ԼՂ-ում ռուս խաղաղապահների հարցը կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկով

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ։ Այդ մասին հոկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այժմ նրանք (ՌԴ խաղաղապահները – խմբ․) դե ֆակտո և դե յուրե գտնվում են Ադրբեջանի տարածքում, դա ճանաչում է Հայաստանի վարչապետ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է նրանց գտնվելու հետագա ռեժիմին և բոլոր ուղեկցող հարցերին, ապա, իհարկե, դա կքննարկվի ադրբեջանական կողմի հետ»,- նշել Է Պեսկովը՝ հավելելով, որ ՌԴ-ն կշարունակի շփումները նաև հայկական կողմի հետ։

Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ին կայացած Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի ժամանակ ռուսական խաղաղապահ զորախմբի վերատեղակայման հնարավորության հարցը չի քննարկվել:

Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրս գալու և Հայաստան հնարավոր տեղափոխման հարցերի մասին նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «ԼՂ-ում նրանց մնալ չմնալու հարցը միայն մեզնից չէ կախված, կամ մեզնից չէ կախված, որովհետև մենք գիտենք նաև, որ այդ թեմայով Ռուսաստանը որոշակի քննարկումների մեջ է Ադրբեջանի հետ: Այս հարցին, ԼՂ-ում մնալ չմնալու հետ կապված ես չեմ կարող շատ ուղիղ և կոնկրետ պատասխան տալ, բայց հարցի երկրորդ մասը ճիշտն ասած չհասկացա: Հայաստան գան ի՞նչ անեն: Կներեք, ես դրա մեջ տրամաբանություն չեմ տեսնում, որովհետև նրանք ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն են: Եթե նրանք ԼՂ-ից դուրս են գալիս, ուրեմն պետք է գնան Ռուսաստան»։

***

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման։ Պաշտոնական Երևանի տվյալներով՝ Արցախից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար բռնի տեղահանված անձ:

Մեկնաբանել