Հոդվածը պատրաստել է Կովկասի ինստիտուտը
Հակամարտության ակունքները
Գորբաչովյան «վերակառուցման» քաղաքականության և ձնհալի հետևանքով աստիճանաբար տաքանում էին Խորհրդային Միությունում առկա, բայց սառեցված էթնոքաղաքական հակամարտությունները։ Խորհրդային հանրապետություններում քաղաքականության ազատականացումը զուգակցվում էր ազգայնականության վերելքով, որը զուգորդվում էր էթնոքաղաքական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարմամբ և վերջիններիս կողմից ցուցաբերված դիմադրությամբ։ Այս հակամարտությունների շարքում իր առանձնահատուկ տեղն ուներ մերձդնեստրյան հակամարտությունը, որը փաստացի սկիզբ է առել 1989-ին, երբ Մոլդովայի խորհրդարանն ընդունեց լեզվի մասին օրենքը, որի համաձայն միակ պաշտոնական լեզուն էր դառնում մոլդովերենը՝ լատինական այբուբենի հիմքով։
Օրենքի ընդունումն առաջացնում է Դնեստր գետի ձախափնյա հատվածի բնակչության դժգոհությունը, որոնց ճնշող մեծամասնությունը ռուսախոս էր։ 1991-ին Դնեստրի ձախափնյա հատվածը ինքնահռչակվում է որպես Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն՝ Տիրասպոլ մայրաքաղաքով։ 1992-ի ամռանը Բենդեր քաղաքում սկսվում են արյունալի բախումներ մոլդովական զինուժի և Մերձդնեստրի գվարդիականների ու նրանց օգնության եկած կամավորականների միջև։ Հակամարտության առաջին «տարօրինակությունն» այն էր, որ հակամարտող երկու կողմերն էլ նշում էին, թե իրենք պայքարում են հանուն Մոլդովայի ինքնիշխանության։ Պարզապես, եթե Մոլդովայի ինքնիշխանության համար պայքարը Քիշնևն ընկալում էր ռուսական ազդեցության նվազեցման միջոցով, ապա Տիրասպոլը Մոլդովայի ինքնիշխանության համար պայքարն ընկալում էր ռումինական ազդեցության սահմանափակման միջոցով։
Բանակցային ձևաչափը
Հակամարտության տաք փուլն ավարտվեց 1992-ի հուլիսին հակամարտության գոտում ռուսական խաղաղարարների տեղակայմամբ և Մոսկվայում ստորագրված «Մերձդնեստրում զինված հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների վերաբերյալ» համաձայնագրով։ Համաձայնագրի իրականացումը պետք է տեղի ունենար 5+2 ձևաչափով, որի համաձայն՝ Քիշնևն ու Տիրասպոլը ճանաչվեցին որպես հակամարտության կողմեր, Ռուսաստանը և Ուկրաինան՝ խաղաղ կարգավորման երաշխավորներ, ԵԱՀԿ-ն՝ միջնորդ, իսկ ԵՄ-ն և ԱՄՆ-ն՝ դիտորդներ։ Հակամարտության կարգավորումը թվում էր իրատեսական 2000-ականների սկզբներին, երբ Մոլդովայի նախագահի խնդրանքով ՌԴ-ն ակտիվացրեց իր միջնորդական ջանքերը։ Համաձայն հակամարտության կարգավորման ռուսական՝ «Կոզակի» պլանի, հակամարտությունը նախատեսվում էր կարգավորել Մոլդովայի ֆեդերալացման ճանապարհով։ Սակայն Մոլդովայի իշխանությունները տեղի տվեցին ընդդիմության փողոցային ակցիաներին, և հակամարտությունը շարունակեց իր սառեցված գոյությունը։
