Իշխանությունը չի տեսնում մեծ պատկերը. սա միայն իմ խնդիրը չէ. Վարդան Օսկանյան

«Կարծում եմ, որ խորհրդարանում արդեն ամեն բան որոշված է, և այժմ խոսում եմ միայն հանրության համար»,- այսօր «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում նշեց ՀՀ նախկին արտգործնախարար, «ԲՀԿ» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը` խոսելով խորհրդարանում դատախազության` իրեն անձեռնխելիությունից զրկելու միջնորդագրի շուրջ քննարկումների մասին:

Օսկանյանը ներկայացրեց Հանթսմանի նամակը, որում նշվում է, որ նվիրատուն տեղյակ է, որ գումարի որոշ մասն իր մոտ է, և վստահում է իրեն` տնօրինումը լիովին թողնելով իր հայեցողությանը: «Այնպես, որ այդ ժամկետային խնդիրը, թե ես ինչու եմ ուշ փոխանցել, դուրս է գալիս: Իսկ մյուս խնդիրն այն է, որ ես իբրև այդ գումարից օգտագործել եմ: Ընդհակառակը, ես իմ անձնական գումարներից «Սիվիլիթաս»-ին գումար եմ տվել, երբ բանկում լրանալիս է եղել վարկի ժամկետը. որպեսզի գումարներ չկորցնենք»,- ասաց նա:

Ըստ նրա` խնդիրն իրականում այն է, որ դատախազությունն ու իրավապահ մարմինները մտել են մի այնպիսի ոլորտ, որը շատ ընտրովի է: «Եվ ահավասիկ այստեղ է քաղաքական պատվերը: Եթե յուրացվել է, ինչ-որ մեկի փողն է յուրացվել: Կամ Հանթսմանի փողը, ով տվել է փողը, կամ` «Սիվիլիթաս»-ի, ում նա տվել է փողը: Ուրեմն Հանթսմանը կրնա բողոքել, կամ` «Սիվիլիթաս»-ը: Բայց հակառակն է: Երկու կողմն էլ ասում են` ոչ թե դժգոհ ենք, որ այսպես է եղել, այլ` հենց այսպես էլ պիտի լիներ: Հետո, եթե փողը յուրացվել է, այդ փողը պիտի չլիներ: Բայց փողը կա: Ավելին, ես իմ գումարների հմուտ օգտագործմամբ` «Սիվիլիթաս»-ին օգուտ եմ բերել: Ո՞ւր է յուրացումը, ո՞ւր է լվացումը»,- նշեց նա:

Օսկանյանի կարծիքով` այս գործընթացը ուղղված է բացառապես իր և ԲՀԿ-ի դեմ: «Հաշվի առնելով մեղադրանքների հիմնավորումները և ժամանակը, որ գործը հարուցվել է, որևէ մեկի մոտ չի կարող կասկած լինել, որ սա քաղաքական նպատակ ունի և փորձում են այս միջոցով «Բարգավաճ Հայաստան»-ին թուլացնել»,- նշեց նա: Օսկանյանն ասաց, որ կանխատեսումներ անել չի ցանկանում, սակայն ստեղծված իրավիճակում այլ բան չի մնում, քան փաստել, որ իշխանության միակ հզոր այլընտրանք ԲՀԿ-ն մտահոգում է իշխանություններին, և իր խնդիրն այս պահին օգտագործվում է` որպես լծակ:

«Բայց ով որ այս ամենը մտածել է, լավ չի հաշվարկել: Մենք պիտի հասկանանք, թե այս ամենը Սփյուռքի կողմից ինչպես է ընկալվում, մեր քաղաքացիների կողմից ինչ վերաբերմունքի է արժանանում: Բայց մենք պիտի հասկանանք, որ ունենք Ղարաբաղի հարցը, որի համար ունենք Սփյուռքի վստահության պահանջը: Իմ անձնականը մի կողմ թողնենք: Հիմա ուղղակի աշխարհը նայելու է ու ասի` մենք, ի՞նչ է, տաս տարի աշխատել ենք մի մարդու հետ, ով փողերի լվացմա՞մբ է զբաղվել: Իշխանությունը չի տեսնում մեծ պատկերը»,- ասաց նա:

Օսկանյանը հիշեցրեց, որ Freedom House-ի սանդղակում Հայաստանը հիմա կիաավտորիտար ու ավտորիտար երկրիների միջև սահմանագծին է` կիսաավտորիտարների մեջ, իսկ այս մի դեպքի համար կարող ենք անցնել ավտորիտար երկրների շարքը:

Նրա կարծիքով այս պահին Հայաստանը փակուղում է, և դժվար է ասել` ինչպես կարելի է ելք գտնել: Իշխանություն պահելու միակ ձևը ժողովրդի գոհությունն է, իսկ երբ դա չկա, մնում է միայն մեկ ելք` օգտագործել ճնշելու, վախեցնելու լծակները: Ըստ Օսկանյանի` ոչ ճիշտ քաղաքական դաշտը պետք է մաքրել, և դա պետք է սկսվի լրատվամիջոցների ազատականացումից: Նա նկատեց, որ իշխանության կողմից հսկվող հեռուստատեսությունները` «Հ1»-ը, «Արմենիա»-ն, «Արմնյուզ»-ը, ներկայացնում են դեպքերը միայն իրենց հաճո տեսանկյունից և նույնիսկ խնդրի կենտրոնում հայտնված մարդուն եթեր չեն տրամադրում:

Վարդան Օսկանյանը նշեց, որ պայքարելու է մինչև վերջ` համառորեն հաղթահարելով խոչընդոտները: