Հոկտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Անդրադառնալով Հարավային Կովկասոմ տևական խաղաղության և կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների զսպման, իսկ Ադրբեջանի կողմից դրանց բացակայության հավաստման պարագայում՝ այդ երկրի կողմից խաղաղության գործընթացում կառուցողական ներգրավվելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Միրզոյանն ու Բոնոն մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավել բռնի տեղահանված հայերի համար առկա հումանիտար մարտահրավերների և իրավունքների հասցեագրման շուրջ:
«Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը փաստացի ենթարկել է էթնիկ զտման՝ ի հեճուկս միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ բազմաթիվ հասցեական կոչերի: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ 21-րդ դարում ԼՂ ժողովրդի՝ իրենց հայրենիքից զանգվածային տեղահանման կանխման ձախողումը հերթական անգամ վկայում է նման իրավիճակներում միջազգային դերակատարների կողմից հստակ քայլերի անհրաժեշտության մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման։ Պաշտոնական Երևանի տվյալներով՝ Արցախից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար բռնի տեղահանված անձ: