Անի Մեջլումյան, Սոպո Գելավա, DFRLab
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը տասը ամիս շարունակվող շրջափակումից հետո հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա և ամբողջական վերահսկողության տակ առավ 120 000 էթնիկ հայերով բնակեցված այս շրջանը: Ղարաբաղի տեղական իշխանությունները 24 ժամ շարունակվող մարտերից հետո համաձայնեցին զինադադարի։ Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո կառավարությունը պայմանավորվածություն ձեռք բերեցին Ռուսաստանի ուղեկցությամբ մարդկանց տարհանելու շուրջ այն բանից հետո, երբ Ադրբեջանը բացեց Լաչինի միջանցքը փախստականների համար, որպեսզի նրանք դուրս գան Լեռնային Ղարաբաղից: Հոդվածը գրելու պահին ավելի քան 100 000 մարդ էր տեղահանվել։
Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ վատթարացել են տարիներ շարունակ՝ հասնելով իրենց ամենացածր կետին այն բանից հետո, երբ Հայաստանը կորցրեց Լեռնային Ղարաբաղը։ Սեպտեմբերի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատեց Ռուսաստանին աջակցություն չցուցաբերելու համար և ընդգծեց, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգային միջոցները։
DFRԼab-ը վերլուծել է, թե ինչպես են Կրեմլի պաշտոնյաները և Կրեմլի կողմից վերահսկվող լրատվամիջոցները մեկնաբանում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն ավելի լայն համատեքստում: Կրեմլի քարոզիչները երեք հիմնական ուղերձ էին առաջ քաշում. (1) Փաշինյանը Ղարաբաղը «զիջել» է Ադրբեջանին, (2) Արևմուտքը շահագրգռված է Հայաստանի ապակայունացմամբ, և (3) Ռուսաստանը խաղաղապահ ուժ է: Meduza-ն նմանատիպ պատմույթ է արձանագրել սեպտեմբերի 20-ին արված հրապարակման մեջ, որում ասվում էր, որ ռուսական լրատվամիջոցները հրահանգներ են ստացել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը լուսաբանելու վերաբերյալ: Ըստ Meduza-ի՝ այս հրահանգները երկու հիմնական ուղերձի շուրջ են կառուցված․ և՛ Փաշինյանը, և՛ Արևմուտքը պետք է պատասխանատվություն կրեն ստեղծված իրավիճակի համար, և ռուս խաղաղապահները ղարաբաղցի հայերի պաշտպաններն են։
Պատմույթ 1. Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը զիջեց Ադրբեջանին
2023-ի սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը փորձում է խուսափել ներքին և արտաքին քաղաքական ձախողումների պատասխանատվությունից՝ դրանցում մեղադրելով Մոսկվային։ Նախարարությունն այնուհետև պնդում էր, որ արևմտյան տերությունները նպատակ ունեն ապակայունացնել «ընդհանուր եվրասիական տարածքը», և որ Հայաստանի ներկայիս կառավարությունը վնաս է հասցնում սեփական երկրին։ Հայտարարությունում նաև ասվում էր, որ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ ակնարկելով, որ նա ենթարկվել է Արևմուտքի ճնշմանը, այլ ոչ թե հավատարիմ մնացել «ջենտլմենական պայմանավորվածությանը», որը նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը կորոշեն ապագա սերունդները։ Կրեմլի լրատվամիջոցները պնդում էին, որ իրավիճակը սրվել է, քանի որ Փաշինյանն իբր Ղարաբաղը զիջել է Ադրբեջանին և ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը այդ շրջանի նկատմամբ դեռ 2020-ին: Օրինակ՝ ռուսական քարոզչական «Ցարգրադ» հեռուստաընկերությունը տարածել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որում վերջինս «հիշեցրել» էր իր լսարանին, որ Ռուսաստանը պատասխանատու չէ ստեղծված իրավիճակի համար՝ ընդգծելով, որ Հայաստանի վարչապետը պետք է ինքնուրույն ստանձնի ողջ պատասխանատվությունը։