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո 5+2 ձևաչափում հակամարտության կարգավորումը դարձել է անհնարին, քանի որ հակամարտության խաղաղ կարգավորման երաշխավորները պատերազմում են միմյանց դեմ։ Հակամարտության երկրորդ տարօրինակությունն այն էր, որ նրա խաղաղ կարգավորման երկու երաշխավորներն էլ ցանկություն ունեին ռազմական ճանապարհով խնդիրը հանգուցալուծելու։ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հաջողությունների փուլում Ռուսաստանում հնչում էին հայտարարություններ մինչև Մերձդնեստրի սահման ռազմական գործողություններ ծավալելու և ցամաքային կապ հաստատելու մասին։ Ռուսական զորքերի անհաջողությունից հետո հակամարտության խաղաղ կարգավորման մյուս երաշխավորը՝ Ուկրաինան, ևս ցանկություն ուներ ռազմական միջամտություն դրսևորելու և Մերձդնեստրում գտնվող ռուսական զորամիավորումների նկատմամբ գործողություններ իրականացնելու։ Սակայն քաղաքական և դիվանագիտական միջոցներով հնարավոր եղավ կանխել ուկրաինական զորքերի կողմից Մերձդնեստրում գործողություններ իրականացնելու հնարավորությունը։
Տնտեսական փոխկապակցվածությունը
Մերձդնեստրի հակամարտության երրորդ տարօրինակությունը հակամարտող կողմերի միջև տնտեսական ինտեգրացիան և փոխկապակցվածությունն է։ Նախևառաջ, կարևոր է ընդգծել, որ Դնեստրի երկու ափերի միջև առկա է մարդկանց և ապրանքների շարժունակության ազատություն։ Չնայած Մերձդնեստրի կողմից վերահսկվող հատվածների մուտքի մոտ առկա է մաքսակետ, Դնեստրի երկու ափերի հազարավոր բնակիչներ իրենց տնտեսական կարիքներից ելնելով փոխադարձաբար այցելում են Քիշնև և Տիրասպոլ։ Մերձդնեստրում գործող ֆուտբոլային «Շերիֆ» թիմը մասնակցում է Եվրոպայի առաջնությանը Մոլդովայի դրոշի ներքո։ Մոլդովայի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացումից հետո, Մերձդնեստրի տասնյակ հազարավոր բնակիչներ ընդունել են Մոլդովայի քաղաքացիություն։
Մերձդնեստրի տնտեսությունը հիմնված է ուշ խորհրդային շրջանում կառուցված մի քանի արդյունաբերական հսկաների գործունեության վրա։ Արդյունաբերական այդ կառույցներից առանցքային են «Ռիբնիցկի» մետալուրգիական կոմբինատը և «Մոլդովա» ջերմաէլեկտրակայանը, որի արտադրած էլեկտրաէներգիան արտահանվում է Քիշնև և ապահովում Մոլդովայի էներգետիկ կարիքները։ Արդյունաբերական այդ հսկաների կենսունակությունը հնարավոր է պահպանել այն բանի շնորհիվ, որ Ռուսաստանի կողմից Մերձդնեստրին բնական գազը մատակարարվում է գրեթե անվճար։ Պարտքը, որը գոյանում է Մերձդնեստրին «անհատույց» գազամատակարարումների դիմաց, փաստացի գոյանում է Մոլդովայի Հանրապետության (Քիշնևի) հաշվեկշռին, և այն այժմ գերազանցում է 7 մլրդ ԱՄՆ դոլար։ Հակամարտության հաջորդ տարօրինակությունն այն է, որ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Մերձդնեստրին շարունակվում է անգամ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հանդեպ սկսված պատերազմից հետո։
Մերձդնեստրի տնտեսական կենսունակության ապահովման գործում Ուկրաինան ունեցել է անուրանալի ներդրում։ Մինչև 2020-ի համավարակի և 2022-ին ուկրաինական պատերազմի բռնկումից հետո Մերձդնեստրը Ուկրաինայի տարածքով անխոչընդոտ և փաստացի անվերահսկելի տնտեսական կապ ուներ Ռուսաստանի և այլ տարածաշրջանների հետ։ Դա հնարավորություն էր ընձեռում նաև ստվերային տնտեսության ձևավորմանը, որի արդյունքում Մերձդնեստրում ձևավորվել է տնտեսական-քաղաքական մոնոպոլիա ի դեմս «Շերիֆ» հոլդինգի և նրա կողմից հովանավորվող «Նորացում» կուսակցության։
