Պերեստրոյկա, բնապահպանություն և Ղարաբաղյան շարժում․ Տիգրան Պասկևիչյանի հուշերից

Հասմիկ Հովհաննիսյան

Հայ բանաստեղծ, լրագրող, հասարակական գործիչ Տիգրան Պասկևիչյանը ծնվել է 1965-ի փետրվարի 21-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի Բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի և գրականության բաժնում։ 1984-ին զորակոչվել է խորհրդային բանակ։ Այդ տարիներին Խորհրդային Միությունում սկսվում է «Պերեստրոյկան»՝ վերակառուցման քաղաքականությունը, որը ենթադրում էր տնտեսական բարեփոխումներ, մարդու իրավունքների վերարժևորում, հրապարակայնություն (гласность), գրաքննության թեթևացում և այլն։

«Պերեստրոյկան» ու բնապահպանական շարժումը

Հայաստանում «Պերեստրոյկայի» արդյունքներից էր 80-ականներին սկիզբ առած բնապահպանական շարժումը, որի ակտիվ մասնակիցներից էր Տիգրան Պասկևիչյանը։ Խորհրդային բանակում ծառայությունը նոր ավարտած՝ Պասկևիչյանը 1987-ին համախոհ ընկերների հետ հիմնում է «Գոյապայքար» բնապահպանական կազմակերպությունը, որի կազմում հիմնականում Երևանի պետական համալսարանի ուսանողներ էին։

«Պահանջ էր դրված, որ պետք է դադարեցվի Նաիրիտի [Հայաստանի ամենամեծ քիմիական գործարանը] արտադրությունը, ատոմակայանի փակման խնդիրն էր դրված և նմանատիպ հարցեր։ Ասեմ հետաքրքիր բանը. մեզ ոչ ոք չխոչընդոտեց։ Դա մեզ համար նույնիսկ մի քիչ տխուր էր, որովհետև մենք եռում էինք ու պատրաստ էինք մարտի բռնվել մեր գաղափարների համար։ Ոստիկանությունը՝ շատ քիչ թվով, կողքից ուղեկցում էր, ոչ մի բանով չխանգարեցին, մենք մեր հանրահավաքը արեցինք, գնացինք տուն և սպասում էինք, որ էսա կգա մեր հետևից։ Մեր հետևից չեկան, բնականաբար»։

Ղարաբաղյան շարժումը

Բնապահպանական շարժման հիման վրա կարճ ժամանակ անց սկսվելու էր Ղարաբաղյան շարժումը, որի հիմնական պահանջը Լեռնային Ղարաբաղի Ինքնավարն Մարզի միացումն էր Խորհրդային Հայաստանին։ Շարժումը երկու տարի անց վերածվեց անկախության շարժման։ Շարժման առաջին մասնակիցներից էր Տիգրան Պասկևիչյանը։

«Հայրս շարժման հաջողությանը չէր հավատում։ Ասում էր՝ դուք՝ երիտասարդներդ, ԽՍՀՄ-ի մասին պատկերացում չունեք։ Այդ երկիրը զիջումների չի գնա։ Ես մեծացել եմ շատ ավանդապաշտ ընտանիքում։ 1987-ին Չարենցի 90-ամյակն էր, բանաստեղծ Վահագն Դավթյանը ելույթ էր ունենում Օպերայում ու Ստալինի մասին ահավոր բաներ էր ասում՝ արյունարբու Ստալինը և այլն։ Հորաքույրս արդուկ էր անում, և ձեռքից ընկավ արդուկը։ Ապշել էր, որ հեռուստացույցով կարելի է ասել «արյունարբու Ստալին»։ Սա էր տան ընդհանուր մթնոլորտը։ Բայց 1970-ականներից սկսած՝ դիսիդենտական չասեմ, բայց վախը հաղթահարված էր։ Պատմում էինք քաղաքական անեկդոտներ, կարող էինք կատակներ անել Բրեժնևի և Պոլիտբյուրոյի մասին։ Լսում էինք արևմտյան ռադիոկայաններ։ Կային որոշ անհատներ, որոնք ուղղորդում էին մեր աշխարհայացքը։ Դա առաջին հերթին Լևոն Ներսիսյանն էր ու Ռաֆայել Իշխանյանը՝ բանասիրական ֆակուլտետից։ Նրանք սիրում էին նաև ուսման ֆորմալ պրոցեսից դուրս շփվել։ Առաջինը ճանաչել եմ Սամվել Գևորգյանին, որը, ինչպես հետո իմացա, առաքելություն ուներ՝ մտնել ուսանողական խմբերի մեջ, ման գալ, թե ովքեր են քիչ թե շատ աչքաբաց երեխեքը, փորձել նրանց բացատրել, թե ինչ է կատարվում իրականում ու մղել նրանց ակտիվիզմի։ Համալսարանում ամեն տարի դեկտեմբերին լինում էր ուսանող-բանաստեղծների փառատոն։ Նստած էի, զգացի, որ Սամվել Գևորգյանը տեղը կամաց-կամաց փոխելով գալիս է դեպի ինձ։ Կարծես թե տարիքային տարբերությունները ջնջված լինեին»։

