Հայաստանը «ոչ մի տեղ չի գնում» ԱՊՀ-ից, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացակայում է Բիշքեկի գագաթնաժողովից՝ «միանգամայն հասկանալի հանգամանքներով» պայմանավորված։ Այս մասին հոկտեմբերի 13-ին Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վարչապետ Փաշինյանն ինձ զանգել է, մենք նրա հետ խոսել ենք նաև այսօրվա գագաթնաժողովի մասին։ Այնտեղ կան հանգամանքներ, որոնք ես միանգամայն հասկանալի եմ համարում։ Չեմ խոսի այդ մասին, ավելի լավ է հարցնեք Հայաստանի վարչապետին։ Բայց որքան ես հասկանում եմ, Հայաստանը ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում»,- ասել է նա։
Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ղարաբաղյան իրադարձություններից հետո նա ոչ մի խոչընդոտ չի տեսնում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար։
Ինչ վերաբերում է ԼՂ-ում ռուս խաղաղապահների մնալու ժամկետի վերաբերյալ հարցին, ՌԴ նախագահը պատասխանել է․ «Ֆորմալ առումով մեր խաղաղապահներն այնտեղ են մինչև 2025 թվականի նոյեմբեր, և մենք, իհարկե, գործընկերների հետ երկխոսության մեջ պետք է որոշենք և լուծենք այն հարցը, թե ինչ և ինչպես ենք գործելու մոտ ժամանակներս։ Դա բանակցությունների ընթացքում մենք կորոշենք»։
***
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ, որտեղ հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Հայաստանի արտգործնախարարությունն էր հայտարարել, որ Արարատ Միրզոյանի փոխարեն հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։ Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РБК-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Գալուզինը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը հանդիպմանը մասնակցելու համաձայնությունն արդեն տվել է։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման։ Պաշտոնական Երևանի տվյալներով՝ Արցախից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար բռնի տեղահանված անձ: