Մեր ամբողջ կենսագրությունը զրոյացավ․ Աննա Իսրայելյանի հուշերը 1988-ի և հետագայի մասին

Հասմիկ Հովհաննիսյան

«Բնապահպանական ծայրահեղականությունը ինձ մոտ հասել էր այն աստիճանի, որ 1988-ի մայիսի 1-ի շքերթին ես հրապարակ էի մտել «Փակել բոլոր գործարանները» պաստառով։ Հիմա հասկանում եք, չէ՞, թե դա ինչ ծիծաղելի է։ Այդ ժամանակ քաշքշեցին, պաստառը ձեռքիցս խլում էին։ Ես ինձ հերոս էի զգում»։

Լրագրող Աննա Իսրայելյանը ծնվել է 1966-ի նոյեմբերի 4-ին, Երևանում։ 1984-1989-ին սովորել է Երևանի պետական համալսարանի Բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ Չորրորդ կուրսում էր, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը։ Մինչ այդ արդեն նա մասնակցում էր Հայաստանում սկսված բնապահպանական շարժմանը։ Աննա Իսրայելյանի խոսքով՝ Բանասիրության ֆակուլտետը շարժման էպիկենտրոնում էր` սկսած բնապահպանական ցույցերից։

Շարժման սկիզբը

«Մի անգամ էլ այդ մեջբերումը արեցի` եթե երիտասարդ ես ու հեղափոխական չես, ուրեմն սիրտ չունես, իսկ եթե տարեց ես ու հեղափոխական ես, ուրեմն խելք չունես։ Ղարաբաղի և բնապահպանության թեմաները զուգահեռ էին ընթանում։ Բնապահպանական շարժման առաջնորդող ուժը Տիգրան Պասկևիչյանն էր։ Ես որոշում ընդունող չեմ եղել, պարզապես մասնակից էի։ Իսկ Ղարաբաղ կոմիտեի անդամները ինձ համար կիսաստվածներ էին։ Բնապահպանական ծայրահեղականությունը հասել էր այն աստիճանի, որ 1989-ի մայիսի 1-ի շքերթին հրապարակ էի մտել «փակել բոլոր գործարանները պաստառով»։ Ես ինձ համարյա հերոս էի զգում։ Սրբորեն հավատացած էի, որ դա՝ (գործարանները) ինչ-որ դավադրություն է մեր գենոֆոնդը շարքից հանելու համար։ Կար սրբորեն ինչ-որ բանի հավատալու ցանկություն»։

1988-ի մայիսին հայաստանյան բուհերի ուսանողները Օպերայի և բալետի թատրոնի աստիճանահարթակին կազմակերպեցին նստացույց՝ պահանջելով Գերագույն խորհրդի նստաշրջան հրավիրել և քննարկել ԼՂԻՄ ներկայացուցիչների դիմումը Հայաստանի հետ վերամիավորվելու մասին: Աննա Իսրայելյանը ցուցարարների այն խմբի մեջ էր, որը գնացել էր Գերագույն խորհուրդ` բանակցությունների: Օպերայի աստիճանների վրա նստացույցը նախաձեռնել էր Բանասիրության ֆակուլտետը։

1988-ի մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հարապետության 70-ամյակի օրը, Օպերայի հրապարակում անցկացվեց հանրահավաք: Մովսես Գորգիսյանն առաջին անգամ ծածանեց հայոց եռագույնը։

«Հիշում եմ՝ այդ հանրահավաքին առաջին անգամ խոսվեց, որ Ղարաբաղի հարցի լուծումը հնարավոր է միայն, եթե Հայաստանը Խորհրդային Միության կազմից դուրս գա։ Դա այնքան արտառոց գաղափար էր, որ մարդիկ սուլեցին։ Բայց մարդիկ կային, օրինակ՝ Վազգեն Մանուկյանը, որոնք շատ լավ հասկանում էին, որ սա է ճիշտ ուղղությունը»։

Ուսանող-հեղափոխականից՝ անկախ Հայաստանի լրագրող

Շարժումից կարճ ժամանակ անց Աննա Իսրայելյանը սկսեց աշխատել նոր անկախացած հանրապետության մամուլում: Թղթակցում էր «Հայք» և «Ազգ» թերթերին: «Հայք»-ը ՀՀՇ-ի՝ իշխող կուսակցության պաշտոնաթերթն էր։ Իսրայելյանը ներկա էր լինում կուսակցության բոլոր բաց նիստերին: Նրա խոսքով՝ քննարկումների ժամանակ տարակարծություններ և անգամ թեժ վեճեր էին լինում․ «Շարժումը շատ բազմադեմ էր։ Օրինակ՝ սեփականաշնորհման վերաբերյալ ներսում շատ խիստ բանավեճեր էին ընթանում։ Տիգրան Սարգսյանը, Դավիթ Վարդանյանն ընդդեմ Հրանտ Բագրատյանի»։

Հետոն

«Նրանց իշխանության գալուց հետո ուրախությունը վերացավ։ Մենք նրանց վերաբերվում էինք իբրև մեզնից վերև կանգնածների։ Նրանք պարզապես իրենց հետագա գործողություններով ցույց տվեցին, որ մարդիկ են, որոնք կարող են սխալվել, կարող են փառասիրություն ունենալ, ստացած իշխանությունը փորձել ծառայեցնել իրենց։ Այդ իմաստով հիասթափությունը գուցե անխուսափելի էր։ Նրանք արդեն հեղափոխական առաջնորդներ չէին, այլ ունեին իշխանություն, որը այլասերում է մարդուն»։

1988-ը՝ որպես հիշողություն

«Ի վերջո՝ այս շարժումը ամենակարևոր խնդիրը լուծեց։ Մենք ցույց տվեցինք, որ դա (Լեռնային Ղարաբաղը) վիճարկվող տարածք է։ Խորհրդային Միությունից դուրս գալու պայմաններում Ադրբեջանը արդեն վերահսկողություն չուներ Արցախում, և սա նաև այս շարժման ամենամեծ արդյունքն էր, որը, ցավոք, վերջին տարիներին մսխվեց։ 1992-ին ես որդի ունեցա։ Նավթի վառարանը վառվում էր, ու մուրը նստում էր նորածին երեխայիս դեմքին։ Անգամ այդ պարագայում երբեք չէի զղջում, որ 1988-ին որպես ուսանող այդ շարժման մասնակից դարձա, որովհետև ես գիտեի՝ ինչի համար է դա արվում։ Նաև դրա համար եմ ծանր տանում, որովհետև մեր ամբողջ կենսագրությունը զրոյացավ»։

Կարդացեք նաև՝

Խորհրդային դիսիդենտների պատմությունից․ Ազատ Արշակյան

Հայ այլախոհների պատմությունից․ Արսեն Ղազարյան

Հայ այլախոհների պատմությունից․ Պարույր Հայրիկյան

1988-ի շարժումը․ ուսանողական հիշողություններ

Պերեստրոյկա, բնապահպանություն և Ղարաբաղյան շարժում․ Տիգրան Պասկևիչյանի հուշերից

Դիտեք նաև՝

Մեկնաբանել