Փետրվարի 26-ին Օպերայի հրապարակում հավաքված հանրությունը ցրվեց՝ սպասելով ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի ծրագրին, որը պետք է ներկայացվեր մինչև մարտի 26-ը։ Ծրագիրը չներկայացնելու դեպքում հանրությունը մարտի 26-ին նորից պիտի հավաքվեր նույն վայրում։ Մարտի 26-ին քաղաք զորք մտցվեց։ Երևանում հայտարարվեց պարետային ժամ։ Շրջափակվեցին հանրահավաքների վայր դարձած հրապարակները, քաղաքը պաշարվեց: Արգելվեցին բոլոր չարտոնված ցույցերը, «Ղարաբաղ» կոմիտեն հայտարարվեց օրենքից դուրս:

«Ամբողջ երկինքը ուղղաթիռներ էին։ Ժողովուրդը դրանց կատակով ասում էր Պերեստրոյկայի ծիծեռնակներ։ Ու ժողովուրդը շատ ինքնաբուխ,- հիմա դրան Ուկրաինայում ասում են сарафанное радио,- սարաֆանային ռադիոյի ձևով իրար փոխանցելով տարածեցին, որ ստեղծում ենք մեռյալ քաղաք։ Էդ օրերին տնից պարզապես դուրս չենք գալիս։ Ու մարտի 26-27-ից շատ վատ որակի կադրեր եմ տեսել, որ ոչ մի բան չկար փողոցներում։ Կինո Նաիրի, Մոսկովյան, Իսահակյան խաչմերուկն է նկարված, մի տասը րոպե նայում ես, մենակ մի տրամվայ է անցնում, մեջից մարդ էլ չի իջնում։ Այսինքն՝ էդքան կազմակերպված էր էդ ամենը։ Ու մենք սա հաղթանակ էինք համարում»։

Մինչ այդ՝ փետրվարի 27-ին, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի էր ունեցել հայերի ջարդ։ Մայիսի 1-ին Երևանում տեղի ունեցան պաշտոնապես արտոնված մայիսմեկյան ցույցեր։ Մասնակիցները Լեռնային Ղարաբաղի հայերին զորակցության, ինչպես նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարությանը քննադատող պաստառներ էին պահում։

Հուլիսի 5-ին «Զվարթնոց» օդանավակայանի շրջափակման կապակցությամբ խաղաղ նստացույցի ժամանակ երիտասարդ հայ տղամարդ սպանվեց: Զինվորները նախ զգուշացրել էին, որ 30 վայրկյան անց կսկսեն ցրել ցուցարարներին, ապա՝ 30 վայրկյանը չլրացած, հարձակվել: Զոհված երիտասարդի հուղարկավորությունը հարյուրհազարավոր հայերի դուրս բերեց փողոց և փոխեց շարժման ընթացքն ու ուղղությունը. հանրահավաքներում սկսեցին հայտնվել հակախորհրդային կարգախոսներ։ Նոյեմբերին կրկին պարետային ժամ մտցվեց։

