Արմեն Աշոտյանը կալանքի մեջ կմնա ևս երեք ամիս

Հոկտեմբերի 11-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշեց ևս երեք ամսով երկարաձգել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը։

Դատավոր Վահե Դոլմազյանը հայտնեց, որ մեղադրյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվում է մինչև 2024-ի հունվարի 15-ը։

Նախնական դատական լսման ժամանակ Աշոտյանն իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը քաղաքական որակեց։

«Այս գործը քաղաքական հետապնդման վառ օրինակ է Հայաստանում։ Սա բացառապես քաղաքական է։ Անդրադառնալով կալանքի հիմքերին՝ 2018-ին ստուգել են Բժշկականը (Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան – խմբ․), ինչ-որ բաներ են գտել, 2019-ին քրեական գործ են հարուցել, 2022-ին նոր ինձ մեղադրանք է առաջադրվել։ Այդ գործը դարձել էր «կորեայի որբ», գերատեսչություններով ֆռում էր՝ ԱԱԾ, ՀՔԾ, մինչև Քննչականում մնաց»,- ասաց նա։

Ըստ Աշոտյանի՝ զավեշտալի է մտածել, որ 2019-2022-ը նման կասկած չկար, որ ինքը կազդի գործով անցնող վկաների վրա ու միայն 2022-ին քննիչները գիտակցեցին, որ նման վտանգ առկա է։

«Զավեշտ է մտածել, որ այդ գործով կարելի է վկաների ու մեղադրյալների վրա ճնշում գործադրել, եթե այդ մարդկանց հետ երեքուկես տարի այս նույն գործով՝ որպես վկա անցել եմ։ Կալանքի թեման ընտրվել է՝ որպես քաղաքական պատիժ և անձնական վրեժխնդրություն իմ անձի նկատմամբ, ուրիշ ոչինչ»,- ամփոփեց ՀՀԿ փոխնախագահը։

Արմեն Աշոտյանն առաջին անգամ կալանվորվեց հունիսի 16-ին՝ երկու ամսով։ Սեպտեմբերի 28-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։

Կրթության նախկին նախարար, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանն ու նույն համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը անցնում են հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումների գործով։

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա ավելի քան 185,5 միլիոն դրամի հափշտակությունը: Տարբեր հանցավոր արարքների հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38,6 մլն ՀՀ դրամի գույքային վնաս:

Մեկնաբանել