Այս պնդումները ներկայացնում են Կրեմլի ջանքերի մի մասը՝ խուսափելու պատասխանատվությունից ճգնաժամում ունեցած սեփական դերի համար՝ փոխարենը մեղադրելով Փաշինյանին։ 2023-ի մայիսին Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը «միջազգային երաշխիքների» ներքո, որպեսզի պաշտպանի Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը։ Սակայն պաշտոնական համաձայնություն ձեռք չբերվեց, և բանակցությունները փակուղի մտան: Մինչ այդ, Ռուսաստանի միջնորդությամբ 2020-ին արված եռակողմ հայտարարությունը նախատեսում էր հինգ տարով ռուս խաղաղապահներ տեղակայելու մասին դրույթներ։ Նրանց առաջնահերթ պարտականությունն էր պաշտպանել Լաչինի միջանցքը, որը կարևոր կապուղի է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Ռուս խաղաղապահների ներկայությունը, սակայն, չկարողացավ մեղմել մարդասիրական ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում այն բանից հետո, երբ 2022-ի դեկտեմբերին ադրբեջանցի ինքնահռչակ բնապահպան ակտիվիստները շրջափակեցին Լաչինի միջանցքը։
Պատմույթ 2. Արևմուտքը շահագրգռված է Հայաստանի ապակայունացմամբ
Ռուս պաշտոնյաները և Կրեմլի կողմից վերահսկվող լրատվամիջոցները նաև առաջ քաշեցին այն պատմույթը, թե Արևմուտքը ձգտում է ապակայունացնել Հայաստանը: Նրանք պնդում էին, որ Փաշինյանը նախընտրել է ավելի սերտ հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ՝ միաժամանակ խզելով հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Սեպտեմբերի 19-ին Ռուսաստանի նախկին նախագահ և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ներկայիս փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ում գրառում արեց, որում ասվում էր. «Այնուհետև [Փաշինյանը] որոշեց մեղադրել Ռուսաստանին իր անտաղանդ պարտության համար։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։ Հետո որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, իսկ նրա կինը հանդուգն կերպով թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ: Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում…»։ Գրառման մեջ նկատի էին առնվում ԱՄՆ-ի հետ Հայաստանի համատեղ զորավարժությունները, ինչպես նաև Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությունը Ուկրաինա կատարված մարդասիրական այցին։ Մեդվեդևի Telegram-ի գրառումը այս հոդվածը գրելու պահին ուներ 2,7 միլիոն դիտում և ուղարկվել էր տելեգրամյան ավելի քան 600 ալիքների և խմբերի, ներառյալ մի ալիքի, որը վարում է Կրեմլի քարոզիչ, պատժամիջոցների տակ գտնվող Վլադիմիր Սոլովյովը:
Մեկ այլ դեպքում «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն սեպտեմբերի 19-ին հոդված հրապարակեց, որում պնդում էր արվում, թե «հայ զինվորականները ներկայում զբաղված են ամերիկացիների հետո անցկացվող զորավարժություններով, ինչի հետևանքով ժամանակ չունեն Ղարաբաղում ստեղծված իրավիճակով զբաղվելու համար»: Ավելին, հոդվածի հեղինակը թերթի Telegram-ի ալիքում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման համար մեղադրեց «անգլո-սաքսոններին»՝ Արևմուտքին մեղադրելով հերթական հակամարտության և «երկրորդ ճակատ» բացելու համար: Կրեմլի մեկ այլ քարոզչամիջոց համարվող «Օկտագոն»-ը հայտարարեց, որ Արևմուտքը Հայաստանին դրել է նույն ուղու վրա, ինչ Ուկրաինաjiն, որը կոչվում է «ուկրաինացման ռելսեր»։ Սա ենթադրյալ սպառնալիք է՝ հաշվի առնելով Ռուսաստանի շարունակական ներխուժումը Ուկրաինա:
