Այլևս ստիպված չեմ խոսել ընտանիքիս ցավալի անցյալի մասին

Հայրս 45 տարվա բանկիր է, մայրս՝ տնային տնտեսուհի: Ի տարբերություն Լիբանանում ապրող հայերի մեծ մասի՝ ես հայկական դպրոց չեմ հաճախել: Միշտ տպավորություն եմ ունեցել, որ իմ կյանքում ինչ-որ մեծ բան պակասում է: Թեև ընտանիքում հայերեն ենք խոսել, մեծացել եմ հայկական միջավայրում, միշտ հայկական ցանկացած բանի կարոտ եմ ունեցել: Արդյունքում շատ զավեշտալի է ստացվել՝ բոլոր այն մարդիկ, որ հայկական դպրոց էին հաճախում, մնացին Լիբանանում, իսկ ես տեղափոխվեցի Հայաստան: Հատուկ դասընթացների էի մասնակցում, որպեսզի կարողանամ հայերեն գրել և կարդալ սովորել, իսկ այստեղ արդեն գործի բերումով շատ եմ կարդում, և լեզուս բացվել է:

Դեռ ուսանելու տարիներին տեղափոխվեցի Հայաստան: Պատրվակն այն էր, որ պիտի գամ այստեղ՝ Ամերիկյան համալսարանում ուսումս ավարտելու: 2002թ. ուսումս ավարտելուց հետո սկսեցի մտածել, թե ինչով կարելի է զբաղվել։ Ինձ համար ավելի հասանելի էր ռեստորանային գործը, քանի որ այն Լիբանանի ամենամեծ էքսպորտներից է։ Չէի ուզում արաբական խոհանոց բացել, քանի որ այնքան էլ տարածված չէր Հայաստանում, և կանգ առա Squere one-ի գաղափարի վրա: Հետո սկսեցի ընկերներիցս գումար հավաքել պարտքով: Փաստացի ինձ փող տվեցին միայն այն մարդիկ, որ ինձ ճանաչում էին՝ 14 հոգի:

Վախեր կային բնականաբար, բայց ես համարում եմ, որ միայն ռիսկի դիմելով կարելի է ինչ-որ բանի հասնել: Ինձ օգնեց այն, որ համառ եմ: Կանեմ այնքան, մինչև ստացվի: Չե՞ն հավանի Հայաստանում, ոչինչ, կսովորեցնեմ, կհավանեն: Աշխատեցինք, ճյուղավորվեցինք, եկամտաբեր բիզնես դարձավ: Բայց որոշեցի վաճառել, քանի որ հեռանկար չէի տեսնում: Իմ բիզնեսը միացավ ավելի մեծ ցանցի, որի տերերն առաջարկեցին ինձ դառնալ դրա մենեջերը: Ստացվեց, որ երեքի փոխարեն 15 ռեստորան եմ ղեկավարում:

Իրականում ես սիրում եմ մարդկանց հյուրասիրել, և ինձ մոտ ստացվում է այս բիզնեսը: Ասում են՝ դեպի տղամարդու սիրտը տանող ամենակարճ ճանապարհը ստամոքսն է, ես էլ փորձում եմ Հայաստանը ավելի հաճելի դարձնել ստամոքսի միջոցով:

Երեք տարի առաջ իմ մարքեթինգային կազմակերպությունը ստանձնեց նաև «Կիա Մոթորս» ընկերության մենեջմենթը: Մեր առաջին քայլերից մեկը ծառայության որակի բարձրացումն էր: Հայաստանում ավտոմեքենաների պահանջարկը բարձր է, բայց պակասում էր հաճախորդների ճիշտ սպասարկումը: Ինչ-որ չափով իմ մասնակցությունն օգնեց, որ ընկերությունն իր դեմքն ունենա։

Ասում են՝ կյանքում ամենակարևոր ոլորտը ընտանիքն է: Տան համերաշխությունն ինձ օգնեց, որ բիզնեսում էլ առաջ շարժվեմ: Կնոջս հետ այստեղ եմ ծանոթացել, նա հայաստանցի է: Շատ բաներ կան, որ ես ու կինս տարբեր ձևով ենք ընկալում, բայց խոսելով, իրար լսելով՝ ամեն հարց կարելի է լուծել:

Կարոտը շատ է՝ ամբողջ ընտանիքս Լիբանանում է մնացել: Բայց լավ է, որ Լիբանանը շատ հեռու չէ Հայաստանից, կարողանում ենք հաճախ տեսնվել: Նրանք չուզեցին տեղափոխվել, որովհետև արդեն տարիքն առել են, և շատ դժվար է արմատապես փոխել ապրելակերպը, կյանքի դրվածքը: Ես այստեղ եկա 24 տարեկանում, երբ ավելի արկածախնդիր էի։ Այդ ժամանակ այստեղից ավելի շատ գնում էին, ոչ թե գալիս: Դժվար էր համոզել մարդկանց, որ Հայաստանն ապրելու ամենալավ տեղն է: Ինձ համար շատ ուրախ տեղ է, որովհետև ապահով է, և աճելու տեղ ունեմ թե՛ կարիերայում, թե՛ անձնական ոլորտում:

Լիբանանում ապրելիս անընդհատ ինձ համար տհաճ իրավիճակի էի բախվում՝ հայ լինելը միշտ կապված է ցավի հետ: Երբ ինձ հարցնում էին՝ որտեղից եմ, պատասխանում էի՝ Լիբանանից: Արա՞բ ես՝ չէ՛, հայ եմ, բայց, գիտես, 1915թ. մեզ ջարդել են, իմ ընտանիքը փախել է Լիբանան և այլն, և այլն… Հենց այդ թեմաներից հոգնեցի և տեղափոխվեցի Հայաստան:

Հիմա՝ որտեղի՞ց ես՝ Հայաստանից: Ո՞ր երկրի քաղաքացի ես՝ Հայաստանի: Ի՞նչ լեզվով ես խոսում՝ հայերեն: Վերջ: Այլևս ստիպված չեմ խոսել իմ ցավալի անցյալի մասին: Անձնապես ինձ համար այս հարցը կարևոր էր, և ուրախ եմ, որ այն այլևս չկա:

Բացի այդ՝ Լիբանանում շատ ժամանակ էի տրամադրում հայկական համայնքի կյանքին, Հայաստանի հետ կապը պահպանելուն, օգնություն, միջոցառումներ և այլն: Իսկ այստեղ, փառք Աստծո, աշխատում եմ, մի քանի հոգու էլ աշխատանք եմ տալիս, և արդյունքում Հայաստանին օգնելու գործը, որն առաջ գիշերներն էի անում, իմ հիմնական զբաղմունքն է դարձել, ես ժամանակ ունեմ ընտանիքիս համար:

Ինձ դրդեց Հայաստան գալ պայքարից հոգնելը: Մի օր պատկերացրի, որ պիտի ամուսնանամ, երեխաներ ունենամ և անընդհատ ստիպեմ նրանց, որ հայերեն խոսեն: Ու մի օր իրենք ինձ կհարցնեն՝ ինչո՞ւ: Ինչո՞ւ ես մեզ տարել այս երկիրը, լինի դա Լիբանան կամ որևէ եվրոպական երկիր, և ստիպում հայ մնալ: Եթե կարողանամ մասնակցել այս երկրի բարգավաճմանը, երեխաներիս համար այն ապրելու լավ տեղ դարձնեմ, իրենք ոչ միայն կմնան, այլև դրսից նոր մարդիկ կկանչեն տուն, երկիրը կշահի: Սփյուռքը ձուլվելու է, դա ժամանակի հարց է: Շատ դաժան կլինի երեխաներիս հանդեպ իրենց այլ երկիր տանել և պահանջել, որ հայերեն խոսեն: Արդար չէ:

Պատրաստեց Մարիա Հովսեփյանը