Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում առջևում է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությունը: ԿԸՀ նախնական հաշվարկների համաձայն՝ Իվանիշվիլիի կուսակցությունը ստացել է ընտրողների 54% քվեն, իսկ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը»՝ 41%-ը: Մնացած կուսակցությունները առայժմ 5%-ից ավելի քվե չեն հավաքել: Ըստ ԿԸՀ-ի՝ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 61%-ը:
Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը Թբիլիսիից, ԿԸՀ-ն շատ դանդաղ էր աշխատում, տարածքային ընտրատեղամասերից արդյունքները արագ չէին հասնում ԿԸՀ:
Մեծամասնական ընտրակարգում 73 տեղերը գրեթե հավասար են բաժանվում ընդդիմության և իշխանական կուսակցությունների միջև: Թբիլիսիում ընդդիմությունը ջախջախիչ հաղթանակ է տանում: Թբիլիսիի գրեթե բոլոր մեծամասնական ընտրատարածքներում հաղթում են Իվանիշվիլիիկուսակցության թեկնածուները: Սաակաշվիլին ուշ երեկոյան դիմեց վրաց ժողովրդին և փաստացի ընդունեց, որ իշխանական կուսակցությունը պարտվում է: Ամբողջ գիշեր Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտան և Ազատության հրապարակը վերածվել էր տոնախմբության յուրատեսակ վայրի:
Ջավախքում նախագահ Սաակաշվիլիի կուսակցությունը հաղթում է:
Իվանիշվիլիի հաղթանակը ընտրություններումն շանակում է, որ մեկ տարի անց երկրում ամբողջ իշխանությունը կանցնի նրան, քանի որ Վրաստանի նոր սահմանադրությամբ, որը ուժի մեջ է մտնում 2014թ., կառավարաման նախագահական համակարգից անցում է կատարվելու խորհրդարանական համակարգի:
Թաթուլ Հակոբյան, Թբիլիսի