոսրովի անտառի» որսագողը ոստիկանության ծառայող է. Ոստիկանություն

Օրեր առաջ բնապահպան ակտիվիստները որսագողության դեպք էին արձանագրել Խոսրովի արգելոցում: Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի և բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքը հասարակական լայն հնչեղություն ստացավ: Այս արտառոց դեպքի բացահայտմանն ուղղված աշխատանքները սկսվեցին անհապաղ և ոստիկանության պետի անմիջական հսկողության տակ էին: Եվ չնայած ոմանց թերահավատությանը, որ հանցագործությունը կբացահայտվի, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնոհիվ կարճ ժամանակ անց` սեպտեմբերի 29-ին, որսագողության դեպքը բացահայտվեց. 1983 թ. ծնված, Գառնի գյուղի բնակիչ Նորիկ Սարգսյանը խոստովանեց կատարվածը: Նրա կացարանից առգրավվեց զենք-զինամթերք և այլ իրեղեն ապացույցներ. այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

Թվում էր` բնապահպան ակտիվիստները պետք է գոհունակություն հայտնեին և աջակցեին իրավապահներին դեպքի բացահայտման գործում: Բայց տարօրինակ կերպով կատարվեց հակառակը…

Պարզվեց` նրանց ոչ սպանված կենդանիներն են հետաքրքրում, ոչ որսագողության բացահայտումը: Նույնիսկ որսագողությունը խոստովանած Նորիկ Սարգսյանը չի հետաքրքրում, ում զարմանալի եռանդով իրենց պաշտպանության տակ են առել: Բնապահպաններին, ըստ երևույթին, հետաքրքրում է աղմուկ բարձրացնելու հերթական հնարավորությունը` այս անգամ որսագողի «իրավունքները» պաշտպանելու «եղանակով». Սարգսյանը ներկայացվում է որպես անճար-անտեղյակ մեկը, որը ենթարկվում է ոստիկանական բռնությունների. ոստիկանները փորձում են մեղքը բարդել անմեղ մարդու վրա:

Մեր պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ Նորիկ Սարգսյանը ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից է, և փոքրիշատե իրազեկ մարդը պետք է իմանար, որ այդ ծառայությունն իրականացնում են ոստիկանության ՊՊԳՎ աշխատակիցները: Նորիկ Սարգսյանը ոստիկանության պետական պահպանության վարչությունում ծառայում է 2005 թվականից:
Կրկնում ենք` Նորիկ Սարգսյանը ոստիկանության ծառայող է, և որսագողության դեպքը կոծկելու համար ոստիկաններն իրենց ծառայակցին զոհաբերելու պետք չունեն, առավել ևս` դեպքը կոծկելու խնդիր չունեն: Նախաքննություն է ընթանում, որով վերջնականապես կպարզվի Սարգսյանի մեղավորության աստիճանը, իսկ բնապահպանների իրական շահագրգռությունները պարզվում են այսօր իսկ` նախաքննությանը խանգարելով:

Խորհուրդ ենք տալիս, խնդրում ու պահանջում ենք` չխոչընդոտել քննության ընթացքին, չխանգարել կատարվածի լիարժեք բացահայտմանը, հակառակ դեպքում բոլոր հիմքերը կունենանք ենթադրելու, որ ձեր խնդիրը բնապահպանությունը չէ, այլ անհիմն ու անհարկի լարվածություն ստեղծելը` միայն ձեզ հայտնի նպատակներով:

Հիշեցնենք, որ բնապահպանների ահազանգը ՀՀ բնապահպանության նախարարությունը փորձել էր դիտարկել` որպես կանխամտածված հանցակցություն` կասկած հայտնելով, թե բնապահպանները նախապես իմացել, սակայն չեն կանխել Կարմիր գրքում ներառված կենդանիների որսը: Բնապահպանների ուղեկցությամբ ոստիկանները գտել էին հանցանքի վայրը, սկսվել էր քննությունը: Սակայն ոստիկանության բացահայտած որսագողը, ըստ բնապահպանների, ուղղակի քավության նոխազ է: Նրանց հավաստմամբ, որսագողությունն արգելոցում ոչ թե մեկ-միակ մարդու գործ է, այլ` կազմակերպված հանցագործություն, որի շղթայի օղակներն իրենց գործողությունները նախապես համաձայնեցրել են բնապահպանության նախարարության հետ:

Մեկնաբանել