Ուկրաինական պատերազմն ու հակամարտության նոր ձևաչափը
Պատերազմի մեկնարկից հետո Մերձդնեստրը Ուկրաինայի կողմից գտնվում է փաստացի շրջափակման մեջ, ինչը հնարավորություն է ընձեռել Քիշնևին իր վերահսկողության տակ առնել Մերձդնեստրի ամբողջ առևտրաշրջանառությունը։ Այսպիսով, մի կողմից Մերձդնեստրի տնտեսական և քաղաքական էլիտայի կախվածությունն է մեծացել Քիշևից, մյուս կողմից՝ Մերձնեստրի քաղաքացիներին աշխարհի հետ կապող միակ ուղին փաստացի անցնում է Քիշնևով։ Ուստի Մերձդնեստրի ավելի ու ավելի շատ բնակիչներ են իրենց իրավաքաղաքացիական հարաբերություններն աստիճանաբար կարգավորում Մոլդովայի Հանրապետության հետ։ Բացի այդ, Մերձդնեստրի հազարավոր բնակիչների համար ԵՄ պետությունները դարձել են աշխատանքային միգրացիայի նոր ուղղություն, իսկ Մերձդնեստրում արտադրված ապրանքների արտահանման հիմնական ուղղությունը դարձել է ԵՄ-ն։ Այսպիսով, 2022-ի փետրվարի 24-ից հետո փոխկապակցվածությունը միայն մեծացել է, քանի որ Մերձդնեստրը զրկվել է ճանապարհային այլընտրանքներից։
Ուկրաինայում կրած անհաջողությունների հետևանքով Ռուսաստանի քաղաքականությունն ու վերաբերմունքը Մերձդնեստրյան հակամարտությանը կրել է որոշակի փոփոխություններ։ Ռուսաստանի համար այժմ միակ քաղաքական գերակայությունը Ուկրաինայի հետ պատերազմում հաղթանակն է, ուստի նա ունի ժամանակի և ռեսուրսների սղություն այլ հակամարտություններին ուշադրություն հատկացնելու համար։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում փաստացի հիշատակում չկա Մոլդովայի և Մերձդնեստրի մասին, ինչը ևս խոսում է քաղաքական գերակայությունների վերափոխման մասին։ Ակնհայտ է, որ այժմ ռուսական կողմի կարճաժամկետ նպատակն է Մերձդնեստրի հակամարտության՝ սառեցված վիճակում պահպանումը, սակայն այս նպատակի իրագործման համար ևս անհրաժեշտ են ռեսուրսներ, որոնց առկայությունն էլ կախված է Ուկրաինայում ռազմական շրջադարձներից։
Հ․Գ․
Թեպետ Մերձդնեստրի և Արցախի հակամարտությունները ծագումնաբանական առումով ունեին մի շարք ընդհանրություններ, սակայն հետխորհրդային երկու հակամարտությունները զարգացել և վերափոխվել են տարբեր ուղղություններով։ Մերձդնեստրի հակամարտությունն առավելապես խարսխված էր ոչ թե էթնոքաղաքական, այլ պատմամշակութային ինքնության վրա։ Բացի այդ, Մոլդովայի Հանրապետությունը քաղաքական մշակույթի տեսանկյունից էականորեն տարբերվում է Ադրբեջանից և չի ձգտում էթնիկ զտման քաղաքականություն իրականացնել Մերձնեստրի բնակիչների հանդեպ տնտեսական շրջափակումների և ռազմական ճնշումների կիրառման միջոցով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ադրբեջանի հիմնական դաշնակիցը Թուրքիան է, իսկ Մերձդնեստրի հակամարտությունում Մոլդովայի ռազմավարական դաշնակիցը Ռումինիան է, որը ԵՄ անդամ պետություն է։
Գոռ Պետրոսյան