Մոսկվայի հրավերով եռակողմ հանդիպմանը Երևանն ուղարկում է արտգործնախարարի տեղակալին

Հայաստանը արտգործնախարարի փոխարեն Բիշքեկ կուղարկի տեղակալին՝ եռակողմ հանդիպման հրավերին ի պատասխան։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռևս հոկտեմբերի 4-ին գրավոր տեղեկացրել է ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը: Այդ մասին «Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РБК-ի հետ հարցազրույցում հայտնել էր, որ Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Գալուզինը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը հանդիպմանը մասնակցելու համաձայնությունն արդեն տվել է։

***

Հայ-ադրբեջանական վերջին հանդիպումը կայացել էր հուլիսի 25-ին Մոսկվայում։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, սահմանազատման և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցերը։

Հուլիսի 15-ին Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցությունից, որի շրջանակում նախատեսված էր հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հնգակողմ ձևաչափով հանդիպմանը պետք է մասնակցեին Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարները, ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Մեկնաբանել