Պասկևիչյանը հիշում է նոյեմբերին հայտարարված պարետային ժամը․ «Շատ բազմամարդ հանրահավաք էր Օպերայում։ Էդ ժամանակ ես դրա ամբողջ տարողությունը չէի պատկերացնում։ Գերագույն խորհրդի բոլոր դեպուտատներին ստիպել-բերել էին Օպերա ու ասել էին՝ էստեղ պիտի լինի նիստը, իսկ իրենք հրաժարվում էին նիստ անել։ Դա աննախադեպ երևույթ էր։ Այդ դեպուտատների մեջ կային մարդիկ, որ հասկանում էին, որ, այո՛, շարժում է սկսվել, և պետք է ժողովրդի կողքը կանգնել։ Էդ աննախադեպությունն էր պատճառը, որ մտավ պարետային ժամ։ Մենք էդ ժամանակ ամեն ինչին պատրաստ էինք և շատ արագ սկսում էինք ելքեր գտնել։ Շատ ժամանակ զինվորներն էին հոգնում։ Մի անգամ գիշերը ժամը մեկին Նորքի բարձունքից իջնում էինք, մեզ կանգնեցրին, ասացին՝ երևի լավ չեք, չեք հասկանում, որ պարետային ժամ է։ Ասացինք՝ լավ, դե պարետային ժամ է, կգնանք տուն։ Էդ ուժայիններն էլ չգիտեին՝ ով ինչ է ուզում»։

Ղարաբաղյան շարժումից անկախության շարժում

«Եթե 1988-ի օգոստոս, սեպտեմբեր ամիսներին որևէ մեկը փորձեր մտնել հրապարակ և արտասանել «անկախություն» բառը, էդ մարդուն դուրս կշպրտեին հրապարակից։ 1988-ի օգոստոսին հրապարակվեց Հայոց համազգային շարժման ծրագիրը, և մի անգամ կոմիտեի անդամներից մեկը պատմեց, որ մի քանի օր շարունակ քննարկում է գնացել՝ ծրագրի մեջ «անկախություն» բառը գրել, թե չգրել։ Մարդիկ վախենում էին դեռ էդ գաղափարից։ Բայց եղան որոշ իրադարձություններ, Մոսկվան ինչ-որ դիրքորոշում որդեգրեց, ու մարդիկ կամաց-կամաց հասկացան, որ հույս կապել Սովետական Միության հետ անհնար է»։

1991-ի դեկտեմբերի 10-ին՝ Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց և իրացրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը: Քվեաթերթիկում գրված «Համաձա՞յն եք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն», հարցին «այո» ասաց ավելի քան 108 հազար մարդ (քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ընդհանուր թվի 99,89%-ը), իսկ դեմ քվեարկեց միայն 24 մարդ։

«Ու ժողովուրդը շատ ինքնաբուխ,- հիմա դրան Ուկրաինայում ասում են сарафанное радио,- սարաֆանային ռադիոյի ձևով իրար փոխանցելով տարածեցին, որ ստեղծում ենք մեռյալ քաղաք։ Տնից պարզապես դուրս չենք գալիս էդ օրերին։ Ու մարտի 26-27-ից շատ վատ որակի կադրեր եմ տեսել, որ ոչ մի բան չկար փողոցներում։ Կինո Նաիրի, Մոսկովյան, Իսահակյան խաչմերուկն է նկարված, մի տասը րոպե նայում ես, մենակ մի տրամվայ է անցնում, մեջից մարդ էլ չի իջնում։ Այսինքն՝ էդքան կազմակերպված էր էդ ամենը։ Ու մենք սա հաղթանակ էինք համարում»։

Կարդացեք նաև՝

Խորհրդային դիսիդենտների պատմությունից․ Ազատ Արշակյան

Հայ այլախոհների պատմությունից․ Արսեն Ղազարյան

Հայ այլախոհների պատմությունից․ Պարույր Հայրիկյան

1988-ի շարժումը․ ուսանողական հիշողություններ

Դիտեք նաև՝

Մեկնաբանել