Ադրբեջանն Արայիկ Հարությունյանին ծանր մեղադրանքներ է առաջադրել

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, որին օրեր առաջ Արցախում ձերբակալել էին ադրբեջանական ուժայինները, ներկայացվել է մեղադրանք: Նրան մեղսգրվում են մի շարք ծանր հանցագործություններ, հայտնում է ադրբեջանական contact.az-ը:

Ադրբեջանի դատախազության և պետական ​​անվտանգության ծառայության ներկայացրած մեղադրանքով Հուրությունյանին մեղսգրվում են «ագրեսիվ պատերազմի», «վարձկանների հավաքագրման», ինչպես նաև «զինված հակամարտություններին և ռազմական գործողություններին նրանց մասնակցությանն» ուղղված արարքներ:

Բացի այդ, Հարությունյանը մեղադրվում է «չարտոնված զինված խմբավորումների գործունեությունը կազմակերպելու և համակարգելու», այդ «խմբերին զենք, զինամթերք և ռազմական տեխնիկա մատակարարելու» համար:

Ադրբեջանի դատախազությունը Հարությունյանին մեղադրում է նաև «Գյանջա քաղաքի բնակելի թաղամասերի և քաղաքացիական շինությունների, ինչպես նաև առաջնագծից դուրս գտնվող Բարդայի շրջանի բնակավայրերի վրա բալիստիկ հրթիռների և այլ զինամթերքի արձակման թույլտվություն տալու մեջ»։

Լրատվամիջոցն իր կողմից հավելում է, որ նշված մեղադրանքներով «Հարությունյանին սպառնում է ընդհուպ ցմահ ազատազրկում»։

Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանն ձերբակալվել են հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտում և տեղափոխվել Բաքու: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեկնաբանել