Հայ այլախոհների պատմությունից․ Պարույր Հայրիկյան

Լուսինե Վարդանյան

1953-ին Ստալինի մահից հետո՝ խրուշչովյան ժամանակները որոշ ազատություններ են բերում։ Ավարտվում են ստալինյան բռնաճնշումները՝ զանգվածային ձերբակալությունները, գնդակահարությունները, աքսորը։ Վերանում է ԳՈՒԼԱԳ-ը։ Խրուշչովյան ձնհալից հետո՝ Բրեժնևի պաշտոնավարման ժամանակ՝ 1964-ից, զանգվածային բռնությունները չեն վերականգնվում։

Այլախոհություն եզրը պաշտոնապես վերաբերում է 1960-ից սկսված շրջանին, սակայն այն ավելի վաղ էլ դրսևորումներ ուներ։ Ձևավորված շարժումներ կային բալթյան երկրներում, Ուկրաինայում, Վրաստանում, Ռուսաստանում։ Հայաստանում ևս տեղի են ունենում վերաձևումներ՝ թույլատրելի հայրենասիրության ֆոնին։ Հայրենասիրությունը վերածվում է ազատամտության, ազատամտությունից՝ անկախության համար պայքարի։

Պարույր Հայրիկյանի գաղափարների ձևավորման գործում մեծ դեր են ունեցել նրա ընթերցասիրությունն ու հայրը։ Աշխարհագրության դասին, երբ առաջին անգամ իմացել է, որ Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռը Հայաստանում չէ, շատ էր զարմացել, հետո պարզել, որ բոլորը՝ հայրը, ուսուցչուհին տեղյակ են դրա մասին, և շատ հանգիստ են խոսում այդ մասին։ Տասը-տասնմեկ տարեկան Պարույրի համար դա թևաթափություն էր։ Նա սկսում է ուսումնասիրել պատմությունը, տեղեկանում Ցեղասպանության, ստալինյան բռնաճնշումների մասին։

Դպրոցական տարիներ

Հայրիկյանի համար դեռ դպրոցում տեղի ունեցող շատ բաներ ընկալելի չէին։ Օրինակ՝ ջոկատավար էին նշանակում, բայց ասում էին, որ ընտրել են նրան։ Այսպես սկսում է Հայրիկյանի կոնֆլիկտը կյանքում ոչ ներդաշնակ երևույթների դեմ։

9-րդ դասարանում նա ստեղծում է դպրոցական գաղտնի խումբ։ Խմբի անունն էր «Անխախտ եռյակ», քանի որ անդամները երեք ընկեր էին։ Հետո միացավ չորրորդ ընկերը, և ստեղծվեց արդեն Հայ երիտասարդների միությունը՝ 1965-ին։

Հայրիկյանը պատմում է, որ այն ժամանակ խորհրդային կարգերի դեմ իրենց գլխավոր խնդիրն էր, որ այն դեմ էր հայրենասիրական զգացումներին։

Չնայած խմբի անվան մեջ տեսնում ենք «երիտասարդներ» բառը, այս խմբի անդամներ դառնում էին նաև մեծահասկներ, օրինակ՝ Հայրիկյանի մանկապարտեզի դաստիարակչուհին, որի տան նկուղում էլ տպագրական գործունեություն էին ծավալում։

Պետական անվտանգության կոմիտեին կարելի է խաբել

1967-ին Երևան-Կիրովական գնացքում թռուցիկներ բաժանելիս բռնվում է խմբակի անդամներից Մարիան։ ՊԱԿ-ը նրան մի քանի օր հարցաքննում է։ Նա չի ասում, թե ումից է ստացել թռուցիկները։ Հայրիկյանը ասում է, որ Մարիայի օրինակով հասկացան՝ ՊԱԿ-ից կարելի է ոչ միայն չվախենալ, այլև հրաժարվել նրանց ինչ-որ բան ասել։

Այնուհետև նրանք դիմում են խորամանկության։ Երբ խմբակից Ազատ Արշակյանն իմանում է Մարիային հարցաքննելու դեպքի մասին, առաջարկում է ասել՝ իբր թռուցիկներն ինքն է գտել իրենց դպրոցում, տվել է Պարույրին, Պարույրն էլ՝ Մարիային։ Այսպիսով՝ փակ շղթա էր ստացվում, քանի որ Ազատ Արշակյանենց դպրոցում թռուցիկներ իրապես բաժանվել էին, և ՊԱԿ-ը ավելի ուշ դա հայտնաբերեց։

