Շոթա Կինչա, OC Media
Վրաստանի իշխող կուսակցությունը բողոքի ցույցերի մասին երկրի օրենքում հակասական փոփոխություններ է նախաձեռնել, որոնք, ըստ իշխանության քննադատների, խստորեն կսահմանափակեն հավաքների ազատությունը: Փոփոխություններն առաջարկվել են երկրի անվտանգության ծառայության պնդումներից հետո, թե միջազգային խմբերը նպատակ ունեն այս տարվա վերջին երկրում քաղաքացիական բռնի անկարգություններ հրահրել:
Համապատասխան օրինագիծը խորհրդարանական մեծամասնությունը երրորդ ընթերցմամբ ընդունել է հինգշաբթի՝ 74 կողմ, 20 դեմ ձայներով։
Վերջնական քվեարկությունից ժամեր առաջ ցուցարարները փոքր վրաններ են տեղադրել խորհրդարանի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելով առաջարկվող փոփոխություններին:
«Հավաքների և ցույցերի մասին» փոփոխված օրենքն արգելելու է ցուցարարներին տեղադրել «ժամանակավոր շինություններ», որոնք վտանգ են ներկայացնում ցուցարարների համար, խոչընդոտում են հասարակական կարգը պահպանելուն ուղղված ոստիկանության գործողություններին կամ խոչընդոտում են որևէ ձեռնարկության «բնականոն գործունեությունը»։
Քաղաքացիները կարող են նաև տուգանվել ժամանակավոր շինություններ կառուցելու համար, եթե դրանք համարվեն «ոչ էական» կամ «կապ չունենան» հավաքի հետ։
Օրենսդրական փոփոխությունների երկիմաստ ձևակերպումները կասկածներ են հարուցել, որ դրա հեղինակները՝ իշխող մեծամասնության յոթ պատգամավոր, և նրանց կուսակցությունը մտադիր են արգելել հանրահավաքների ժամանակ վրանների, բեմերի, ձայնային սարքավորումների օգտագործումը, ինչպես նաև վառելափայտ բերելն ու այն օգտագործելը հանրահավաքների ժամանակ տաքանալու համար:
Բացի նրանից, որ ոստիկանությունը կարող է բռնագրավել դրանք, ցուցարարներին կարող է սպառնալ մինչև 15 օր վարչական կալանք և 500 լարի (187 դոլար) տուգանք: Ընդորում՝ տուգանքը կարող է տասնապատկվել, եթե պարզվի, որ իրավախախտը ցույցի կազմակերպիչներից է։
«Հավաքների և ցույցերի մասին» օրենքի ներկայիս տարբերակն արդեն թույլ է տալիս սահմանափակել բողոքի ակցիաների ազատությունը, երբ դրանք խոչընդոտում են հասարակական տրանսպորտի աշխատանքը կամ պետական մարմիններին հասանելիությունն ու դրանց գործունեությունը, միջոց, որը հաճախ է կիրառվել իշխանությունների կողմից։
Կանխել հեղափոխությունը
Իշխող կուսակցության պատգամավորներն իրենց այս նախաձեռնությամբ հանդես են եկել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտարարեց, որ հետաքննում է մի խմբի կողմից նախապատրաստվող հեղաշրջման փորձը։ Խմբում ներառված են նաև Ուկրաինայի հակահետախուզության փոխտնօրենը, Ուկրաինայում Ռուսաստանի դեմ կռվող վրացի կամավորներ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին թիկնապահը։
ՊԱԾ-ը պնդել է, որ եթե այս տարվա վերջին ԵՄ-ն հրաժարվի Վրաստանին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալ, ապա հիշյալ խմբի անդամները ծրագրում են հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Թբիլիսիում «վրանների քաղաք» հիմնել։ Նրանք նաև ենթադրաբար նախատեսում են փողոցային ցույցերի ժամանակ վրաններից մեկում ռումբ պայթեցնել անկարգություններ հրահրելու նպատակով:
«Հաստատվել է, որ կազմակերպիչները դիտարկում են Վրաստանում 2014-ին Ուկրաինայում Եվրոմայդանի նման սցենար իրականացնելու հնարավորությունը»,- ասվում է սեպտեմբերի 18-ին ՊԱԾ-ի տարածած հաղորդագրությունում՝ նկատի ունենալով այն բողոքի ալիքը, որը ծայր առավ, երբ Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչը որոշեց չստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը՝ հօգուտ Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացման։ Երեք ամիս տևած բողոքի ցույցերից հետո Յանուկովիչն ու նրա կառավարությունը պաշտոնանկ արվեցին։
ՊԱԾ-ի հայտարարությունից չորս օր անց ռուսամետ ծայրահեղական Alt Info խմբավորումը հայտարարեց «Հակամայդանական շարժման» մեկնարկի մասին, որը, ինչպես իրենք են նշում, պետք է կասեցնի Արևմուտքի կողմից Վրաստանում հեղաշրջում կազմակերպելու փորձը:
«Եթե չեք ուզում տեսնել, թե ինչպես է Թբիլիսին այրվում, ձեր ընտանիքի անդամների [մարմինները] ջարդուխուրդ եղած ու փողոցներում թափված, եթե չեք ցանկանում, որ Վրաստանը կորցնի ավելի շատ տարածքներ, դուք ստիպված կլինեք պայքարել»,- սեպտեմբերի 25-ին զգուշացրել է Alt Info-ի ղեկավարներից Զուրա Մախարաձեն։
Alt Info-ի ուղերձները մշտապես նկատելիորեն համընկնում են իշխող կուսակցության հռետորաբանության հետ, որը նաև բազմիցս զգուշացրել է Վրաստանում պատերազմի վտանգի մասին:
Երբ ընդդիմադիր դաշտի լրատվամիջոցները ՊԱԾ-ին քննադատեցին իր պնդումների վերաբերյալ ապացույցներ չներկայացնելու համար, հոկտեմբերի 2-ին այս կառույցը ճեպազրույց հրավիրեց, որի ժամանակ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID) մեղադրեց վրացի ակտիվիստներին հեղափոխություն պլանավորել սովորեցնելու մեջ և նշեց, որ դեպքի առնչությամբ կատարվում է նախաքննություն։
Ճեպազրույցում ՊԱԾ-ը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Վրաստան բերված սերբական CANVAS խմբի երեք անդամներ ակտիվիստներին սովորեցնում, թե ինչպես իրականացնել բռնի անկարգություններ և ռեժիմի փոփոխություն: Տեսանյութում նաև լսվում է, թե ինչպես են նրանք նկարագրում բողոքի ցույցեր անելու և քաղաքացիական ակտիվության իրենց փորձը և ռազմավարական մոտեցումները ցույցեր կազմակերպելու հարցում:
Իշխող կուսակցության մի շարք բարձրաստիճան գործիչներ շտապեցին կրկնել մեղադրանքները, ընդ որում խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, թե այդ ուսուցման նպատակն է «պետության փլուզումը» և «բռնություն հրահրելը»: ԱՄՆ դեսպանատունը հերքել է մեղադրանքները՝ նշելով, որ դրանք բացարձակապես սուտ են:
Օրինագծի հեղինակներն իրենց առաջարկը հիմնավորելս ուղղակիորեն մեջբերել են ՊԱԾ-ի պնդումները։
«Համաձայն Վրաստանի Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված պետության դրական պատասխանատվության՝ Վրաստանի համապատասխան պետական մարմինները պարտավոր են ողջամիտ գործողություններ ձեռնարկել վերոհիշյալ սպառնալիքը վերացնելու համար»,- ասված է օրինագծի նկարագրության մեջ։
Չնայած ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Ակուբարդիան հայտարարել է, որ ընթացող հետաքննությունը չի կարող որպես փաստարկ օգտագործվել հօգուտ իրավական փոփոխություններ իրականացնելու, խորհրդարանի բյուրոն օրինագիծն ուղարկել է խորհրդարանական հանձնաժողովներ՝ արագացված կարգով քննարկման համար: Մարդու իրավունքների և Իրավական հարցերի մշտական հանձնաժողովներն այն հաստատել են հոկտեմբերի 2-ին:
Փոփոխությունները խստորեն քննադատել են խորհրդարանական խմբեր՝ ներառյալ «Միացյալ ազգային շարժում»-ը, «Եվրոլավատեսներ»-ը և «Հանուն Վրաստանի»-ն, ինչպես նաև իրավապաշտպան խմբերը, այդ թվում՝ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և Վրացական ժողովրդավարության նախաձեռնությունը:
«Միացյալ ազգային շարժում»-ը չորեքշաբթի հայտարարել է, որ օրինագիծն «ուղղակիորեն սպասարկում է Ռուսաստանի Դաշնության շահերը»։
«[Ռուսաստանը] նպատակ ունի Վրաստանը դարձնել այնպիսի երկիր, որը նման է Բելառուսին և Ռուսաստանին, այլ ոչ թե ժողովրդավարական պետության»,- ասվում է չորեքշաբթի կուսակցության տարածած հայտարարությունում։
Մյուս կուսակցությունները նույնպես օրենսդրական այս փոփոխությունները որակել են որպես «մեկ այլ ռուսական օրենք»՝ հղում անելով իշխող կուսակցության մարտին ձախողված նախաձեռնությանը, որը խստացրել է վերահսկողությունը Վրաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների նկատմամբ և դրանք պիտակել որպես «օտար ազդեցության գործակալներ»: Այնուհետև «Վրացական երազանք» կուսակցությանը չհաջողվեց համոզել ցուցարարներին, որ իրենց նախաձեռնությունը հիմնված է ոչ թե ռուսական, այլ ամերիկյան օրենսդրության վրա:
Տեղական դիտորդական խմբերը քննադատել են «Վրացական երազանք»-ի գլխավորած կառավարությանը Թբիլիսիում վրաններ տեղադրելու փորձ կատարող ցուցարարների փորձերը բազմիցս խոչընդոտելու համար, այդ թվում՝ մայիսին Բեկա Գրիգորիադիսին, 2018-ին Զազա Սարալիձեին և 2016-ին Guerilla Gardeners բնապահպանական խմբին: Վրանները կարևոր տեղ են զբաղեցրել մեծ ազդեցություն ունեցած մի շարք ցույցերի ժամանակ, այդ թվում՝ 2000-ականների վերջին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավորած կառավարության դեմ, Իմերեթիի հիդրոէլեկտրակայանների դեմ և Չիաթուրայում աշխատանքային պայմանների բարելավման պահանջով հանքագործների իրականացրած ցույցերի ժամանակ:
Հոկտեմբերի 4-ին Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին միացել է մյուսներին՝ քննադատելով օրենսդրական փոփոխությունները: Իոսելիանին հայտարարել է, որ օրենքի նախագիծը չունի օրինական նպատակ՝ երաշխավորելու «արտահայտվելու ազատության այսպիսի ինտենսիվ սահմանափակում»։
Նախաձեռնությունը քննադատել է նաև Վրաստանի արևմուտքում գործող «Փրկենք Ռիոնի գետը» բնապահպանական խումբը, որը վերջերս արշավ է սկսել Վրաստանի Ռաչա շրջանում հանրային հողերի սեփականաշնորհման դեմ՝ օգտագործելով վրաններ, որոնք նրանց բողոքի արտահայտման ձևն է։