Հայաստանն արտաքին քաղաքական ոչ մի վեկտոր չի փոխում։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական լարված հարաբերություններին։
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները՝ ինչ-որ կա, ոչ մի բան մենք չենք չեղարկել, ոչ մի տեղից դուրս չենք եկել: Մենք ոչ մի մեր պարտավորություն չենք հրաժարվել կատարել, ոչ մի այդպիսի բան չի եղել: Բայց նաև մյուս կողմից մենք պրոբլեմներ տեսել ենք, տեսնում ենք և խոսում ենք դրանց մասին»,- նշեց նա։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրս գալու և Հայաստան հնարավոր տեղափոխման հարցին, Փաշինյանը պատասխանեց․ «ԼՂ-ում նրանց մնալ չմնալու հարցը միայն մեզնից չէ կախված, կամ մեզնից չէ կախված, որովհետև մենք գիտենք նաև, որ այդ թեմայով Ռուսաստանը որոշակի քննարկումների մեջ է Ադրբեջանի հետ: Այս հարցին, ԼՂ-ում մնալ չմնալու հետ կապված ես չեմ կարող շատ ուղիղ և կոնկրետ պատասխան տալ, բայց ձեր հարցի երկրորդ մասը ճիշտն ասած չհասկացա: Հայաստան գան ի՞նչ անեն: Կներեք, ես դրա մեջ տրամաբանություն չեմ տեսնում, որովհետև նրանք ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն են: Եթե նրանք ԼՂ-ից դուրս են գալիս, ուրեմն պետք է գնան Ռուսաստան»։
Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերմանը, վարչապետը նշեց․ «Նրանց այստեղ գտնվելու հիմքերը շատ պարզ են, այդ հիմքերը շարունակում են գոյություն ունենալ և այդ հիմքերի հետ կապված Ռուսաստանի Դաշնությունը և մենք որևէ հարց չենք բարձրացնում»։