Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Երևանի և Բաքվի միջև․ Պուտին

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ռուսական կողմը նաև կարող է կողմերին ընդունել Մոսկվայում բանակցություններ անցկացնելու համար։ Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ։

«Օրակարգում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, որպեսզի վերջնականապես վերջակետ դրվի այս երկարատև հակամարտությանը։ Ռուսական կողմը, անշուշտ, պատրաստ է մեր գործընկերներին այս հարցում աջակցություն ցուցաբերել։ Մասնավորապես, պատրաստ ենք Մոսկվայում ցանկացած ձևաչափով բանակցություններ կազմակերպել, եթե անհրաժեշտ լինի»,- ասել է նա։

Պուտինը նաև հայտարարել, թե Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղում էսկալացիա թույլ չտալու համար․ «Ռուսական կողմը վերջին երեք տարիների ընթացքում զգալի ջանքեր է գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղում էսկալացիա թույլ չտալու համար»։

Ըստ նրա՝ ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց առաքելությունը ԼՂ–ում այն լիազորությունների շրջանակում, որոնք ունեին։

Պուտինը հիշեցրել է, որ ՌԴ աջակցությամբ պատրաստվել են եռակողմ փաստաթղթեր․ «Այս ամբողջ ընթացքում եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, քրտնաջան աշխատանք է տարվել՝ ուղղված երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների կարգավորմանը»։

***

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ, որտեղ հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։

Հայաստանի արտգործնախարարությունն էր հայտարարել, որ Արարատ Միրզոյանի փոխարեն հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РБК-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Գալուզինը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը հանդիպմանը մասնակցելու համաձայնությունն արդեն տվել է։

Մեկնաբանել