Հասկացան, որ ՊԱԿ-ին կարելի է նույնիսկ մոլորեցնել

Ամբողջ Նուբարաշենն ու Էրեբունին խոսում էին, որ կա Պարույր անունով մի երիտասարդ, և գործում է հայրենասիրական մի խումբ։ Խմբի անդամներից Ժիրայրի միջոցով Պարույր Հայրիկյանը 1967-ին ծանոթանում է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության հիմնադիրներից Շահեն Հարությունյանի և Ստեփան Զատիկյանի հետ։ Նրանք զարմանում են, որ կա 26-հոգանոց ընդհատակյա խումբ։ 1967-ի ապրիլին խմբի երկու աղջիկ և չորս տղա արդեն կուսակցության անդամներ էին։

Այսպես ստեղծվում է նաև Ազգային միացյալ կուսակցության երիտասարդական կառույց Շանթը՝ արգելված գրող Լևոնի Շանթի անունով։ 1967-ի դեկտեմբերին կազմակերպության տասնչորս անդամները հայտնի դարձան Պետական անվտանգության կոմիտեին։

Հայրիկյանը նշում է, որ Շանթի միջոցով Ազգային միացյալ կուսակցության անդամներ դարձածների հիմնական նորամուծությունն այն էր, որ նրանք պետականության վերականգնման բարձր նպատակը անմիջականորեն կապեցին ժողովրդավարության հետ։

Կուսակցության ղեկավարների ազատազրկումից հետո Հայրիկյանը շարունակում է նրանց գործը։ Նա հասկացավ, որ կառույցը պահպանելու, Ազգային միացյալ կուսակցությունը պահպանելու համար հարկավոր է այն շատ ճյուղերի բաժանել։ Մինչև իր ձերբակալումը՝ 1969-ը, Հայրիկյանը հասցնում է ստեղծել 15 ճյուղ՝ 63 անդամներով։

Կար հիմնականում երկու բաժին՝ Երկունք և Ցասում։ Երկունքը շատ մեծ քանակությամբ տարածվեց Երևանում, Կիրովականում (Վանաձոր) և Լենինականում (Գյումրի):

Առաջին կալանքն ինձ համար դպրոց էր

1969-ին Հայրիկյանը առաջին անգամ ազատազրկվում է չորս տարով՝ հակախորհրդային ագիտացիայի և պրոպագանդայի համար։ Այդ տարիներն անցկացրել է Մորդովիայի քաղաքական կալանավայրերում: Նա պատմում է, որ առաջին կալանքից հետո վերդառանալուց հետո ոչ միայն հասկացել էր մարդու իրավունքների կարևորությունը, այլև այն, որ կալանքը դպրոց էր, որի միջոցով բացահայտեց, թե ինչպես կարելի է հասնել անկախության Խորհրդային Միության պայմաններում։

1973-ին Երևան վերադառնալուց հետո Հայրիկյանը վերականգնում է անգործության մատնված կառույցները, որդեգրում է «Անկախություն՝ հանրաքվեի ճանապարհով» ռազմավարությունը և ստեղծում Ազգային միացյալ կուսակցության ղեկավար մարմին՝ ԱՄԿ խորհուրդ։ Ընտրվում է դրա ղեկավար։ 1974-ին Հայրիկյանը կրկին ազատզրկման է դատապարտվում, այս անգամ՝ տասը տարվա ազատազրկման ու աքսորի։

«Մենք գերված ենք, աքսորված ենք, բայց երկի՛ր, դու ազատ կլինես»

Հայրիկյանը պայքարը շարունակում էր կալանավայրերում՝ հացադուլներ, բողոքագրումներ, փորձեր՝ պահպանելու կապը դրսի աշխարհի հետ։ Կալանաժամկետի ավարտից երեք ամիս առաջ նրա ժամկետին ավելացնում են ևս երեք տարի և երեք ամիս, տեղափոխում Պերմի բանտ, ապա՝ Իրկուտսկի մարզի քրեական հանցագործների համար նախատեսված կալանավայր։

Հայրիկյանը Երևան վերադառանում է 1987-ին։ Չորս ընկերների հետ ԱՄԿ-ն դուրս է բերում ընդհատակից ու վերանվանում Ազգային ինքնորոշում միավորում: Այն գործում է մինչև այսօր։

Հայրիկյանը բանաստեղծություններ և երգեր էր գրում։ Դրանցից շատերը գրել է հենց կալանավայրերում և բանտերում։ Ասում է, որ երգերն իր արժեքների խտացումն են։ Քսան տարեկանում գրված երգերի հռետորաբանությունն արյունը, վրեժն ու հատուցումն էր, հետագայում արդեն՝ հույսը, հավատն ու սերը։

Կարդացեք նաև՝

Խորհրդային դիսիդենտների պատմությունից․ Ազատ Արշակյան

Հայ այլախոհների պատմությունից․ Արսեն Ղազարյան

Դիտեք նաև՝

Մեկնաբանել