Սրա հետ կապված Ռուսաստանը նաև զգուշացրել էր Փաշինյանին, որ նա «մեծ սխալներ» թույլ չտա։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, թե Ռուսաստանը համոզված է, որ Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է քանդել երկու երկրների հարաբերությունները և Հայաստանին դարձնում է «Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդ»։
Պատմույթ 3. ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում
Երբ Փաշինյանը բացահայտ քննադատեց Ռուսաստանին՝ կասկածի տակ դնելով, թե այն տարածաշրջանում անվտանգության հուսալի երաշխավոր է, Կրեմլի կողմից վերահսկվող և իշխանամետ լրատվամիջոցներն սկսեցին ընդգծել Ռուսաստանի դերը որպես խաղաղապահ Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է՝ Ռուսաստանի գլխավորած վեց նախկին խորհրդային հանրապետություններից բաղկացած խումբ, որի անդամները պարտավորություն են ստանձնել պաշտպանել անդամ երկրներին, եթե դրանք հարձակման ենթարկվեն։
Հեռուստաուղերձում Փաշինյանը հայտարարեց, որ արտաքին անվտանգության ներկայիս դաշինքներն «անարդյունավետ» և «անբավարար» են, մինչդեռ Կրեմլի լրատվամիջոցները տարածում էին այն ուղերձը, որ ռուս խաղաղապահներն օգնում են հայերին Լեռնային Ղարաբաղում, և որ նրանց ներկայությունը կանխել է հետագա արյունահեղությունը։ Օրինակ՝ ռուսական քարոզչական «Վզգլյադ» թերթը հարցազրույց էր հրապարակել ռուս փորձագետի հետ, որը պնդում էր, թե Արևմուտքը քաղաքական գործիչների և փորձագետների «դեսանտային ուժ» է ուղարկել Երևանում Հայաստանի վարչապետին ցուցարարներից պաշտպանելու համար, մինչդեռ ռուս խաղաղապահները, վտանգի ենթարկելով սեփական կյանքը, օգնում էին Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնց իբր դավաճանել է Փաշինյանը։
Telegram-ում տարածվեցին նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին գովաբանող նյութեր։ Սեպտեմբերի 24-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց՝ «Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչները շնորհակալություն են հայտնում ռուս խաղաղապահներին ցուցաբերած օգնության համար» («Мирные жители Нагорного Карабаха благодарят российских миротворцев за помощь») վերտառությամբ: Տեսանյութն ավելի քան 100,000 դիտում ունեցավ և որպես օրիգինալ բովանդակություն տարբեր ենթագրերով տարածվեց նաև Telegram-ի այլ ալիքներում, այդ թվում՝ RT in Russian, Soloviev և ANNA news ալիքներում։
Հայերին խրախուսում էին միանալ հակակառավարական ցույցերին
Հայաստանում հասարակական հուզումների գագաթնակետին Telegram-ում կրեմլամետ հանրային դեմքերը բորբոքեցին հասարակության զայրույթը՝ տարածելով ապատեղեկատվություն և իշխանությունը տապալելու կոչեր: Օրինակ՝ ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը սեպտեմբերի 20-ին հայտարարեց, թե Փաշինյանը Լեռնային Ղարաբաղից փախստականներին թույլ չի տա մուտք գործել Հայաստան։ «Հայաստանի կողմից Արցախը հանձնելու պայմաններից մեկն Արցախի բնակիչներին դեպի Հայաստան միջանցք չտրամադրելն էր»,- գրել էր նա։
Հաջորդ օրը Փաշինյանն ասաց, որ Հայաստանը պատրաստ է ընդունել փախստականներին և հակահարված տվեց Ռուսաստանի հռետորական հարձակումներին՝ ընդգծված հարցնելով. «Կներեք, եթե խաղաղապահները կարող էին պայմանավորվել հրադադարի շուրջ, ինչո՞ւ չկարողացան նախքան հարձակումը պայմանավորվել, որպեսզի կանխեին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումը։ Ի վերջո, բոլորն ահազանգում էին այդ մասին, մենք էլ ասում էինք, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատված է ադրբեջանական զինտեխնիկայով։ Ինչո՞ւ այն ժամանակ այդ միջնորդական գործունեություն չիրականացվեց։ Սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխաններ տրվեն»: Փախստականների առաջին խումբը Հայաստան ժամանեց սեպտեմբերի 24-ին։
Սեպտեմբերի 20-ի իր գրառման մեջ Բադալյանը նաև նշում էր, որ Հայաստանը պետք է պատերազմ սկսեր՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավումը։ Նա նաև խրախուսում էր կառավարության դեմ իրականացվող բողոքի ցույցերը։ «Կարևոր է հասկանալ, որ յուրաքանչյուր մարդ, ով այսօր չի գալիս Հանրապետության հրապարակ, մեղսակից է լինելու ոչ միայն Արցախի հանձնմանը, այլև Արցախի հայերի ցեղասպանությանը»,- ասաց նա։ Դրանից հինգ օր անց Փաշինյանի հրաժարականը պահանջող հարյուրավոր այլ ցուցարարների հետ Բադալյանը կարճ ժամանակով կալանավորվեց։
Բադալյանի սեպտեմբերի 20-ի գրառումը Telegram-ում հավաքել է մեկ միլիոն դիտում և տարածվել ավելի քան 13,000 անգամ։ Կրեմլի քարոզիչ, ռուսական պետական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նույնպես տարածել էր այդ գրառումը, ինչպես և Կրեմլի քարոզիչ Վլադիմիր Սոլովյովը: Հայաստանն արգելել է Սիմոնյանի մուտքը երկիր։
Սեպտեմբերի 21-ին բողոքի ցույցերն ավելի բուռն դարձան։ X սոցցանցում War Gonzo-ն և դրա հետ կապված Telegram ալիքը հրապարակեցին բողոքի ցույցից տեսանյութ, որի ենթագրերում ասվում էր, թե հանրահավաքի կազմակերպիչները ենթադրաբար «Կրեմլից ազդանշան» են ստացել են: War Gonzo-ի բլոգերն ասում էր. «Երևանի հանրահավաքը նոր թափ է հավաքում։ Երևանում շարունակվում են ռուսամետ ընդդիմության կազմակերպած հանրահավաքները, որոնք ազդանշան են ստացել Կրեմլից։ Հարյուրավոր մարդիկ երթով շարժվում են փողոցներով դեպի քաղաքի կենտրոն՝ վանկարկելով հակակառավարական կարգախոսներ»։
«Логика Маркова» անունով Telegram ալիքը, որը ղեկավարում է Պուտինի նախկին խորհրդական Սերգեյ Մարկովը, գրել է, որ Երևանում բողոքի ակցիաները «դանդաղ» են ընթանում, և որ ընդդիմությունը (պարզ չէ, թե կոնկրետ ով) ավելի շատ մտահոգված է բացատրելու, թե ինչպես են նրանք ծախսել երկրի ռեսուրսները, քան «հեռացնելու դավաճան Փաշինյանին»։
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կրեմլամետ մեսիջները, այդուհանդերձ, չխանգարեցին Հայաստանին հաստատելու իր քաղաքական անկախությունը: Հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Հռոմի ստատուտը։ Ինչպես նշում է Associated Press-ը, «Երկրները, որոնք ստորագրել և վավերացրել են Հռոմի ստատուտը, որի հիման վրա ստեղծվեց Միջազգային քրեական դատարանը, պարտավոր են ձերբակալել Պուտինին»՝ հաշվի առնելով, որ Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահին մեղադրում է Ուկրաինայում գործած հնարավոր ռազմական հանցագործությունների համար: