Արցախցիները բողոքում են, որ 100 հազար դրամական աջակցության գումարները բռնագանձում են

Արցախցի տեղահանվածների շրջանում գրանցվում են դեպքեր, երբ 100 հազար դրամ միանվագ դրամական սոցիալական աջակցությունը բռնագանձվում է պարտքի դիմաց։

ՍիվիլՆեթի հետ զրույցում Արցախից բռնի տեղահանված Արծվիկ Ջավադյանը պատմեց, որ ինքն առնչվել է նման իրավիճակի։

«Արարատբանկ»-ում քարտը պարտվիրելուց հետո «Հայբիզնեսբանկ»-ից հավաստիացրին, որ վարկի պարտքի դիմաց 100 հազար դրամը չեն բռնագանձելու։ Սակայն հետո պարզեցի, որ 192 հազար դրամի պարտավորությունս դարձավ 92 հազար դրամ»,- պատմում է Ջավադյանը։

Նրա խոսքով՝ բանկը խոստացել է, որ հարցով զբավելու է, սակայն մտավախություն ունի, որ բնակվարձի ու կոմունալ ծախսերի համար նախատեսված աջակցության գումարները ևս կբռնագանձեն։

Արծվիկ Ջավադյանն ասաց, որ մինչև Արցախի շրջափակումը 800 հազար վարկ էր վերցրել գործի համար, սակայն իր գործը մնացել է Արցախում։

Արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը ՍիվիլՆեթին պատմեց, որ բռնի տեղահանված անձինք ամենաշատը բռնագանձված գումարների համար են դիմում իրենց փաստաբանական գրասենյակ․ «Բնակչության մի հոծ զանգված ունի հարկային պարտավորություններ, որոնք ինը ամիս շրջափակման ու անգործ գտնվելու պայմաններում չեն կարողացել մարել, և հայտնվել են հարկադիր ծառայության ուշադրության կենտրոնում։ Այսինքն՝ բանկը դիմել է դատարան, այնուհետև համապատասխան գործընթացների արդյուքնում այդ մարդկանց հաշվեհամարների վրա արգելանք է դրվել։ Շուտով փոխանցվելու են նաև տան վարձի ու կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարները, որոնք բանկը բռնագանձելու է և մարդիկ հայտնվելու են շատ վատ սոցիալական պայմաններում»։

Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից հատկացնում է միանվագ 100 հազարական դրամ: Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով նաև կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած ևս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից և կգործի առնվազն 6 ամիս:

Հայկ Ղազարյան

Մեկնաբանել