Հայաստանն ակնկալում է ՄԱԿ-ի հստակ արձագանքը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտմանը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է հոկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խմբի այցին՝ դրա արդյունքներով ընդունված մամուլի հաղորդագրությունը անվանելով «խիստ կողմնակալ»։ Հայտարարությունը՝ ստորև։

«Հայաստանը խոր մտահոգությամբ և հիասթափությամբ է ընդունել տեղեկատվությունն Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի և դրա «արդյունքներով» արված մամուլի հաղորդագրության վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարը խնդրի մասին բարձրաձայնել է հոկտեմբերի 2-ին ԱԳՆ-ում կայացած՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նախ, պետք է արձանագրել, որ Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության հոկտեմբերի 2-ի այցը չի կարող համարվել միջգործակալական փաստահավաք առաքելություն և որևէ առնչություն չունի հայկական կողմի ու միջազգային հանրության ակնկալիքների հետ:

Ավելին, պատվիրակության այցը տեղի է ունեցել միայն այն ժամանակ, երբ էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղը լիովին զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից: Որպես օբյեկտիվ գնահատական, ՄԱԿ պատվիրակությունը կարող էր ընդամենն արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայաթափման փաստը՝ ականատես լինելով, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հետևում թողել իր հայրենի բնակավայրերը, հարազատների գերեզմանները և բազմադարյա մշակութային ու կրոնական ժառանգությունը:

https://www.civilnet.am/news/753041/%d5%b4%d5%a1%d5%af-%d5%ab-%d5%a6%d5%a5%d5%af%d5%b8%d6%82%d5%b5%d6%81%d5%a8-%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d6%81-%d5%af%d5%bf%d6%80%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a7-%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%af%d5%a1%d5%a6%d5%a5%d5%af%d5%b8%d6%82%d5%b5%d6%81%d5%b8%d5%be-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac/?fbclid=IwAR3XOJ3AoOkG-2WlLavN1sL0Wm5p7Pw_gQXZMs68_m42D91vigW66tnwz9Q

Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր՝ ամիսներ շարունակ, հայկական կողմը ներգրավվել է ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի և ՄԱԿ Քարտուղարության այլ ստորաբաժանումների հետ՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղ գործուղել ՄԱԿ միջգործակալական փաստահավաք առաքելություն՝ ԼՂ շրջափակման հետևանքով ի հայտ եկած հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակի գնահատման ու ԼՂ բնակչության հումանիտար կարիքներին արձագանքի նպատակով: Խնդրո առարկան բազմիցս բարձրացվել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպումների ընթացքում:

Բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, անկախ իրավաբաններ, ցեղասպանագետներ մտահոգություն էին հայտնել ԼՂ ժողովրդի առջև ծառացած գոյաբանական վտանգների մասին՝ մատնանշելով ոճրագործության հանցագործությունների ռիսկերը: ԼՂ-ում ներկայություն ունեցող միակ մարդասիրական կազմակերպությունը՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, իր հաղորդագրության մեջ մտահոգություն էր հայտնել, որ ի վիճակի չէ հումանիտար աջակցություն ցուցաբերել քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով: Այս բոլոր զեկույցները և գնահատականներն, որոնք վկայում էին նաև ՄԱԿ-ի կողմից հռչակված «ոչ ոքի հետևում չթողնելու» հանձնառության նկատմամբ բացահայտ արհամարհանք, ի ցույց էին դնում իրավիճակի ողջ լրջությունը, ինչը, փաստորեն, անտեսվել է ՄԱԿ-ի կողմից:

Այցից հետո տարածված մամուլի հաղորդագրությունը խիստ կողմնակալ է և չի արտացոլում իրավիճակը գետնի վրա. դրանում որևէ հղում չկա Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով բազմաթիվ զոհերին և վիրավորներին, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմանը, Լաչինի միջանցքի ավելի քան 9 ամիս տևած արգելափակմանը և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Հակարի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետից քաղաքացիների առևանգմանը և միջազգային գործընկերներին հայտնի այլ փաստերին:

Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության այցն Ադրբեջանի կողմից օգտագործվել է իր քարոզչական ընկալումներն առաջ մղելու և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակումն ու դրա հետևանքները օրինականացնելու նպատակով:

Հայաստանն ակնկալում է ՄԱԿ կողմից հստակ արձագանք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման, ԼՂ ժողովրդի հիմնարար մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին` միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրության հիմնարար սկզբունքների համաձայն»։

Մեկնաբանել